Պատահույթներ
Առօրյա կյանքում մենք ականատես ենք լինում տարբեր իրադարձությունների:
Օրինակ
Անձրև է գալիս, հայրիկը նոր հեռուստացույց է գնում, Հայաստանի շախմատի թիմը հաղթում է, քո ընկերը հիվանդանում է և այլն:
Այս իրադարձությունների մեջ առանձնացնենք երեք տեսակներ:
 
\(1)\) Իրադարձություններ, որոնք միշտ կատարվում են:
 
\(2)\) Իրադարձություններ, որոնք երբեք չեն կատարվում:
 
\(3)\) Իրադարձություններ, որոնք երբեմն կատարվում են, իսկ երբեմն էլ՝ ոչ:
 
Լավ հասկանալու համար այս գաղափարները, դիտարկենք զառը, որի նիստերի վրա տեղադրված են 1,2,3,4,5,6 թվերը:
 
зар1.jpg
 
Պատկերացնենք երեք իրադարձություններ՝
 
\(1)\) զառը գլորելուց բացվում է 1,2,3,4,5,6 թվերից որևէ մեկը,
 
\(2)\) զառը գլորելուց բացվում է 10 թիվը,
 
\(3)\) զառը գլորելուց բացվում է 6 թիվը:
 
Այս իրադարձություններից՝
 
- առաջինը հաստատ կկատարվի (զառը կկանգնի որևէ նիստի վրա և կբացվի 1,2,3,4,5,6 թվերից որևէ մեկը),
 
- երկրորդը երբեք չի կատարվի (զառի նիստերի վրա չկա 10 թիվը, ուստի անհնար է, որ 10 թիվը բացվի),
 
- երրորդը երբեմն կատարվում է, իսկ երբեմն էլ՝ ոչ (եթե բացվի 6-ը, ապա կկատարվի, իսկ եթե բացվի 1,2,3,4,5 թվերից որևէ մեկը, ապա՝ ոչ):
 
Առօրյա իրավիճակներում ևս իրադարձությունները նման են այս երեք տեսակներին: 
 
- «Ֆուտբոլիստի հարվածից վեր բարձրացած գնդակը կընկնի գետնին» իրադարձությունը միշտ կատարվում է,
 
- «Ֆուտբոլիստի հարվածից հետո գնդակը կթռնի 10 կիլոմետր» իրադարձությունը երբեք չի կատարվում,
 
- «Ֆուտբոլիստի իրացրած 11 մետրանոց հարվածը գոլ կլինի» իրադարձությունը կարող է կատարվել կամ՝ ոչ:
1) Իրադարձությունը կոչվում է հավաստի, եթե այն միշտ տեղի է ունենում:
 
2) Իրադարձությունը կոչվում է անհնար, եթե այն երբեք տեղի չի ունենում:
Մաթեմատիկայում կարևոր են երրորդ տեսակի իրադարձությունները, որոնք որոշակի պայմանների դեպքում կարող են տեղի ունենալ կամ տեղի չունենալ:
Այդպիսի իրադարձությունները կոչվում են պատահույթներ(պատահական իրադարձություններ):
Հաճախ մենք ինքներս կարող ենք ստեղծել պայմաններ և ստուգել, թե արդյո՞ք այս կամ այն իրադարձությունը տեղի ունի այդ պայմաններում:
Այդ դեպքում ասում են, որ կատարվում է պատահական փորձ:
 
Պատահական փորձն ունի տարբեր ելքեր և այն կարելի է կրկնել ցանկացած քանակությամբ:
Պատահական փորձերի օրինակներ են՝ մետաղադրամի կամ զառի նետումը, թիրախի վրա կրակելը, տուփից գնդիկ հանելը և շատ ուրիշներ:
Պատահական իրադարձությունները ուսումնասիրում է մաթեմատիկայի ճյուղերից մեկը, որը կոչվում է հավանականությունների տեսություն:
Հավանականությունների տեսության մեջ պատահույթները ընդունված է նշանակել լատիներեն մեծատառերով՝ A,B,C,D,X,Y,Z: Հավաստի իրադարձությունը նշանակում են հունարեն «օմեգա» մեծատառով՝ Ω, իսկ անհնար իրադարձությունը՝  նշանով:
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6-րդ դասարան, ՄԱՆՄԱՐ, 2012: