Տասնորդական կոտորակների կլորացումը
Ենթադրենք, թե ասֆալտապատման աշխատանքների կատարման համար չափել են փողոցի երկարությունը և ստացել 538,816 մ: Իհարկե, անհրաժեշտ ասֆալտի քանակությունը հաշվարկելիս սանտիմետրերն ու միլիմետրերը դեր չեն խաղում:
 
Այդ պատճառով ստացված թիվը կլորացնում են՝ նրա վերջին երկու կարգերում գրված թվերը փոխարինելով զրոներով և ապա ազատվելով այդ զրոներից՝ 538,800=538,8
 
Ստացված թիվը մոտավորապես է հավասար ճշգրիտ թվին՝ 538,816-ին:
 
Դա գրում են այսպես՝ 538,816538,8
 
Այս դեպքում տրված թիվը փոխարինվեց ավելի փոքր թվով: Այդ պատճառով ասում են, որ կլորացումը կատարվեց պակասորդով մինչև տասնորդականների կարգը:
Մինչև տվյալ կարգը պակասորդով կլորացման ժամանակ բոլոր թվանշանները, որոնք թվի գրառման մեջ գրված են տվյալ կարգից աջ, փոխարինվում են զրոներով:
Նույն 538,816 թիվը կարելի է կլորացնել նաև հավելուրդով՝ համարելով, որ 538,816538,9: Այս դեպքում մոտավոր թիվը կստացվի  տրվածից մեծ:
Մինչև տվյալ կարգը հավելուրդով կլորացման ժամանակ բոլոր թվանշանները, որոնք թվի գրառման մեջ գրված են տվյալ կարգից աջ, փոխարինվում են զրոներով, իսկ տվյալ կարգի թվին գումարվում է մեկ:
Մենք կատարեցինք նույն թվի կլորացում երկու եղանակներով՝ 538,800=538,8538,816538,9: Նախընտրելի է այն կլորացումը, որի ժամանակ ստացված թիվը տրվածից հնարավորինս քիչ է տարբերվում (դիտարկված օրինակում նախընտրելի է կլորացումը պակասորդով): Դրա համար պետք է վարվել հետևյալ կերպ՝ 
1) եթե թվի գրառման մեջ տվյալ կարգից աջ գրված են \(0, 1, 2, 3, 4\) թվանշաններից մեկը, ապա պետք է կատարել կլորացում պակասորդով
 
2) եթե թվի գրառման մեջ տվյալ կարգից աջ գրված են \(5, 6, 7, 8, 9\) թվանշաններից մեկը, ապա պետք է կատարել կլորացում հավելուրդով
Օրինակ
Կլորացնենք 892,7084 թիվը:
 
Եթե կլորացնենք մինչև հազարերորդականների կարգը, կստանանք 892,708
 
Եթե կլորացնենք մինչև հարյուրերորդականների կարգը, կստանանք 892,71
 
Եթե կլորացնենք մինչև տասնորդականների կարգը, կստանանք 892,7
Կլորացումը կարելի է շարունակել՝ ստանալով նաև բնական թվեր:
Օրինակ
Եթե կլորացնենք մինչև տասնավորների կարգը, կստանանք 893
 
Եթե կլորացնենք մինչև հարյուրավորների կարգը, կստանանք 900
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6-րդ դասարան, ՄԱՆՄԱՐ, 2012: