Մրցույթի հաղթողների պարգևատրություն

2018 թ. մարտի 29-ին կայացավ «ԻմԴպրոց» կրթական կայքի, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված «Մաթեմատիկա» առարկայի մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, մրցույթի մասնակից դպրոցների տնօրենները, հաղթող ճանաչված աշակերտները, նրանց ուսուցիչներն ու ծնողները:

Միջոցառումը սկսվեց ԻմԴպրոց կայքի գործադիր տնօրեն Անի Հակոբյանի ողջույնի խոսքով: Այնուհետև ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը շնորհավորեցին մրցույթի կազմակերպիչներին ու հաղթող աշակերտներին:

«ԻմԴպրոց» կայքը պլանշետներ հանձնեց մրցույթում հաղթող դարձած Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոցի 5-րդ «Բ» դասարանի և Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցի 6/3 դասարանի բոլոր աշակերտներին, իսկ հաղթող դասարանների մաթեմատիկայի ուսուցիչները՝ Գայանե Գրիգորյանն (Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոց) ու Աննա Սմբատյանը (Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոց), ստացան նոթբուքներ:

ԻմԴպրոցն առանձնացրել էր նաև անվանակարգեր, որոնք նախապես հայտարարված չէին: Դա մեծ անակնկալ էր հաղթողների համար:

Մրցույթի շրջանակներում «Լավագույն համագործակցող տնօրեն» ճանաչվեց Երևանի Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցի տնօրեն Լուսինե Դանիելյանը, «Լավագույն համագործակցող դպրոց» ճանաչվեց Երևանի Դավիթ Հովսեփյանի անվան թիվ 191 դպրոցը, իսկ «Լավագույն համագործակցող ուսուցիչ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Երևանի Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոցի ուսուցիչ Նարինե Մինասյանը: Նրանց ևս շնորհվեցին պատվոգրեր և նվերներ:

Միջոցառումն անցավ ջերմ մթնոլորտում, որն ԻմԴպրոցի հերթական ձեռքբերումն էր:

«ԻմԴպրոց» կայքը շնորհավորում է և շնորհակալություն հայտնում մրցույթի բոլոր մասնակիցներին: Դուք մրցեցիք միայն և միայն գիտելիքի դաշտում:

Թող ձեռքբերումներն ու հաղթանակները լինեն շարունակական:

 

 

 

Հրապարակված է