
















Կրկնակ բաղաձայնների արտասանությունը և ուղղագրությունը
Եթե բառի մեջ որևէ բաղաձայն հնչյուն տևական արտասանություն ունի, գրվում է կրկնակ տառերով, օրինակ` այբբենարան, իններորդ, ուղղել, Էմմա, Աննա, Ստելլա և այլն:
Հայերենում կրկնակ բաղաձայնով գրվող բառերը կարելի է բաժանել մի քանի խմբի.
1. Նմանաձայնական և բնաձայնական բառեր` բզզոց, դզզալ, տզզոց, ճռռալ, կռռոց, վշշալ, ֆշշոց և այլն:
2. Արմատի կազմում կրկնակ բաղաձայն ունեցող բառեր՝ անդորր, բերրի, ծծումբ, շշուկ, տարր:
3. Հնչյունափոխության հետևանքով առաջացած բառեր`
զնին - զննել, զննություն, զննական. ի-ն սղվել է, բայց` մանրազնին, խորազնին.
հովիվ - հովվի, հովվական. ի-ն սղվել է.
մրուր - մրրիկ, մրրկահողմ. ու-ն սղվել է.
պտույտ - պտտել, պտտահողմ. ույ-ը սղվել է, բայց` պտուտակ.
տարեր - տարրական, այլատարր. ե-ն սղվել է, բայց` տարերք.
ուղիղ - ուղղություն, ուղղական, ուղղամիտ, ուղղում. ի-ն սղվել է.
քնին - քննել, քննություն, քննական. ի-ն սղվել է, բայց` խորաքնին, մանրաքնին.
օրոր - օրրան, բնօրրան. ո-ն սղվել է.
ինը թվականից կազմված բառեր` իննական, իննսուն, իններորդ, իննամսյա, տասնիններորդ, երեսունիննամյա:
4. Բառակազմության հետևանքով առաջացած բառեր`
այբ + բեն + արան = այբբենարան, բեր + րի = բերրի, ընդ + դեմ + ություն= ընդդիմություն, երես + սրբիչ = երեսսրբիչ, երկ /ու/+ կենցաղ = երկկենցաղ, եր /եք/ + րորդ = երրորդ, չոր/ս/ + րորդ = չորրորդ, ան + նահանջ = աննահանջ, ան + նկատ = աննկատ, սուն + ունդ +արար = սննդարար, ծին + ունդ + յան= ծննդյան և այլն:
5. Քերականական տարբեր մասնիկների ավելացումից առաջացած բառեր`
ներ հոգնակիակերտ մասնիկի հավելումով բառեր` սեղան + ներ = սեղաններ, մատյան + ներ = մատյաններ, պատճեն + ներ = պատճեններ. վ կրավորական ածանցով բառեր (բայեր)`
գրավել - գրավվել, խորովել - խորովվել, վրդովել - վրդովվել, հոլովել - հոլովվել, նզովել - նզովվել.
6. Մի շարք հատուկ անուններ`Աննա, Ժաննա, Էմմա, Հովհաննես, Ստելլա.
7. Օտարներից վերցված մի քանի բառեր և հատուկ անուններ` բալլադ, հելլեն, մոլլա, տոննա, ֆինն, Աքիլլես, Բոնն, Բուդդա, Վիեննա:
Ուշադրություն
Կան բառեր, որ գրվում են կրկնակ բաղաձայնով, սակայն արտասանելիս այդ բաղաձայնների միջև գաղտնավանկի ը է լսվում.
Օրինակ
դդում - արտասանվում է` ԴԸԴՈՒՄ, թթու, արտասանվում է` ԹԸԹՈՒ, կկու, արտասանվում է` ԿԸԿՈՒ, կկոցել, արտասանվում է` ԿԸԿՕՑԷԼ, խխունջ, արտասանվում է` ԽԸԽՈՒՆՋ, ննջել, արտասանվում է` ՆԸՆՋԷԼ, շշնջալ, արտասանվում է` ՇԸՇԸՆՋԱԼ, լույսս, արտասանվում է` ԼՈՒՅՍԸՍ (իմ լույսը), լյարդդ՝ արտասանվում է՝ ԼՅԱՐԴԸԴ (քո լյարդը):