Շնչառության նշանակությունը: Շնչառական օրգանների կառուցվածքը և գործառույթները
Շնչառության նշանակությունը:Բոլոր կենդանի օրգանիզմները, նաև մարդը, նյութափոխանակության իրականացման համար մշտապես թթվածնի կարիք են զգում: Թթվածինը օրգանիզմ է մտնում շնչառության միջոցով:
Շնչառությունը գործընթացների համալիր է, որն ապահովում է օրգանիզմի կողմից թթվածնի յուրացումը, նրա օգտագործումը օրգանական նյութերի օքսիդացման համար և նյութափոխանակության արգասիք ածխաթթու գազի հեռացումը:
Արդեն գիտեք, որ բջիջներին թթվածնի մատակարարումը և նրանցից ածխաթթու գազի հեռացումն իրականացնում է արյունը: Գազափոխանակությունն արյան և մթնոլորտային օդի միջև իրականացնում են շնչառության օրգանները: Շնչառությունը կարևորագույն կենսական գործընթաց է, որի դադարը կործանարար է օրգանիզմի համար:

shutterstock_450810031.jpg 
  
Շնչառական օրգանների կառուցվածքը և գործառույթները:
Շնչառական համակարգը կազմված է օդատար ուղիներից (քթի խոռոչ, քթըմպան, կոկորդ, շնչափող և բրոնխներ) և գազափոխանակության օրգաններից` թոքերից:
Օդատար ուղիներից առաջինը, որը շփվում է մթնոլորտային օդի հետ, քթի խոռոչն է:
 
Քթի խոռոչը ոսկրաաճառային միջնորմով բաժանվում է երկու խոռոչների: Յուրաքանչյուր խոռոչ ունի ոլորապտույտ անցուղիներ, որոնք մեծացնում են նրա ներքին մակերեսը: Այդ ամբողջ մակերեսը պատված է լորձաթաղանթով, որը կազմված է թարթիչավոր էպիթելային հյուսվածքից: Թարթիչների թարթման, շարժման օգնությամբ քթի խոռոչից հեռացվում է լորձը՝ նրան կպած մանրէների և փոշու հետ միասին: Քթի խոռոչում ներշնչված օդը, շփվելով լորձաթաղանթի արյունատար անոթների հետ, տաքանում է՝ հասնելով մարմնի ջերմաստիճանին, իսկ լորձի միջոցով խոնավանում է (մինչև \(95\)% խոնավություն):
 
Քթի խոռոչը և քթըմպանը
 
20196867_702101623328208_188518343_n.jpg
 
Այսպիսով` քթի խոռոչով անցնելիս օդը փոշեզերծվում, մանրէազերծվում, տաքանում և խոնավանում է:
Բերանի խոռոչի մակերեսը անհամեմատ փոքր է: Այդ պատճառով բերանով շնչելիս օդը չի ենթարկվում վերոհիշյալ փոփոխություններին, որի հետևանքով հաճախ առաջանում են օդատար ուղիների բորբոքումներ:
 
Քթի խոռոչի վերին մասում գտնվում են հոտառական ընկալիչներ, որի շնորհիվ քիթը համարվում է նաև հոտառական օրգան: Քթի խոռոչից օդը անցնում է քթըմպան, որն ըմպանի վերին մասն է, ապա մտնում է կոկորդ: 
 
Կոկորդ
  
Կոկորդը գտնվում է պարանոցի վերին մասում: Այն մի քանի աճառներով, կապաններով, ջլերով և մկաններով միմյանց միացած խոռոչ է: Աճառներից ամենամեծը՝ վահանաճառը, շոշափվում է պարանոցի վրա առջևից: Այն արտաքինից պաշտպանում է կոկորդը: Կոկորդի մուտքը վերևից փակվում է մակկոկորդի աճառով, որը կլլման պահին խոչընդոտում է սննդագնդիկի թափանցումը շնչափող: Հակառակ դեպքում սննդանյութի անցումը շնչափող շնչահեղձության և մահվան պատճառ կարող է դառնալ:
 
Կոկորդի խոռոչը պատված է լորձաթաղանթով, որը վնասազերծում է օդի հետ այստեղ հասած մանրէները, փոշին և շարունակում է տաքացնել ու խոնավացնել օդը:
 
лечение-фарингита-у-взрослых.jpeg
 
Կոկորդը նաև ձայնային օրգան է: Այդ խոռոչի ամենանեղ տեղում ձգվում են ձայնալարերը, որոնց միջև գտնվում է ձայնախորշը: Ձայնախորշը եռանկյունաձև է: Այն խոսելու պահին նեղանում է, և ձայնալարերը միմյանց են մոտենում: Ձայնը ձևավորվում է արտաշնչվող օդի միջոցով ձայնալարերի տատանման արդյունքում: Որքան մեծ է ձայնալարերի տատանման հաճախականությունը, այնքան բարձր է ձայնը:
 
Ձայնի և հոդաբաշխ խոսքի ձևավորման վրա ազդում է նաև լեզվի, շրթունքների, ստորին ծնոտի դիրքը, քթի և բերանի խոռոչների ձևը և այլն: Այդ է պատճառը, որ շնչառական ուղիների հիվանդությունների ժամանակ (անգինա և այլն) փոխվում է ձայնի որակը:
 
Ձայնախորշ
 
vocal_cords_anatomy.png
  
Շնչափողը անմիջապես կոկորդի շարունակությունն է: Այն \(10-15 \)սմ երկարությամբ խողովակավոր օրգան է: Կազմված է \(16-20\) աճառային կիսաօղակներից, որոնց շնորհիվ պարանոցի շարժումների դեպքում շնչափողի լուսածերպը մնում է բաց վիճակում, և օդն անարգել անցնում է շնչառական ուղիներ: Շնչափողի հետին պատը հպվում է կերակրափողին, և աճառի բացակայության շնորհիվ չի խանգարվում սննդագնդիկի տեղաշարժը: Շնչափողը ստորին մասում վեր է ածվում երկու գլխավոր՝ աջ և ձախ բրոնխների:
 
imgpsh_fullsize (2).jpg
 
Բրոնխները կառուցվածքով նման են շնչափողին: Նրանք երկու խոշոր խողովակներ են, որոնք մտնում են թոքեր և այնտեղ ճյուղավորվելով առաջացնում են բրոնխածառ: Խոշոր բրոնխները վեր են ածվում մանր բրոնխների, սրանք էլ` մանրագույն բրոնխների, որոնք ավարտվում են օդով լցված թոքաբշտերով: Թոքաբշտերի պատերը կազմված են միաշերտ հարթ էպիթելից, բարակ առաձգական թելերից և պատված են արյան մազանոթների խիտ ցանցով:
 
Յուրաքանչյուր թոքում հաշվվում է մինչև \(400\) մլն թոքաբուշտ, որոնց ընդհանուր մակերեսը \(100-150\) մ² է:
 
shutterstock_374675080.jpg
 
Փաստորեն, թոքերի շնչառական մակերեսը \(70-100\) անգամ մեծ է մարդու մաշկի մակերեսից: Թոքերի այդ հսկայական մակերևույթն ապահովում է գազափոխանակության մեծ արագությունը:

Թոքերը երկուսն են, տեղավորված են կրծքավանդակում, գրավում են համարյա նրա ամբողջ խոռոչը: Թոքերը նման են հատած կոնի, գագաթով ուղղված են վեր, հիմքով՝ ցած և հենվում են ստոծանուն: Թոքերը խոր ակոսներով բաժանվում են բլթերի: Յուրաքանչյուր թոքի մեջ մտնում է մեկ բրոնխ, բազմակի ճյուղավորվելով վերածվում մանրագույն բրոնխների, որոնք ավարտվում են մանրադիտակային մեծություն և կառուցվածք ունեցող թոքաբշտիկներով և նմանվում խաղողի ողկույզի:
 
shutterstock_228843106.jpg
 
Թոքաբշտիկների պատը կազմված է միաշերտ բջիջներից, որոնք արտաքուստ ծածկված են արյունատար մազանոթների խիտ ցանցով: Թոքաբշտերի և մազանոթների պատերի միջև կատարվում է գազափոխանակություն:
 
Արտաքինից թոքը պատված է շարակցահյուսվածքային թաղանթով՝ թոքամզով (թոքային պլևրայով): Այն կազմված է երկու թաղանթներից, որոնցից մեկը պատում է թոքերի մակերեսը (թոքամզային թաղանթ), մյուսը՝ կրծքավանդակի պատը ներսից (մերձպատային թոքամզային թաղանթ):
Թոքային և մերձպատային թոքամզային թաղանթների միջև առաջանում է ճեղքանման ազատ տարածություն, որը կոչվում է թոքամզային խոռոչ:
Թոքամզային թաղանթներից այդ խոռոչ է արտադրվում քիչ քանակությամբ հեղուկ, որը թուլացնում է շնչառության ժամանակ թոքերի և կրծքավանդակի պատերի միջև առաջացող շփման ուժը:
 
gif.gif
Աղբյուրները
Ս.Հ.Սիսակյան,Տ.Վ.Թանգամյան,Գ.Ի.Միրզոյան Կենսաբանությաուն Մարդ Տիգրան Մեծ 2014
Ս.Մինասյան,Ծ,Մինասյան,Հ.Հոհաննիսյան Կենսաբանություն Մարդ Մակմիլան Արմենիա2000
Ն.Ի Սոնին,Մ.Ռ Սապին Կենսաբանություն Մարդ Անտարես 2008