Նախադասություն
Համեմատի՛ր գրածները: Ի՞նչ նմանություն և ի՞նչ տարբերություն կա նրանց միջև:
Պապը շատ էր ծերացել:
էր պապը ծերացել շատ
Առաջինը նախադասություն է, որը միտք է արտահայտում:
ԱՅԴ Ե՞ՐԲ Է ԼԻՆՈՒՄ
Օրն է կարճանում,
Ծառն է մերկանում,
Անձրև է մաղում,
Քամին է խաղում:
Այդ ե՞րբ է լինում:
Այս ոտանավորի յուրաքանչյուր տողը մի նախադասություն է, որովհետև յուրաքանչյուր տողում խոսվում է որևէ բանի մասին, մի միտք է արտահայտվում:
Բառերի այն խումբը, որը միտք է արտահայտում, կոչվում է նախադասություն:
Ուշադրություն
Նախադասությունը սկսվում է մեծատառով, վերջում դնում ենք վերջակետ:
Նախադասության անդամներ
Երկնքում փայլում են աստղերը:
Այս նախադասությունը կազմված է երկնքում, փայլել, աստղերը բառերից, որոնք կոչվում են նախադասության անդամներ:
Նախադասության կազմի մեջ մտնող բառերը կոչվում են նախադասության անդամներ: