
















Օրգանիզմի կենսագործունեության կարգավորումը
Հասկացություն կարգավորման մասին:
Մարդու օրգանիզմում անընդհատ տեղի են ունենում բազմաթիվ գործընթացներ: Օրինակ` արթուն վիճակում միաժամանակ աշխատում են մարդու բոլոր համակարգերը. մարդը շարժվում է, շնչում է, նրա արյունատար անոթներով հոսում է արյունը, ստամոքսում և աղիներում ընթանում են մարսողության գործընթացներ և այլն: Այս բոլոր գործընթացները կարգավորվում են մշտապես գործող կարգավորման մեխանիզմների միջոցով: Այդ մեխանիզմներն ապահովում են օրգանիզմի ներքին միջավայրի հարաբերական կայունությունը՝ հոմեոստազը, ինչն անհրաժեշտ է բջիջների, հյուսվածքների և օրգանների անխափան գործունեության համար:
Կարգավորումը լինում է \(3\) տեսակի՝ հումորալ, նյարդային և նյարդահումորալ:
Հումորալ կարգավորումն ավելի հին ծագում ունի: Հումորալ կարգավորումը տեղի է ունենում կենսաբանական ակտիվ նյութերի՝ հորմոնների միջոցով, որոնք արտադրվում են ներզատական գեղձերի կողմից: Հորմոնները արյան և ավշի միջոցով տարածվում են ամբողջ մարմնով և ազդում օրգանիզմի աճի, նյութափոխանակության, մկանների կծկման, սրտի աշխատանքի հաճախականության, անոթների լուսանցքի մեծության և այլ ֆունկցիաների վրա:
Հորմոնները ազդում են քիչ քանակությամբ և գեղձից հեռու գտնվող թիրախ օրգանների ու հյուսվածքների վրա:

Նյարդային կարգավորումն ավելի կատարյալ է: Այն գործում է արագ և ուղղված է որոշակի օրգանին կամ հյուսվածքին: Նյարդային կարգավորումն իրականացվում է ռեֆլեքսների միջոցով:
Օրգագնիզմի պատասխան ռեակցիան ներքին և արտաքին միջավայրից եկած գրգիռներին, որն իրականանում է նյարդային համակարգի միջոցով, կոչվում է ռեֆլեքս:

Նյարդահումորալ կարգավորումը նյարդային և հումորալ կարգավորումների փոխկապակցված աշխատանքն է: Նյարդային համակարգն ազդում է ներզատական գեղձերի վրա՝ խթանում կամ ընկճում է նրանց գործառույթը: Իրենց հերթին ներզատական գեղձերի արտադրած որոշ հորմոններ ազդում են նյարդային համակարգի ակտիվության վրա: Նյարդային և հումորալ կարգավորման մեխանիզմների հիմքում ընկած է ինքնակարգավորման սկզբունքը: Այսպիսով, մարդու օրգանիզմում նյարդային և հումորալ կարգավորումներն իրականանում են համատեղ, փոխկապակցված, ինչի հետևանքով առաջացել է առավել կատարելագործված՝ նյարդահումորալ կարգավորումը:
Աղբյուրները
https://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%A5%D5%B2%D5%B1
Ս.Մինասյան, Ծ.Ադամյան.Հ.Հովհաննիսյան Կենսաբանություն Մարդ