Հնչյուն և տառ
     Ուշադրություն դարձրե՞լ ես, թե որքան շատ ձայներ կան մեր շուրջը: Մենք շարունակ տարբեր ձայներ ենք լսում՝ թռչունների ճռվողյուն, շների հաչոց, կատուների մլավոց, բեռնատարների հռնդյուն, ջրի ճողփյուն, տերևների խշշոց.... Ու սրանց մեջ՝ նաև բակում խաղացող երեխաների կանչեր. «Գո՜լ», «Ուռա՜»....: 
    
   Հիմա կասես. «Այս վերջիններն ի՞նչ ձայներ են, դրանք բառեր են»: Այո՛, բառեր են, բայց կազմված են յուրահատուկ ձայներից, որոնք կոչվում են հնչյուններ: Իսկ ինչո՞ւ յուրահատուկ: Որովհետև այդ ձայներն արտասանում և դրանցով բառեր ու նախադասություններ են կազմում միայն մարդիկ:
Հնչյուններն այն յուրահատուկ ձայներն են, որ մարդիկ արտասանում են ու լսում:
Հնչյուններից կազմված բառերը գրելու համար օգտագործվում են հատուկ նշաններ՝ տառեր:
Տառը հնչյունի գրային պատկերն է: Մարդիկ տառերը գրում են ու կարդում:
Հնչյունների, դրանց գրավոր պատկերների, արտասանության ու գրության մասին ավելի մանրամասն կիմանաս, եթե դիտես տեսանյութը: