Շնորհավո՜ր,
Մեր շատ սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ և մրցույթի մասնակից դպրոցների բոլոր օգտատերեր,
Այսպիսով, իր ավարտին մոտեցավ բոլորի կողմից շատ սիրված ամենամյա մրցույթը՝ «Մաթեմատիկա» առարկայից:
Ամփոփելով մրցույթի արդյունքները` հայտնում ենք Ձեզ, որ մասնակից 73 դասարաններից 5-րդ դասարանների շարքում հաղթող է ճանաչվում Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցի 5-րդ «Բ» դասարանը՝ վաստակելով 33.28 միավոր, իսկ 6-րդ դասարանների շարքում՝ Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի 6-րդ «3» դասարանը՝ վաստակելով 35.94 միավոր:
«ԻմԴպրոց» կայքը շնորհավորում է բոլոր մասնակիցներին: Ձեր մասնակցությունն արդեն իսկ մեծ հաղթանակ է: Ձեր անձնվեր և տոկուն աշխատանքի շնորհիվ ստեղծվեց առողջ մրցակցային միջավայր՝ ուղղված միմիայն գիտելիքի և բազմապիսի հմտությունների ձեռքբերմանը:
Ձեր հաղթանակի հիմնական գրավականը Ձեր համախմբված աշխատանքն էր, որ ընդամենը մի քանի ամիսների ընթացքում ցույց տվեց տպավորիչ արդյունքներ:
Մենք փորձեցինք կրթությունը դարձնել հասանելի, իսկ գիտելիքը՝ դյուրին յուրաքանչյուր մասնակից աշակերտի համար՝ տալով Ձեզ՝ մեր սիրելի երեխաներ, հնարավորություն զգալու գիտելիքի ուժը և նրա շնորհիվ նորանոր բարձրունքներ գրավելու բերկրանքը: Հպարտությամբ կարող ենք ասել, որ ընկերական և թիմային միջավայր ստեղծվեց ոչ միայն անհատապես յուրաքանչյուր դպրոցում, այլև ստեղծվեց մի ամբողջական մեծ ընտանիք բոլոր մասնակից դպրոցներից:
Իսկ այս ուրախ օրով ուզում ենք շեշտել, որ ամեն ինչ սկսվում և ավարտվում է կրթությամբ, կրթությունն է ամեն ինչի գոյության առանցքը:
Մենք շարունակելու ենք կյանքի կոչել նոր գաղափարներ՝ ընդգրկելով ՀՀ տարածքի բոլոր աշակերտներին և տալով որակյալ կրթության հավասար հնարավորություններ յուրաքանչյուր երեխայի: