Ճշմարիտ և ոչ ճշմարիտ դատողություններ
Հաճախ իրար հետ խոսելիս մենք անում ենք ճշմարիտ և ոչ ճշմարիտ դատողություններ:
 
Օրինակ, ճշմարիտ են հետևյալ դատողությունները՝
  • Քառակուսու կողմերը իրար հավասար են
  • Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է
  • Երկուսին գումարած երկու հավասար է չորսի
Ոչ ճշմարիտ են հետևյալ դատողությունները՝
  • Ուղտը բնակվում է հյուսիսային բևեռում
  • Հայաստանի մայրաքաղաքը Գյումրին է
  • Երեքը մեծ է հինգից
Օրինակ
Հետևյալ դատողություններից ընտրենք ճշմարիտը:
 
ա) Ցանկացած միանիշ թիվ մեծ է ցանկացած եռանիշ թվից:
 
բ) Ցանկացած երկնիշ թիվ փոքր է \(50\)-ից:
 
գ) Ցանկացած եռանիշ թիվ մեծ է \(200\)-ից:
 
դ) Ցանկացած միանիշ թիվ փոքր է ցանկացած երկնիշ թվից:
 
Լուծում
 
Այս դատողություններից ճշմարիտ է միայն դ)-ն:
 
Իրոք, ամենամեծ միանիշ թիվը \(9\)-ն է, իսկ ամենափոքր երկնիշ թիվը՝ \(10\)-ը: Քանի որ \(9 < 10\), ապա, իրոք, ցանկացած միանիշ թիվ փոքր է ցանկացած երկնիշ թվից:
 
Հեշտ է համոզվել, որ մյուս երեք դատողությունները ճշմարիտ չեն:
 
Դիտարկենք ևս մեկ օրինակ:
 
Անին մի թիվ է մտապահել, որը \(120\) և \(150\) թվերի միջև է:
 
Ո՞ր դատողություններն են ճշմարիտ:
 
ա) Անիի մտապահած թիվը \(125\)-ն է:
 
բ) Անիի մտապահած թիվը մեծ է \(90\)-ից:
 
գ) Անիի մտապահած թիվը փոքր է \(140\)-ից:
 
դ) Անիի մտապահած թիվը եռանիշ թիվ է:
 
Լուծում
  
ա)-ն ճշմարիտ չէ, քանի որ մենք հաստատ չգիտենք, թե ո՞ր թիվն է մտապահել Անին:
 
բ)-ն ճշմարիտ է, քանի որ \(120\)-ի և \(150\)-ի միջև ընկած թիվը հաստատ մեծ է \(90\)-ից:
 
գ)-ն ճշմարիտ չէ, քանի որ \(120\)-ի և \(150\)-ի միջև ընկած թիվը կարող է մեծ լինել \(140\)-ից:
 
դ)-ն ճշմարիտ է, քանի որ \(120\)-ի և \(150\)-ի միջև ընկած թիվը հաստատ եռանիշ թիվ է:
 
Պատասխան՝ ճշմարիտ են բ) և դ) դատողությունները:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: