Արյան մակարդում: Արյան խմբեր: Ռեզուս գործոն: Արյան փոխներարկում
Արյան մակարդումը:
 
Արյան մակարդումն օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է, որի հետևանքով խցանվում է վնասված անոթի լուսանցքը և կանխվում հետագա արյունահոսությունը: Բացի այդ, արյան մակարդումը խոչընդոտում է վնասված անոթի պատից հիվանդաբեր մանրէների թափանցումն օրգանիզմ:
 
Մակարդումը կատարվում է հետևյալ կերպ. անոթի պատի վնասման ժամանակ արյան թիթեղիկները՝ թրոմբոցիտները, հպվելով վնասված անոթի անհարթ մակերեսին, հեշտությամբ քայքայվում են, որի շնորհիվ արյան պլազմա է արտազատվում հատուկ ֆերմենտ: Վերջինս ազդում է արյան պլազմայում լուծված պրոթրոմբին սպիտակուցի վրա`  նրան դարձնելով անլուծելի թելանման ֆիբրին:
 
Ֆիբրինի թելիկներն առաջացնում են ցանց, որի մեջ պահվում են արյան բջջային տարրերը, և առաջանում է խցան՝ թրոմբ, որը և փակում է վնասված անոթի լուսանցքը: Հետագայում թրոմբը լուծվում է, իսկ անոթի վնասված մասը՝ վերականգնվում: Արյան մակարդումը տեղի է ունենում \(3-8\) րոպեում, ընդ որում, որքան փոքր է անոթի լուսանցքը, այնքան մակարդումն ավելի արագ է կատարվում:
 
ris38.jpg
 
 
Ուշադրություն
Արյան մակարդման արագությունը կախված է նաև ջերմաստիճանից. բարձր ջերմաստիճանում այն արագանում է, իսկ ցածրում՝ դանդաղում:
Արյան մակարդմանը նպաստող գործոններից են կալցիումի իոնները և \(K\) վիտամինը: Ժամանակ առ ժամանակ լյարդի բջիջներում առաջանում է հեպարին կոչվող հակամակարդիչ նյութը և մղվում արյան հուն, որպեսզի անոթներում արյունը չմակարդվի կամ առաջացած մանր թրոմբները լուծվեն, հակառակ դեպքում կարող է խանգարվել արյան շարժումն անոթային համակարգում:
 
Արյան մակարդման գործընթացը կարող է խանգարվել տարբեր պատճառներից, որի հետևանքով արյան անոթի վնասվածքից տեղի է ունենում երկարատև արյունահոսություն: Օրինակ` ժառանգականորեն պայմանավորված հեմոֆիլիա հիվանդության ժամանակ արյունը չի մակարդվում, և անոթի պատի ամենաչնչին վնասվածքը վտանգավոր է կյանքի համար:
 
trombocity.jpg
 
Արյան փոխներարկում:
 
Արյան մեծ քանակի կորուստների դեպքում պակասում է էրիթրոցիտների և հեմոգլոբինի քանակը, ընկնում է արյան ճնշումը: Արյան զանգվածի \(1/3\)-ի կորուստը կյանքին վտանգ է սպառնում: Այդպիսի դեպքերում հիվանդին փոխներարկում են առողջ մարդուց վերցված արյուն: Արյուն տվող անհատը կոչվում է դոնոր, իսկ ընդունողը՝ ռեցիպիենտ:
 
dieta_krovi.jpg
 
Փոխներարկման համար դոնորից վերցված արյան վրա նախապես ավելացնում են հակամակարդիչ նյութ և փակ անոթում պահում սառը պայմաններում: Նախկինում արյան փոխներարկման փորձերը մատնվում էին անհաջողության: Պատճառն այն էր, որ հաճախ դոնորի արյան էրիթրոցիտներն ռեցիպիենտի արյան մեջ կպչում էին միմյանց, սոսնձվում և փաթիլավորվում: Այդ երևույթը կոչվում է ագլյուտինացիա: Նման դեպքում էրիթրոցիտներն արագ քայքայվում են, և հիվանդի վիճակը խիստ ծանրանում է:
 
Ագլյուտինացիան առաջանում է այն պատճառով, որ էրիթրոցիտների մակերեսին կան որոշակի սպիտակուցներ՝ ագլյուտինոգեններ (հակածիններ), որոնք ռեցիպիենտի արյան պլազմայում փոխազդեցության մեջ են մտնում ագլյուտինինների (հակամարմինների) հետ:
 
Արյան խմբեր:
 
b4df33a2dfa7ff8737860a49981f6100.jpg
 
Ուշադրություն
Բացահայտվել է, որ էրիթրոցիտների մակերեսին կարող են լինել \(A\) և \(B\) ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում՝  \(α\) և \(β\) ագլյուտինիններ:
Ըստ նրանց առկայության` տարբերում են արյան չորս խմբեր (տե՛ս աղյուսակը): Այսպես` որոշ մարդկանց (արյան \(I\) խումբ) էրիթրոցիտներում բացակայում են \(A\) և \(B\) ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում առկա են \(α\) և \(β\) ագլյուտինիններ: Արյան \(II\) խումբ ունեցող մարդկանց էրիթրոցիտներում լինում են միայն \(A\) ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում՝ \(β\) ագլյուտինիններ: Արյան \(III\) խումբ ունեցող մարդկանց էրիթրոցիտներում լինում են \(B\) ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում՝ \(α\) ագլյուտինիններ:
 
Արյան \(IV\) խումբ ունեցող մարդկանց էրիթրոցիտներում կան \(A\) և \(B\) ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում  ագլյուտինիններ չկան: Այսպիսով` արյան \(I\) խմբին պատկանող մարդկանց արյունը կարելի է ներարկել բոլորին, որովհետև նրանում չկան \(A\) և \(B\) ագլյուտինոգեններ, \(II\) և \(III\) խմբերին պատկանող արյունը կարելի է ներարկել համապատասխանորեն իրենց և \(IV\) խմբերին: \(IV\) խմբին պատկանող մարդկանց արյունը կարելի է ներարկել միայն \(IV\) խմբի արյուն ունեցող մարդկանց (տե՛ս աղյուսակը): Այդ պատճառով արյան \(I\) խումբը համարվում է համընդհանուր դոնոր, իսկ \(IV\) խումբը՝ համընդհանուր ռեցիպիենտ:
 
Եթե չկատարվի արյան խմբերի ճիշտ ընտրությունը, ապա փոխներարկման ժամանակ արյուն ընդունող օրգանիզմում կարող է տեղի ունենալ ագլյուտինացիա` էրիթրոցիտների քայքայում, և ավարտվել մահով: Արյան խմբերը որոշող հակածինները ժառանգաբար փոխանցվում են սերնդեսերունդ և չեն փոխվում կյանքի ընթացքում: Մարդկանց \(40-50\)%-ը ունի առաջին խմբի արյուն, \(30-40\)%-ը` երկրորդ, \(10-20\)%-ը՝ երրորդ, իսկ \(5\)%-ը՝ չորրորդ խումբ:
 
Untitled-1.png

Ռեզուս գործոն:
 
Այդ գործոնը հատուկ սպիտակուցային նյութ է, որն առաջին անգամ հայտնաբերվել է ռեզուս-մակակ կապիկի էրիթրոցիտներում: Մարդկանց \(85\)%-ի մոտ էրիթրոցիտներում առկա է ռեզուս գործոնը, ուստի նրանք կոչվում են ռեզուս դրական \((Rh+),\) իսկ \(15\)% մարդկանց էրիթրոցիտներում այն բացակայում է \((Rh-)\): Եթե ռեզուս դրական արյունը ներարկվում է ռեզուս բացասական արյուն ունեցող մարդկանց, ապա վերջիններիս արյան մեջ, ի պատասխան օտարածին սպիտակուցի, առաջանում են հակամարմիններ: Բոլոր այն դեպքերում, երբ այդպիսի մարդկանց երկրորդ անգամ են ներարկում ռեզուս դրական արյուն, տեղի է ունենում էրիթրոցիտների քայքայում, հիվանդը կորցնում է գիտակցությունը և կարող է մահանալ:
 
vliyanie-otritsatelnogo-rezus-faktora-materi-na-polozhitelnyiy-rezus-faktor-u-rebenka-460x303.jpg
Աղբյուրները
1. Ս.Հ.Սիսակյան,Տ.Վ.Թանգամյան,Գ.Ի.Միրզոյան,«Կենսաբանություն. Մարդ:»:Երևան, Տիգրան Մեծ 2014
2. Ս.մինասյան, Ծ.Ադամյան, Հ.Հովհաննիսյան «Կենսաբանություն. Մարդ»:Երևան,Մակմիլան Արմենիա 2000