
















ԵՐԿՀՆՉՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՍԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայերենում երկհնչյունը յ կիսաձայնի և որևէ ձայնավորի միացությունն է: Հայերենի երկհնչյուններն են` այ, յա, ույ, յու, ոյ, յո, եյ, յի, բառասկզբում և ձայնավորից հետո նաև ե (կարդացվում է` ՅԷ): Հայերենում սովորաբար երկհնչյունները գրվում են այնպես, ինչպես արտասանվում են: Բայց այս կանոնից շեղումներ կան:
Յա լսելիս սովորաբար գրվում է յա` երկաթյա, եղյամ, անցյալ, առօրյա, վայրկյան և այլն:
Սակայն՝
1. Յա երկհնչյունը իա է գրվում.
ա) հետևյալ հայերեն բառերում` բամիա, դաստիարակ, հեքիաթ, ծիածան, կրիա, խավիար, փասիան.
բ) օտար լեզուներից փոխառյալ բառերում` ակադեմիա, արիա, բիլիարդ, էներգիա, քիմիա, էքսկուրսիա, միլիարդ, օլիմպիադա և այլն.
գ) աշխարհագրական անուններում` Ասիա (աշխարհամաս), Անգլիա, Ավստրալիա, Կիլիկիա,
Մալաթիա, Եդեսիա, Շվեդիա, Սոֆիա (Բուլղարիայի մայրաքաղաքը), Վիկտորիա (լիճ և ջրվեժ).
դ) հին ժամանակներից եկող մի քանի անձնանուններում`
Անանիա, Ազարիա, Ամասիա, Արփիար, Բունիաթ, Բենիամին, Երեմիա, Եղիա, Եղիազար, Զաքարիա, Սուքիաս, Մարիամ:
Ուշադրություն
Մնացած անձնանունները գրվում են յա-ով` Ասյա, Արաքսյա, Ամալյա, Գալյա, Իլյա, Լիլյա, Լյուսյա, Մարուսյա, Մելանյա, Մետաքսյա, Օլյա, Օֆելյա, Վոլոդյա և այլն:
2. Յա երկհնչյունը եա է գրվում` հրեա, սեանս, իդեալ, Անդրեաս բառերում:
3. Լսվող օյ երկհնչյունը գրվում է ոյ` խոյ, գոյ, հոբոյ, Նոյ:
4. Լսվող յո-ն գրվում է իո` ամբիոն, բրաբիոն, ռադիո, միլիոն, հետիոտն, Պիոն:
5. Լսվող յո-ն գրվում է եո` ակորդեոն, լեգեոն, քամելեոն, Էլեոնորա, Նապոլեոն:
6. Լսվող յե-ն գրվում էիե` Գաբրիել, Դանիել, Տարիել, Մարիետա, Ջուլիետա :