Փոքրիկներ ջան,
Cityzen մասնագիտությունների մանկական քաղաքում տեղի ունեցավ մեր մայրենի, մաթեմատիկա և ռուսաց լեզու առարկաների մրցույթների եզրափակիչ փուլը։
Մրցույթներին մասնակցել էին ավելի քան 500 փոքրիկ 3-րդ դասարանցի Երևանից ու Հայաստանի տարբեր մարզերից։ Մեր առաջնային նպատակներից մեկը՝ հասանելի լինել բոլորին, համարում ենք հաջողված։
Երկրորդ՝ եզրափակիչ փուլ էին անցել 15 աշակերտ, ովքեր ամենաբարձր միավորներն էին հավաքել 1-ին փուլի ընթացքում և ամենաարագը լուծել առաջադրանքները։ Եզրափակիչ փուլը տրամաբանական խնդիրներից էր կազմված՝ ստուգելու համար մեր փոքրիկների տրամաբանելու, վերլուծելու կարողությունները։
Առաջադրանքները լուծելուց հետո, մինչ մեր թիմը կստուգեր և կհրապարակեր արդյունքները, Cityzen-ը իրական տոն էր կազմակերպել երեխաների համար։ Նրանք այստեղ տարբեր մասնագիտություններ փորձարկեցին. փոքրիկներն իրենց ձեռքերով շոկոլադ պատրաստեցին, եղան հրշեջներ ու բժիշկներ, ոստիկաններ ու դերձակներ, անգամ մոռացել էին, որ դեռևս մրցութային արդյունքներ պետք է հրապարակվեն։
ԻմԴպրոցի մյուս կարևոր նպատակներից մեկը՝ սովորելը դարձնել տոն ու սիրելի զբաղմունք, գիտելիքի ձեռքբերումը ապահովել հետաքրքրաշարժ խնդիրներով և թույլ տալ աշակերտներին բացահայտել ու զգալ գիտելիքի ուժն ու հաղթանակի բերկրանքը, ևս համարում ենք կատարված։
Իսկ հիմա մեր հաղթողների անունները՝
1-ին հորիզոնական՝ Մարի Սեդրակյան, Երևանի թիվ 187 միջնակարգ դպրոց։
2-րդ հորիզոնական՝ Սուրեն Օրդյան, Երևանի Դավիթ Հովսեփյանի անվան թիվ 191 դպրոց։
3-րդ հորիզոնական՝ Վլադիկ Վարդանյան, Երևանի Դավիթ Հովսեփյանի անվան թիվ 191 դպրոց։
1-ին հորիզոնականը զբաղեցրած մեր գեղեցկուհի Մարին որպես մրցանակ ստացավ սմարթֆոն, իսկ մեր շատ սիրելի ու արդեն հարազատ Սուրենն ու Վլադիկը՝ դյուրակիր բարձրախոսներ (Bluetooth Speaker)։
Մյուս բոլոր մասնակիցները ևս ստացան պատվոգրեր։ Ինչպես նաև մասնակցության վկայականներ կստանան 1-ին փուլի բոլոր մասնակից աշակերտներն այն էլեկտրոնային հասցեներին, որոնք նախապես նշել էին գրանցման հայտում։
ԻմԴպրոցի համար կարևոր է յուրաքանչյուր աշակերտի մասնակցությունը մեր կողմից կազմակերպված ցանկացած միջոցառմանը:
Եվ ուրեմն, հետևեք մեր նորություններին. մենք ձեզ համար դեռևս շա՜տ նոր անակնկալներ ունենք: