Սողունների բազմազանությունը և դասակարգումը
Ինչպես արդեն գիտեք, սողունները պատկանում են քորդավորների տիպի ողնաշարավորների ենթատիպին և ունեն մոտ \(7,5\) հազար տեսակ: Բազմազանությամբ սողունները առաջինը չեն քորդավորների տիպում, սակայն հարմարված լինելով կյանքի համար պիտանի բոլոր կենսամիջավայրերում՝ իրենցից ներկայացնում են խայտաբղետ բազմություն: Այդ տեսակային բազմազանությունը ներկայացված է մոտ \(4\) կարգերում, որոնք են՝
\(1\). Կնճիթագլուխների կարգ
\(2\). Կրիաների կարգ
\(3\). Կոկորդիլոսների կարգ
\(4\). Թեփուկավորների կարգ
Սողունների դասում իրենց ուրույն տեղը ունեն երկրագնդի հնագույն, ոչնչացված բնակիչները՝ դինոզավրերը:
Ինչպես արդեն նկատել եք, երկկենցաղների և սողունների կառուցվածքները ունեն բազմաթիվ նմանություններ: Պեղումների ժամանակ հայտնաբերված սողունների կմախքը շատ նման է եղել հնադարյան պոչավոր երկկենցաղների կմախքին: Այդ ամենը վկայում է այն մասին, որ.
Սողուններն առաջացել են հնադարյան պարզագույն երկկենցաղներից:
Գիտնականների կարծիքով, ամենապարզունակ հնագույն սողունը սեյմուրիան է:
Մինչև \(1\) մ երկարություն ունեցող, ճահճային կենսակերպով այդ բրածո կենդանին նման է ստեգոցեֆալին և կարող է համարվել հնադարյան սողունների նախահայրը: Վերջինս էլ սկիզբ է տվել սողունների մյուս բոլոր հայտնի և անհետացած կամ ներկայումս գոյատևող խմբերին:
Սողունների դասակարգումը և կարգաբանական դիրքը կենդանիների թագավորությունում հետևյալն է.
Միասին կդիտարկենք հիմնական կարգերի առանձնահատկությունները և բազմազանությունը:
Ժամանակակից սողունների տեսակներ
\(I\). Կնճիթագլուխների կարգ
Այս կարգն ունի միայն մեկ տեսակ. դա մինչև մեր օրերը հասած հնադարյան հատերիան է: Հատերիան տարածված է միայն Նոր Զելանդիայում:
\(II\). Կրիաների կարգ
Այս կարգում ընդգրկված է մոտ \(250\) տեսակ: Դա հնադարյան խումբ է, որը սկիզբ է առել անմիջապես հնադարյան սողուններից՝ \(240\) մլն տարի առաջ: Կրիաների մարմինը պարփակված է եղջերային թիթեղիկներով պատված ոսկրային զրահի մեջ, որն առաջացել է կմախքի ոսկրերից և մաշկի ոսկրային թիթեղիկների սերտաճումից: Շարժուն են միայն գլուխը, վերջույթները և պոչը: Կրիաներն ատամներ չունեն, նրանց ծնոտի եզրերը սուր են, եղջերային և փոխարինում են ատամներին:
Կրիաների կարգն ընդգրկում է ցամաքային, ջրային և կիսաջրային կենսակերպ ունեցող տեսակներ: Ցամաքային տեսակներից է \(200\) կգ կշիռ ունեցող փղային կրիան, որն ապրում է Գալապագոսյան կղզիներում: Կիսաջրային կենսակերպ վարող կրիաները մեծամասամբ գիշատիչ են: Ծովերում և օվկիանոսներում ապրող կրիաների վերջույթները վերածվել են լողաթաթերի: Դրանցից է ծովային կրիան, որը մինչև \(450\) կգ կշիռ ունի:
Ներկայացուցիչներն են՝
\(III\). Կոկորդիլոսների կարգ
Այս կարգը ընդգրկում է \(23\) տեսակ: Կոկորդիլոսները հնադարյան սողուններ են, ունեն \(1,5 - 8\) մ երկարություն: Նրանց մարմինը պատված է ամուր եղջերային վահանիկներով, պոչը կողքերից սեղմված է: Առջևի վերջույթները կրում են հինգ ազատ մատներ, իսկ ետինները՝ լողաթաղանթով միացած չորսական մատներ:
Կոկորդիլոսների սիրտը քառախորշ է, բաժանված է լրիվ միջնապատով:
Այնուհանդերձ սրտից դուրս եկող զարկերակային արյունը մասնակիորեն խառնվում է երակայինի հետ: Կոկորդիլոսների թոքերն ունեն բազմաթիվ միջնապատեր և խողովակներ, որոնք մեծացնում են գազափոխանակության մակերեսը: Աչքերը և քթանցքերը թմբիկների վրա են, դրա շնորհիվ ջրի մեջ սուզված կոկորդիլոսի միայն աչքերն ու քթանցքերն են ջրից դուրս: Կոկորդիլոսները ցամաք են դուրս գալիս հանգստանալու կամ բազմանալու համար: Նրանք գիշատիչներ են, սնվում են տարբեր կենդանիներով:
Ներկայացուցիչներն են՝ նեղոսյան կոկորդիլոս, միսսիսպյան ալիգատոր, գանգյան գավիալ, սև կայման:
\(IV\). Թեփուկավորների կարգ
Այս կարգի հիմնական հատկանիշներից է մաշկի եղջերային թեփուկների կամ վահանիկների առկայությունը: Մի քանի տեսակներ ունեն նույնիսկ ոսկրային թեփուկներ: Թեփուկավորները հանդիսանում են սողունների համեմատաբար երիտասարդ ճյուղը և զարգացել են մյուսների անհետացման ժամանակ: Թեփուկավորների կազմում են ընդգրկված օձերի \(3000\) տեսակ և մողեսների \(4300\) տեսակ:
Մողեսներ
Մողեսներն ունեն \(2\) զույգ ոտքեր, սակայն հանդիպում են նաև թերզարգացած վերջույթներով և անոտ տեսակներ: Ամենախոշոր մողեսը \(4\)մ երկարությամբ և \(180\)կգ քաշով Կոմոդո կղզում ապրող վարանն է: Գեկկոնների ընտանիքում կան շատ փոքրիկ՝ \(3 - 3,5\) սմ երկարությամբ օրգանիզմներ: Ագամաները, իգուաները, սցինկները տարածված են անապատներում, արևադարձային և մերձարևադարձային երկրներում: Գեկկոնները մթնշաղային կենդանիներ են, հանդիպում են նաև Միջին Ասիայում, Ղրիմում, Անդրկովկասում:
Ներկայացուցիչներն են՝ իգուանա, ագամա, կոմոդյան վարան, գեկկոն:
Օձեր
Օձերը անվերջույթ, որդանման, սողացող կենդանի օրգանիզմներ են: Հանդիպում են արևադարձային անտառներում, անապատներում, սողուն ավազների մեջ:
Օձերը սովորաբար որսին դարանակալում են կամ էլ դանդաղ սողալով մոտենում և արագ նետվելով՝ փաթաթվում են նրա շուրջը: Թունավոր օձերը անշարժացնում են զոհին, նրա մարմնի մեջ թույն ներարկելով: Կծելիս, վերին ծնոտի ժանիքանման ատամների վրա գտնվող խողովակներով թույնն անցնում է զոհի մարմնի մեջ:
Ուշադրություն
Օձի թույնը մահացու է մարդու համար:
Օձի թույնը մարդուն կարող է սպանել \(29\) վ մինչև \(40\) րոպե ընկած ժամանակահատվածի ընթացքում: Ուստի հարկավոր է առաջին օգնության ցուցաբերումից հետո մարդուն արագ տեղափոխել հիվանդանոց՝ հակաթույնի ներարկման համար:
Ամենամեծ օձը Հրվ. Ամերիկայում ապրող անակոնդան է՝ \(10\) մ: Օձի խայթոցի դեպքում հարկավոր է անհապաղ վերքը մաքրել թույնից, որպեսզի այն չտարածվի արյան հոսքով:
Անհետացած սողունների տեսակներ՝ դինոզավրեր. \(180\) մլն տարի առաջ սողունները հասել էին ծաղկման գագաթնակետին և գրավելով երկրագունդը՝ տարածվել էին բոլոր կենսամիջավայրերում: Արդյունքում անհետացած սողունները՝ հայտնի որպես դինոզավրեր, տիրապետում էին տեղաշարժման բոլոր ձևերին և օգտագործում էին կերի բոլոր տեսակները:
Ջրային կենսակերպի անցած սողունների վերջույթները վերածվել էին թիակների, իսկ պոչը՝ լողակի: Օրինակ՝ իխտիոզավրը:
Ուշադրություն
Ցամաքային կենսակերպին հարմարված հնադարյան սողուններից առաջացել են ժամանակակից թռչուններն ու կաթնասունները:
Ցամաքային դինոզավրերից շատերը հսկաներ էին, ունեին մինչև \(50\) մ երկարություն և \(50\) տ կշիռ և հանդիսանում էին բուսակեր սողուններ: Օրինակ՝ դիպլոդոկը:
Ցամաքային դինոզավրերից էին մինչև \(6\) մ երկարությամբ գազանատամ մողեսները: Նրանց ատամները տարբերակված էին և տեղադրված ծնոտի ատամնափոսերում: Օրինակ՝ տիռանոզավրը:
Օդային միջավայրը գրաված դինոզավրերը կառուցվածքով նման էին ժամանակակից չղջիկներին, բայց տասնյակ մեծ չափեր ունեին և գիշատիչ էին: Օրինակ՝ պտերոզավրը:
Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Տ.Վ. Թանգամյան, Ս. Հ. Սիսակյան -Եր.: Տիգրան Մեծ, 2013, էջ 147-151
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան - Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 200-203
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան - Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 200-203
https://i0.wp.com/dinossauros.org/wp-content/uploads/2018/02/Seymouria-com-seu-filhote.jpg?fit=1024%2C501&ssl=1
http://imgfrm.index.hu/imgfrm/1/0/9/0/BIG_0002441090.jpg
http://gallery.photokiss.org.ua/d/7289-1/vienna_museum35_720x720.jpg
https://i0.wp.com/www.fatosdesconhecidos.com.br/wp-content/uploads/2014/10/2017.jpg?resize=900,420
https://cf.ppt-online.org/files2/slide/k/krcLtExzI75uHNqespfinlDW0MPhwBYgyv31UA/slide-17.jpg
https://weekend.bugin.kz/media/2019/03/22/b22a0b2c-253e-40ed-860c-6caca5ca8441.jpeg