«ԻմԴպրոց» կայքի թիմը հունվարի վերջին այցելեց Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր և Վայք քաղաքներ, որտեղ անցկացվեցին սեմինար պարապմունքներ դասվարների հետ:
Հիշեցման կարգով նշենք, որ ՀՀ կառավարության կողմից հաստատված «Մեկ երեխա՝մեկ համակարգիչ» ծրագրի շրջանակներում Վայոց Ձորի մարզի բոլոր դպրոցների առաջին դասարանների աշակերտներին և դասվարներին տրամադրվել են ԱրմԹաբ պլանշետներ (գրասալիկներ): Պլանշետների վրա տեղադրված են բազմաթիվ էլեկտրոնային ռեսուրսներ և, մասնավորապես, «ԻմԴպրոց» կայքի նշանը, որը հնարավորություն է տալիս ուսուցիչներին և աշակերտներին միանգամից մուտք գործել կայք և օգտագործել այն ուսումնական գործընթացում: Մեր կազմակերպության աշխատակից Վ.Բաղդասարյանը դասվարներին հենց իրենց պլանշետների վրա հանգամանորեն ներկայացրեց «ԻմԴպրոց» կայքի ֆունկցիոնալները, հնարավորությունների շրջանակը և առավելությունները, ինչպես նաև ծանոթացրեց կայքում աշխատելու հմտություններին:
Թերևս տեղին է նշել, որ տեխնոլոգիական առաջընթացը, ինտերնետը, ժամանակակից սարքերը՝ համակարգիչները, սմարթ հեռախոսները, գրասալիկները, վաղուց մուտք են գործել մեր կյանք: Մեր երեխաները շատ վաղ, դեռևս նախադպրոցական տարիքից են ընկղմվում տեխնոլոգիաների աշխարհ, ինչը դառնում է նրանց առօրյա կյանքի անբաժան մասը, գերող իրականությունը, հետաքրքրություններից ամենահետաքրքիրը: Ուսումնական գործընթացն այլևս անհնար է պատկերացնել առանց տեխնոլոգիաների:
«ԻմԴպրոց» կայքը, որը նորություն է հայաստանյան կրթական համակարգում ու նոր մոտեցում ուսմանը, երեխաներին հնարավորություն է տալիս սովորել իրենց հարազատ միջավայրում: Այն առանձնակի կարևոր է հատկապես տարրական դպրոցի սովորողների համար, որովհետև թույլ է տալիս նրանց ուսման առաջին իսկ տարիներից զարգացնել իրենց տեղեկատվական, հաղորդակցական հմտությունները, կատարել «ԻմԴպրոց» կայքի էլեկտրոնային շտեմարանի առաջադրանքները, սովորեցնում է սովորել ինքնուրույն ու մրցակցել համադասարանցիների հետ: ԻմԴպրոցը հնարավորություն է տալիս ուսուցչին անցկացնել իր դասը կամ հանձնարարել դասարանական, տնային և ստուգողական առաջադրանքներ, իսկ աշակերտներին՝ սովորել իրենց դասերը կամ կատարել հանձնարարված առաջադրանքները անմիջապես կայքում:
Սեմինարին ներկա ուսուցիչները մեծ հետաքրքրությամբ տեղեկացան նաև Իմ+ բաժանորդագրության հնարավորությունների, առավելությունների մասին, ծանոթացան առաջադրանքների, տեսական նյութերի կառուցվածքին: Բոլոր գրանցված ուսուցիչներին տրվեց 7-օրվա անվճար Իմ+ բաժանորդագրություն, որի ընթացքում նրանք կկարողանան առավել մանրամասն ուսումնասիրել կայքը՝ հետագայում ուսումնական գործընթացում ներդնելու համար:
«Ես գրանցել եմ իմ բոլոր աշակերտներին, նրանք մեծ ոգևորությամբ կատարում են առաջադրանքները, վաստակում միավորներ, փորձում տեղ զբաղեցնել դասարանների ԹՈՓ- ում: Կայքում աշխատելը բավականին դյուրին է, այն շատ լավ նախաձեռնություն է և հուսով եմ, որ շատերը կմիանան ԻմԴպրոցին», -- իր կարծիքը հայտնեց ինֆորմատիկայի ուսուցչուհի Լուսինե Գևորգյանը:
Առաջիկայում նախատեսված են նաև այցելություններ այլ մարզեր: