Առարկա, հատկանիշ և գործողություն ցույց տվող բառեր
Բառերով անվանում ենք առարկա, առարկայի հատկանիշ և գործողություն:
\(1\). Առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյականներ:
Առարկա ասելով՝ հասկանում ենք անձ, իր, երևույթ, կենդանի:
Օրինակ՝ մարդ, երեխա, մարզիկ, սեղան, քաղաք, լույս, քամի, ամպրոպ, ձի, առյուծ:
Անձ ցույց տվող գոյականները պատասխանում են ո՞վ կամ ովքե՞ր հարցերին:
Իր, երևույթ և կենդանի ցույց տվող գոյականները պատասխանում են ի՞նչ կամ ինչե՞ր հարցերին:
Մարդկանց և վայրերին տրվող անունները կոչվում են հատուկ անուններ և գրվում են մեծատառով:
Օրինակ՝ Գայանե, Անուշ, Արփի, Լևոն, Արմեն, Ռազմիկ, Օշական, Մեղրի:
Գոյականն ունի եզակի և հոգնակի թիվ: Եզակի թիվը ցույց է տալիս մեկ առարկա:
Օրինակ՝ ափսե, երեխա, կատու:
Հոգնակի թիվը ցույց է տալիս մեկից ավելի միատեսակ առարկա:
Օրինակ՝ ափսեներ, երեխաներ, կատուներ:
Նախադասության մեջ գոյականները տարբեր ձևափոխությունների են ենթարկվում:
Օրինակ՝ փողոց, փողոցը, փողոցի, փողոցով, փողոցից, փողոցում:
\(2\). Առարկայի հատկանիշ ցույց տվող բառերը կոչվում են ածականներ:
Օրինակ՝ (ինչպիսի՞) մեծ, համեստ, ամուր, հատուկ, ամառային, քարե, սովորական:
\(3\). Առարկայի գործողություն ցույց տվող բառերը կոչվում են բայեր:
Բայերը պատասխանում են ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցերին:
Օրինակ՝ վազել, խոսել, կարդալ, հասկանալ:
Նախադասության մեջ բայերը փոփոխվում են:
Օրինակ՝ Ես կարդում եմ: Դու կարդացիր: Նրանք կկարդան: Մի՛ կարդա: