Քիմիական միացությունների մոլեկուլները որոշակի հաջորդականությամբ միմյանց կապված ատոմների համախումբ են:
Նյութերի քիմիական հատկությունները պայմանավորված են քիմիական կապերի տեսակով, կապ առաջացնող ատոմների բնույթով և մոլեկուլում դրանց փոխազդեցությամբ:

Հին ժամանակներից սկսած՝ գիտնականները փորձում են պարզել, թե ինչպես են կառուցված նյութերը, ինչպե՞ս և ինչու՞ են ատոմները միանում, և ի՞նչ ուժեր են նրանց իրար մոտ պահում:

\(XX\) դարում ֆիզիկոսները պարզեցին, որ ատոմները կապվում են էլեկտրական լիցք ունեցող մասնիկներով` արտաքին էներգիական մակարդակի էլեկտրոններով, որոնք ձգվում են կապվող ատոմների դրական միջուկների կողմից: Հետևաբար, ատոմները կապող ուժերը էլեկտրական բնույթի են:
Ատոմների կապը մեկը մյուսի հետ անվանում են քիմիական կապ:
Քիմիական   կապը փոխազդեցություն է էլեկտրոնների և միջուկների միջև,
որը հանգեցնում է մոլեկուլում ատոմների միացմանը:
Քիմիական կապն ատոմների փոխազդեցություն է, որն ուղեկցվում է էներգիայի անջատումով:
Այդ էներգիան կազմում է  \(40\)-ից մինչև \(1000\)կՋ/մոլ: Էներգիայի այդպիսի լայն միջակայք հնարավոր է տարբեր փոխազդեցությունների պատճառով, որոնք ներկայումս հիմնականում դասակարգվում են որպես կովալենտային,իոնային և մետաղային կապեր:
Կովալենտային կապ առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև:
Իոնային կապ առաջանում է մետաղների և ոչ մետաղների ատոմների միջև:
Մետաղական կապ առաջանում է մետաղական պարզ նյութերում և համաձուլվածքներում: