
















Օրգանիզմի ներքին միջավայրի բաղադրամասերը
Արյունը, ավիշը և հյուսվածքային հեղուկը կազմում են օրգանիզմի ներքին հեղուկ միջավայրը։

Ուշադրություն
Արյունը ներքին միջավայրի ամենակարևոր բաղադրիչն է. այն շարժվում է արյունատար անոթների փակ համակարգով: Արյունից են ձևավորվում հյուսվածքային հեղուկը և ավիշը:
Հյուսվածքներում արյան մազանոթների պատերից արյան պլազմայի մի մասը սննդանյութերի հետ անցնում է միջբջջային տարածություն և ձևավորվում է հյուսվածքային հեղուկը:
Հյուսվածքային հեղուկն անգույն է, թափանցիկ: Արյունից սննդանյութերն անցնում են հյուսվածքային հեղուկ, ապա բջիջներ, իսկ կենսագործունեության արգասիքները տեղաշարժվում են հակառակ ուղղությամբ՝ բջիջներից դեպի հյուսվածքային հեղուկ: Այսպիսով` հյուսվածքային հեղուկը կապ է ստեղծում արյան և բջիջների միջև:
Ուշադրություն
Հյուսվածքային հեղուկն իր բաղադրությամբ նման է արյան պլազմային, այն տարբերությամբ միայն, որ նրանում գրեթե չեն պարունակվում սպիտակուցներ:
Ավիշը կաթնասպիտակավուն հեղուկ է, բաղադրությամբ նման է արյան պլազմային, միայն նրանում սպիտակուցների քանակը \(3-4\) անգամ պակաս է: Օրվա ընթացքում արյուն է վերադարձվում \(2-3\) լիտր ավիշ:
Միջբջջային տարածությունում, բացի արյունատար մազանոթներից, գտնվում են նաև կույր ծայրով սկսվող ավշային անոթներ:
Հյուսվածքային հեղուկից որոշ նյութեր լուծված վիճակում թափանցում են ավշային անոթներ, որից հետո այդ հեղուկը կոչվում է ավիշ:
Դրա շնորհիվ հյուսվածքային հեղուկի հավելյալ քանակը լցվում է ավշային անոթներ, որոնցով վերադառնում է արյունատար համակարգ, իսկ հյուսվածքային հեղուկը պահպանում է իր հարաբերական կայուն բաղադրությունը միջբջջային տարածությունում, ինչը չափազանց կարևոր է բջիջների բնականոն կենսագործունեության համար:
Ավշային մազանոթները կույր ծայրով սկսվում են միջբջջային տարածությունից, այնուհետև, միմյանց միանալով առաջացնում են խոշոր անոթներ, որոնք երկու մեծ ծորաններով թափվում են աջ նախասրտին մոտեցող սիներակների մեջ։ Ավշային անոթների ճանապարհին տեղ-տեղ կան ավշային հանգույցներ, որտեղ առաջանում են լիմֆոցիտներ, որոնք պաշտպանում են օրգանիզմը հիվանդաբեր մանրէներից:

Օրգանիզմի ներքին միջավայրի կայուն վիճակը կոչվում է հոմեոստազ:
Աղբյուրները
1. Ս.Հ.Սիսակյան,Տ.Վ.Թանգամյան,Գ.Ի.Միրզոյան,«Կենսաբանություն. Մարդ:»:Երևան, Տիգրան Մեծ 2014
2. Ս.մինասյան, Ծ.Ադամյան, Հ.Հովհաննիսյան «Կենսաբանություն. Մարդ»:Երևան,Մակմիլան Արմենիա 2000
2. Ս.մինասյան, Ծ.Ադամյան, Հ.Հովհաննիսյան «Կենսաբանություն. Մարդ»:Երևան,Մակմիլան Արմենիա 2000