Առցանց ուսուցման նոր հնարավորություն Հայաստանում
2015թ. նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ «ԻմԴպրոց» կրթական կայքի շնորհանդեսը, որին մասնակցեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, դպրոցների տնօրեններ, կրթության ոլորտի մի շարք պատասխանատու անձինք` Կրթության Ազգային ինստիտուտի տնօրեն քաղաքապետարանի Կրթության վարչության պետ Գ. Սողոմոնյանը, ԵՊՀ և Լեզվաբանական համալսարանի դասախոսներ, ինչպես նաև «ԻմԴպրոցի» գործընկեր՝ YaKlass կազմակերպության գլխավոր տնօրեն Վալերի Նիկիտինը, ով ներկայացրեց կայքի ստեղծման պատմությունը, հնարավորությունները և շնորհավորեց ներկաներին «ԻմԴպրոցի» մեկնարկի կապակցությամբ:
«ԻմԴպրոցը» ինտերնետ պորտալ է նախադպրոցականների, դպրոցականների, ուսուցիչների, ծնողների և այլ հետաքրքրված անձանց համար: Այն իր բացառիկությամբ նոր խոսք է կրթության բնագավառում և նոր մոտեցում ուսուցմանը, որը հնարավորություն է տալիս երեխաներին սովորել հետաքրքրությամբ, ինքնուրույն կատարել առաջադրանքները, հեշտությամբ յուրացնել ուսումնական նյութը և արագ առաջադիմել: Ըստ էության, այն էլեկտրոնային շտեմարան է, որը պարունակում է հսկայական թվով առաջադրանքներ, թեստեր ու տեսական նյութեր դպրոցական տարբեր առարկաներից և հիմնված է ՀՀ պետական առարկայական ծրագրերի վրա:
«Երբ միջազգային կորպորացիաները մուտք են գործում մեր երկիր, նշանակում է՝ հետաքրքրված են մեր կրթական համակարգով, իր բացման խոսքում նշեց նախարարը: Միջազգային փորձի շնորհիվ ավանդական դասավանդման մեթոդները համակցվում են նորարարությունների հետ: Իհարկե, կյանքն իր տեխնոլոգիական զարգացումներով ավելի հարուստ է, քան մեր պատկերացումները: Այն, ինչ ունենք այսօրվա կրթական համակարգում, թույլ է տալիս ասելու, որ համացանցում հայալեզու բովանդակությունն իրողություն է եւ հասանելի է ոչ միայն հայաստանցիներին, այլեւ սփյուռքի մեր հայրենակիցներին»:
«ԻմԴպրոցը» լիովին համապատասխանում է երեխաների ներկայիս պահանջներին, քանի որ այն հիմնված է ժամանակակից տեխնոլոգիական լուծումների վրա՝ հնարավորություն տալով սովորել ցանկացած համակարգչային սարքով, ներառյալ սմարթ հեռախոսով և պլանշետով: «ԻմԴպրոցի» օգնությամբ ուսուցիչները կարող են հանձնարարել դասարանական և տնային աշխատանքներ, իսկ աշակերտները` կատարել դրանք առցանց եղանակով:
«ԻմԴպրոցը» համագործակցում է YaKlass կայքի հետ, որը գործում է Լատվիայում, Ռուսաստանում, Բելառուսում, Ուկրաինայում, Գերմանիայում և Ավստրիայում: Այդ երկրների տասնյակ հազարավոր դպրոցներ արդեն կիրառում են այդ համակարգը և զգալի առաջընթաց են գրանցել իրենց ուսումնական գործընթացում:
ԻմԴպրոց կրթական ռեսուրսում արդեն կան առաջադրանքներ Հայոց լեզու, Մաթեմատիկա, Հանրահաշիվ, Երկրաչափություն, Ֆիզիկա, Քիմիա, Ինֆորմատիկա և Անգլերեն լեզու առարկաներից: Աշխատանքները շարունակվում են և կայքը շարունակաբար համալրվելու է նոր առարկաներով և նյութերով:
Կրթական ռեսուրսի հիմքում ընկած է Genexis տեխնոլոգիան, որը թույլ է տալիս գեներացնել նույն առաջադրանքի հարյուրավոր տարբերակներ: Այդպիսով, դասարանում և նույնիսկ դպրոցում յուրաքանչյուր աշակերտ կունենա առաջադրանքի իր անհատական տարբերակը:
YaKlass-ի գլխավոր տնօրեն Վալերի Նիկիտինը նշեց իր խոսքում «Այն պետությունները, որոնք ցանկանում են ունենալ առաջադեմ կրթական համակարեր, արդեն ներդրել են նման էլեկտրոնային համակարգեր դպրոցներում: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշակերտների սերունդն ապրում է տեխնոլոգիաների աշխարհում և մենք պատասխանատու ենք նրա համար, որ այդ ամենն ուղղորդեք նրանց կրթությանը և զարգացմանը: Այդ ընտրության առջև են այսօր տարբեր երկրների կրթության նախարարությունները, մասնավոր և պետական դպրոցները, որոնք աշխատում են մեզ հետ՝ ձգտելով ներդնել մեր համակարգը»: