Ապրիլի 13-ին «ԻմԴպրոց» կայքի աշխատակազմը և իր գործընկեր՝ ռուսաստանյան «Սկոլկովո» ծրագրի ռեզիդենտ «Յակլասս» կրթական կայքի ներկայացուցիչները այցելեցին Վայոց Ձորի մարզ` սեմինար-քննարկում անցկացնելու դպրոցի տնօրենների և ուսուցիչների հետ:
Մարզի դպրոցներում դեռևս հունվար ամսից հաջողությամբ իրականացվում է ՀՀ կառավարության կողմից հաստատված «Մեկ երեխա` մեկ համակարգիչ» ծրագիրը, որի շրջանակներում մարզի բոլոր 1-ին դասարանցիներին ու դասվարներին հատկացված պլանշետներում տեղադրվել է «ԻմԴպրոց» կրթական կայքի հղումը` որպես ամենօրյա ուսուցման գործընթացում օգտագործելու արդյունավետ և առաջադեմ միջոց:
Մարզում կազմակերպվեց երկու զուգահեռ հանդիպում՝ դպրոցների տնօրենների և 1-ին դասարաններում դասավանդող դասվարների հետ:
Տնօրենների հետ հանդիպմանը ելույթ ունեցավ «Յակլասս» կրթական կայքի զարգացման գծով տնօրեն տիկին Ալիսա Կլիման: Նա ներկայացրեց Ռուսաստանի առցանց ուսուցման հարուստ փորձը և դրա առավելությունները: Նա նշեց. «Տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) օգտագործումը ուսուցման մեջ ժամանակակից կրթության հրամայական է: ՏՀՏ-ները ինքնանպատակ չեն, դրանք շատ արդյունավետ ուսուցման միջոց և գործիք ենու թույլ են տալիս հասնել բարձր կրթական արդյունքների: «ԻմԴպրոց» կրթական կայքը միջազգային նախագիծ է` ստեղծված պրոֆեսիոնալների կողմից, որի փիլիսոփայական հենքն է այն է, որ յուրաքանչյուր երեխա կարող է սովորել լավ, եթե նրա համար ստեղծվի ուսումնական խրախուսող միջավայր: Այդ իսկ պատճառով ԻմԴպրոցն առաջարկում է նմանօրինակը չունեցող, էլեկտրոնային նորագույն ուսումնական միջավայր, որում երեխան ամբողջությամբ կենտրոնանում է ուսումնական նյութի շուրջ և իր յուրաքանչյուր րոպեն ծախսում է սովորելու վրա: Կայքում արդեն 300000-ից ավել առաջադրանք կա և դրանք անընդհատ համալրվում են: Ինչպես մեր երկրի, այնպես էլ Ձեր փորձը՝ թեև կարճատև, արդեն ապացուցել են, որ այս կրթական համակարգը շատ է դուր գալիս երեխաներին, իրապես նպաստում է նրանց առաջանթացին և մեծ օգնություն է ուսուցիչներին»:
Այնուհետև ելույթ ունեցավ բազմաթիվ նորարարական կրթական նախագծերի հեղինակ, «Յակլասս» կայքի ծրագրերի ղեկավար Յուրի Յակովլևը: Նրա խոսքը հետաքրքիր էր և բովանդակալից: Անդրադառնալով ԻմԴպրոց կայքին՝ պարոն Յակովլևը նշեց, որ այն կարելի համարել լիակատար հեղափոխություն ներկայիս գերժամանակակից աշխարհում.
«Դա այն է համակարգն է, երբ ցանկացած անձ կարող է սովորել երբ, որտեղ և ինչպես իրեն հարմար է…ԻմԴպրոցն ուղեղի վարժանքի յուրօրինակ առցանց «մարզասարք է»: Ինչքան շատ առաջադրանքներ է կատարում երեխան, այնքան շատ միավորներ է հավաքում և այնքան ավելի է ոգևորվում, քանի որ իր աչքով տեսնում է իր հաջողությունները: Համոզված եղեք, որ երբ երեխան ավարտում է որևէ թեմայից առաջադրանքների կատարումը, նա խորապես յուրացնում է այն և ձեռք է բերում խորը գիտելիքներ: Իսկ դա թե՛ երեխայի, թե՛ ծնողի, և թե՛ ուսուցչի համար ամենամեծ մոտիվացիան է՝ համոզված լինել, որ երեխան իրապես հասկանում է ու լիովին տիրապետում է անհրաժեշտ գիտելիքների ու հմտությունների: Կհարցնեք, թե ինչու՞ է «ԻմԴպրոց» կայքը համարվում աշակերտի ընկերը և ուսուցչի օգնականը. որովհետև այն գնահատում է երեխաներին` ըստ իրենց հնարավորությունների: Ռուսաստանում այս կայքը մեծ հաջողություններ է արձանագրել, ինչը և ցանկանում եմ հայ գործընկերներին»:
Այնուհետև հյուրերը պատասխանեցին ներկաների հարցերին: Ծավալվեց բուռն ու կառուցողական բանավեճ:
ԻմԴպրոց կայքի թիմը նաև ուսուցողական պարապմունքներ անցկացրեց դպրոցների դասվարների համար` մանրամասն ներկայացնելով կայքում գրանցվելու ընթացակարգը, ստուգողական և սեփական աշխատանքների ստեղծման եղանակները, Իմ+ բաժանորդագրության առավելությունները: