Բառի բաղադրիչները. արմատ և ածանց
Բառերը տարբեր կազմություն ունեն: Եթե համեմատենք ամպ, անամպ, ամպիկ, ամպածածկ, ամպանման բառերը, կնկատենք, որ դրանք տարբեր կազմություն ունեն, բայց բոլորի մեջ կա նույն ամպ բաղադրիչը: Այն արտահայտում է այդ բառերի հիմնական իմաստը և կոչվում է արմատ:
Բառի մեկ այլ բաղադրիչ է ածանցը: Սա այն մասնիկն է, որը բառին միանում է սկզբից կամ վերջից և նոր բառ կազմում: Այսպես՝ անամպ («առանց ամպի») և ամպիկ («փոքր ամպ») բառերում ան-ը և իկ-ը ածանցներ են: