Տեսողական վերլուծիչ
Միջավայրից ստացվող տեղեկատվության մեծ մասը (\(70-90\) %) մարդը ստանում է տեսողության միջոցով: Տեսողության վերլուծիչի շնորհիվ մարդը կարողանում է կողմնորոշվել շրջապատի առարկաների նկատմամբ և խուսափել վտանգից: Մարդկության փորձը, ձեռք բերած գիտելիքները, ստեղծած արվեստը սերունդներին են փոխանցվում գրավոր խոսքի միջոցով, որը մենք ընկալում ենք տեսողության օգնությամբ: Մարդու ուսումնառությունը, աշխատանքային գործունեությունը նույնպես կապված են տեսողության հետ:
Աչքի կառուցվածքը
Աչքը տեսողության վերլուծիչի ծայրամասային բաժինն է, գտնվում է գանգի ակնակապիճում:
Աչքը կազմված է ակնագնդից և օժանդակ հարմարանքներից:
Օժանդակ հարմարանքներից են հոնքերը, կոպերը, թարթիչները, շաղկապենին, արցունքագեղձերը և ակնագունդը շարժող մկանները:
Հոնքերը, կոպերը և թարթիչները (արտևանունքները) աչքերը պաշտպանում են փոշուց, քրտինքից:
Շաղկապենին ծածկում է կոպը ներսից և ակնագնդի մի մասը` արտաքինից:
Արցունքագեղձերը գտնվում են աչքի արտաքին անկյունում, անընդհատ արտազատում են արցունք, որը խոնավացնում, տաքացնում, մանրէազերծում, փոշեզերծում է ակնագնդի մակերևույթը և արտասվաքթային ծորանով լցվում քթի խոռոչ:
Ակնագնդի մկանները նպաստում են հայացքի ուղղության փոփոխությանը:
Ակնագնդի պատը բաղկացած է \(3\) թաղանթներից` սպիտակուցաթաղանթ, անոթաթաղանթ (ակնաթաղանթ) և ցանցաթաղանթ:
Ակնագունդը դիմացից ծածկում են լուսաթափանցիկ եղջերաթաղանթը և նրա տակ գտնվող աչքի գույնը պայմանավորող ծիածանաթաղանթը: Ծիածանաթաղանթի կենտրոնում կա ոչ մեծ անցք՝ բիբը, որը կարող է ռեֆլեքսորեն լայնանալ և նեղանալ՝ դրանով իսկ կարգավորել թափանցող լույսի ճառագայթների քանակը: Բբի հետևում գտնվում է ակնաբյուրեղը, որը երկուռուցիկ ոսպնյակ է: Ծիածանաթաղանթի հարևանությամբ գտնվում է թարթիչավոր մարմինը, որի մկանները փոխում են ակնաբյուրեղի կորությունը: Ակնաբյուրեղը, փոխելով կորությունը, տարբեր հեռավորությունից եկող ճառագայթներն ուղղում է ցանցաթաղանթի վրա՝ ապահովելով առարկաների հստակ պատկերի
ձևավորումը: Ցանցաթաղանթը ակնագնդի ներքին թաղանթն է, որն ունի երկու տեսակի լուսընկալիչներ՝ ցուպիկներ և սրվակիկներ, ընդ որում ցուպիկներն ավելի շատ են (մոտ \(130\) մլն) և օժտված են բարձր լուսազգայությամբ. գրգռվում են նույնիսկ թույլ, մթնշաղային լույսից, սակայն գույները չեն տարբերում: Սրվակիկները քիչ են (մոտ \(7\) մլն), ընկալում և տարբերակում են գույները վառ լուսավորության դեպքում:
Ակնագնդի կառուցվածքը
Ցանցաթաղանթի վրա՝ բբի դիմաց,սրվակիկների կուտակման տեղը կոչվում է դեղին բիծ, որն ընկալում է բբի դիմաց գտնվող առարկաների հստակ պատկերը: Ցանցաթաղանթի այն մասը, որտեղից հեռանում է տեսողական նյարդը, չունի ընկալիչներ և կոչվում է կույր բիծ: Ակնաբյուրեղի և ցանցաթաղանթի միջև ընկած տարածությունը լցված է թափանցիկ դոնդողանման նյութով, որը կոչվում է ապակենման մարմին:
Տեսողական վերլուծիչի աշխատանքը
Առարկաներից արտացոլված ճառագայթներն անցնում են եղջերաթաղանթի, բբի և ոսպնյակի, ապա նաև ապակենման մարմնի միջով, բեկվում են, և ցանցաթաղանթի վրա ստացվում է առարկայի հստակ, բայց փոքրացած ու շրջված պատկերը: Նյարդային գրգիռները տեսողական նյարդով հասնում են մեծ կիսագնդերի տեսողական գոտի, որտեղ ձևավորվում է տեսողական զգայությունը, և մենք առարկան տեսնում ենք իր բնական դիրքով ու չափով:
Տեսողական ընկալում
Տեսողության խանգարումները և դրանց կանխումը: Տեսողության խանգարման ավելի հաճախ հանդիպող տեսակներն են կարճատեսությունը և հեռատեսությունը: Կարճատեսության դեպքում մարդը տեսնում է միայն մոտիկ գտնվող առարկաները, քանի որ ճառագայթների հատման կետը (կիզակետ) ընկնում է ցանցաթաղանթից առաջ:
Կարճատեսությունը կարող է լինել բնածին, որի դեպքում ակնագունդը ի ծնե երկարավուն է, և ձեռքբերովի, երբ ակնաբյուրեղի կորությունը մեծանում է կյանքի ընթացքում:
Կարճատեսություն
Հեռատեսությունը նույնպես կարող է լինել ձեռքբերովի և բնածին: Ձեռքբերովի հեռատեսության դեպքում, տարիքի հետ կապված, թուլանում է ակնաբյուրեղի առաձգականությունը և այն դառնում է ավելի հարթ:
Հեռատեսություն
Բնածին հեռատեսությունը կապված է այն բանի հետ, որ աչքի հատակը մոտ է ակնաբյուրեղին, որի հետևանքով ակնագունդը կարճացած է: Այն կարող է առաջանալ նաև ակնաբյուրեղի թույլ բեկման հատկության հետևանքով:
Կարճատեսության ժամանակ ընտրվում է երկգոգավոր ապակիով ակնոց,որը լույսի ճառագայթները բեկում է այնպես, որ պատկերը ձևավորվում է ցանցաթաղանթի դեղին բծի վրա:
Հեռատեսության դեպքում օգտագործում են երկուռուցիկ ապակիներով ակնոց, որի շնորհիվ առարկաներից եկող ճառագայթների հատման կետն ընկնում է ցանցաթաղանթի զգայուն հատվածի վրա:
Ակնոցի դերը տեսողական խնդիրներ ունեցողների համար:
Աղբյուրները
Ս.Մինասյան, Ծ.Ադամյան, Հ.Հովհաննիսյան Կենսաբանություն Մարդ
Ն.Ի Սոնին,Մ.Ռ. Սապին Կենսաբանություն Մարդ
Ս.Հ. Սիսակյան, Տ.Վ. Թանգամյան, Գ.Ի. Միզոյան Կենսաբանությաուն Մարդ
Ն.Գ. Միքաելյան ֆիզիոլոգիա