Սողունների արտաքին կառուցվածքը
Սողունները ցամաքը գրաված առաջին ողնաշարավոր օրգանիզմներ են: Սողունները ցամաքային կենսապայմաններին լավագույնս հարմարվել են պատմական զարգացման ընթացքում: Ի տարբերություն երկկենցաղների՝ նրանք հիմնական կախում չունեն ջրից: Նրանք առաջացել են հնագույն երկկենցաղներից՝ ստեգոցեֆալներից: Մինչև \(1\) մ երկարություն ունեցող, ճահճային կենսակերպով բրածո կենդանի սեյմուրիան կարող է համարվել հնադարյան սողունների նախահայրը: Վերջինս էլ սկիզբ է տվել սողունների մյուս բոլոր հայտնի և անհետացած կամ ներկայումս գոյատևող խմբերին: Այս դասին պատկանող բոլոր կենդանիները հասուն վիճակում շնչում են միայն թոքերով:
Հետևաբար նրանց մաշկը չոր է, չի մասնակցում շնչառությանը, պատված է եղջերային թեփուկներով կամ վահանիկներով: Եղջերային ծածկույթը կատարում է պաշտպանական գործառույթ և ապահովում ջրի խնայողությունը՝ նման միջատների արտաքին խիտինային ծածկույթին: Սողունների մաշկի թեփուկային ծածկույթը չի աճում, խանգարում է աճին, իսկ սողունները նույնպես կատարում են մաշկափոխանակություն:
Սողունները ևս ունեն եռախորշ սիրտ և արյան շրջանառության երկու շրջան: Սողունների բեղմնավորումը և զարգացումը կապված չէ ջրային միջավայրի հետ:
Սողունների բեղմնավորումը ներքին է:
Սողունները դնում են պաշարային սննդանյութերով հարուստ, խիտ թաղանթով պատված, խոշոր ձվեր: Զարգացումն ուղղակի է, առանց կերպարանափոխության:
Ուշադրություն
Սաղմնային հատուկ թաղանթների շնորհիվ սաղմը զարգանում է օդային միջավայրում:
Մոտավորապես \(180\) մլն տարի առաջ երկրագնդի վրա գերիշխում էին սողունների հնագույն տարատեսակները՝ դինոզավրերը: Նրանց ներկայացուցիչները գրավել էին բոլոր կենսամիջավայրերը՝ ջրային, ցամաքային, օդացամաքային:
Ներկայումս սողունները ապրում են հիմնականում տաք ու չոր կլիմա ունեցող երկրներում, քանի որ նույնպես սառնարյուն կենդանիներ են: Այժմ հարմարված են ցամաքային, կիսաջրային և ծովային կենսամիջավայրերում:
Ողնաշարավորների ենթատիպում սողունները բազմաքանակներից չեն, սակայն ունեն միջավայրային հարմարման բազմազանություն: Այժմ հայտնի է մոտ \(7,5\) հազար տեսակ:
Սողունների մեջ տարբերում ենք` կրիաներ, կոկորդիլոսներ, օձեր, մողեսներ, անհետացած դինոզավրեր:
Միջավայրի պայմաններին հարմարումը հանգեցրել է նրան, որ սողունները ձեռք են բերել տարածության մեջ տեղաշարժվելու տարատեսակ ձևեր և հարմարանքներ: Դրանք իրենց հերթին փոփոխել են սողունների ինչպես վերջույթների կառուցվածքը, այնպես էլ երբեմն մարմինն ամբողջապես: Այսպես.
- Գեկկոնները, որոնք շարժվում են հարթ մակերեսներով, մատների եզրերին ունեն թմբիկաձև ծծիչներ, որոնցով կպչում են պատին:
- Քամելեոնները, որոնք ծառաբնակ են, ունեն ճյուղերից բռնվելու աքցանանման մատներ և պոչի օգնությամբ կարող են կախվել ճյուղերից:
- Թռչող վիշապիկը, որը բնակվում է Մալայան արշիպելագում, մարմնի կողքերին ունի մաշկի լայն ծալք, որի շնորհիվ ծառից ծառ թռչելիս սավառնում է օդում:
- Կրիաները մատների արանքում ունեն լողաթաղանթներ:
- Օձերը բացարձակապես զրկված են վերջույթներից և ունեն որդանման, սողացող մարմին:
Սողունների աչքերն ունեն կոպեր, որոնք ցամաքային միջավայրում խոնավեցնում և պաշտպանում են աչքը: Օձերի և որոշ մողեսների կոպերը միաձուլվել են և դարձել թափանցիկ:
Սողուններին ևս բնորոշ է հովանավորող և նախազգուշացնող գունավորումը:
Սողունների տարբեր ներկայացուցիչների մոտ մարմինը ունի խիստ տարբեր կառուցվածքային դրսևորում: Այդ բազմազանությունը պայմանավորված է կմախքի առանձնահատկություններով՝ որպես հարմարման արդյունք:
Այնուհանդերձ սողունների մարմնի ընդհանուր կառուցվածքը դիտարկենք ճարպիկ մողեսի օրինակով:
Մողեսի մարմինը կազմված է միմյանց սահուն հաջորդող գլխից, պարանոցից, իրանից և պոչից:
\(1\). Գլուխ. սահմանազատվում է պարանոցից թմբկաթաղանթներով՝ կրում է տեսողական և լսողական զգայարանները, քթանցքերը, բերանը, գանգատուփում գտնվում է գլխուղեղը:
\(2\). Պարանոց. ապահովում է գլխի շարժուն միացումը իրանին և լավ արտահայտված է:
\(3\). Իրան. սահմանազատվում է պոչից հետանցքով՝ կրում է ուսագոտին և կոնքագոտին, կրծքավանդակը և հիմնական ներքին օրգանները:
\(4\). Պոչ. բնորոշ է գրեթե բոլոր սողուններին, տարբեր տեսակների մոտ ունի տարբեր նշանակություն:
\(5\). Վերջույթներ. բոլոր սողունները, բացառությամբ օձերի, տեղաշարժվում են առջևի և ետևի վերջույթներով:
Ցամաքային կենսակերպով պայմանավորված՝ սողունների կմախքը բավականին նման է երկկենցաղների կմախքին:
Սողունների կմախքը ունի հետևյալ հիմնական բաժինները` \(I\). գանգ, \(II\). ողնաշար, \(III\). գոտիներ, \(IV\). վերջույթներ:
\(I\). Գանգ: Կազմված է գանգատուփից, որը պաշտպանում է գլխուղեղը և ծնոտները: Օձերի ծնոտները կարող են միմյանցից հեռանալ՝ ամբողջական սնունդ կուլ տալու հետևանքով:
\(II\). Ողնաշար: Ունի \(5\) բաժին՝ պարանոցային, կրծքային, գոտկային, սրբանային, պոչային:
Պարանոցային ողերը մեկից ավել են և միմյանց հետ շարժուն հոդավորվելով՝ թույլ են տալիս գլուխը ազատ պտտել: Կրծքային և գոտկային ողերը միասին \(22\)-ն են և իրենց վրա կրում են գոտիները: Կրծքային և գոտկային ողերին կիսաշարժուն կերպով միացած են կողերը:
Առաջին \(5\) զույգ կողերը կրծքային հատվածում միանում են կրծոսկրին և ձևավորում կրծքավանդակ:
\(III\). Գոտիներ
Առջևի գոտի՝ ուսագոտի - կազմված է կենտ կրծոսկրից, զույգ անրակից, զույգ թիակից:
Հենարան է հանդիսանում առջևի վերջույթների համար:
Ետևի գոտի՝ կոնքագոտի - կազմված է միմյանց միացած երեք զույգ մասերից:
Հենարան է հանդիսանում հետևի վերջույթների համար:
\(IV\). Վերջույթներ
Բոլոր ողնաշարավորների նման սողուններն ունեն զույգ վերջույթներ՝
- Առջևի վերջույթներ - կենտ բազուկոսկր, զույգ նախաբազկի ոսկրեր, դաստակ, \(5\) մատներ:
- Ետևի վերջույթներ - կենտ ազդոսկր, զույգ սրունքի ոսկրեր, թաթ, \(5\) մատներ:
Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Տ.Վ. Թանգամյան, Ս. Հ. Սիսակյան -Եր.: Տիգրան Մեծ, 2013, էջ 141-143
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան - Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 196-197
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան - Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 196-197
https://images.reference.com/reference-production-images/question/aq/1400px-788px/snakes-shed_7192d612b0bb69f2.jpg
https://naked-science.ru/sites/default/files/images/2004_gallery_cretaceous.jpg
http://bm.img.com.ua/berlin/storage/600x500/0/2a/237fb9d33f02c8b3d35ef4080eec92a0.jpg
https://вечерний-екатеринбург.рф/uploads/posts/2018-12/1545049741_foto1_chem_kormit_krasnouhuyu_cherepahu_v_domashnih_usloviyah.jpg
http://animalsglobe.ru/wp-content/uploads/2012/04/yashheritsa-21.jpg
https://cf.ppt-online.org/files2/slide/b/bAns8LTGhkarNEYSJD2WiOHejwd3ougvm97IKz/slide-2.jpg