Ջրիմուռների ընդհանուր բնութագիրը
Ջրիմուռները հնագույն բուսական օրգանիզմներ են, որոնք դեռևս միլիոնավոր տարիներ առաջ բնակեցրել են երկիր մոլորակը: Ջրիմուռների մեծ մասը ապրել և դեռևս շարունակում է կենսագործել հիմնականում ջրային միջավայրում: Ջրային միջավայրում բնակության նախասիրությունից էլ նրանք ստացել են իրենց անվանումը:
Ջրիմուռները համեմատաբար պարզ բուսական օրգանիզմներ են և ընդգրկվում են ստորակարգ բույսերի ենթաթագավորության մեջ:
Ջրիմուռները լինում են.
- միաբջիջ` քլամիդոմոնադ, քլորելա,
- գաղութային` պլևրոկոկ,
- բազմաբջիջ` սպիրոգիրա, ուլոտրիքս, լամինարիա:
Ընդհանուր առմամբ հայտնի են մոտ \(30.000\) տեսակ ջրիմուռներ:
Ջրիմուռները, որպես ավտոտրոֆ ֆոտոսինթեզողներ, ունեն քլորոֆիլ, որը նրանց մոտ գտնվում է հատուկ կազմավորումներում՝ քրոմատոֆորներում: Բացի քլորոֆիլից, այնտեղ կարող են պարունակվել նաև այլ գունանյութեր:
Միաբջիջ ջրիմուռները կարող են բնակվել հողում, ծառերի կեղևի, պատերի և այլ ցամաքային միջավայրներում: Միաբջիջ և գաղութային ջրիմուռները լավ հարմարված են նաև ջրի վերին մակերեսում գոյատևելուն: Բազմաբջիջ ջրիմուռները հիմնականում գրավում են լայնամասշտաբ ջրային ավազաններ` քաղցրահամ գետեր, լճեր, ծովեր ու օվկիանոսներ:
Ջրային միջավայրի ներգործությամբ ջրիմուռի բազմաբջիջ մարմինը մասնագիտացված չէ` չունի առանձնացված արմատ, ցողուն, տերև և կոչվում է թալոմ: Ջրիմուռի թալոմը կարող է ունենալ տարբեր չափեր՝ մի քանի սմ-ից մինչև \(300\) մ երկարություն: Բազմաբջիջ ջրիմուռները թալոմի ամբողջ մակերեսով իրականացնում են շնչառություն, կլանում և արտազատություն:
Մինչև \(100\) մ ջրային խորություններում լույսը լավ թափանցում է, և այնտեղ տարածված են մեծամասամբ կանաչ ջրիմուռները:
Մոտ \(100\) մ խորություններում լույսը սակավ է և այն լավ կլանելու համար ջրիմուռներն ունեն գորշ գունավորում: Այդտեղ բնակվում են գորշ ջրիմուռները:
\(100-200\) մ ջրային խորություններում լույսը գրեթե չի թափանցում, և կարմիր գունանյութերը օգնում են առավելագույնս կլանել թափանցող լույսը: Այստեղ ապրում են կարմիր ջրիմուռները:
Ջրիմուռները կարող են բազմանալ և՛ անսեռ, և՛ սեռական ճանապարհով:
Անսեռ բազմացման առանձին դրսևորում է հանդիսանում վեգետատիվ բազմացումը: Այն տեղի է ունենում.
- միաբջիջ ջրիմուռների մոտ՝ բջջի երկու մասի կիսմամբ,
- գաղութային ձևերի մոտ՝ գաղութի մասնատմամբ,
- բազմաբջիջ ջրիմուռների մոտ՝ թալոմի կտրոններով:
Անսեռ բազմացումը իրականացվում է նաև մասնագիտացված կերպով` հատուկ բջիջների օգնությամբ, որոնք կոչվում են սպորներ և զոոսպորներ: Սպորներն անշարժ են, իսկ զոոսպորները օժտված են մտրակներով և կարող են տեղաշարժվել դրանց օգնությամբ: Որոշ ժամանակ շարժվելուց հետո դրանք կորցնում են մտրակները և սովորական սպորների պես վերածվում են նոր ջրիմուռի:
Սեռական բազմացումը իրագործվում է \(2\) սեռական բջիջների՝ գամետների միաձուլման շնորհիվ: Արդյունքում ձևավորվում է զիգոտը, որի ծլումից առաջանում է թալոմը:
Իգական և արական գամետները կարող են զարգանալ ինչպես նույն, այնպես էլ տարբեր ջրիմուռների վրա:
Սովորաբար բարենպաստ պայմաններում ջրիմուռները բազմանում են անսեռ եղանակով, իսկ անբարենպաստ պայմաններում՝ անցնում են սեռական բազմացմանը:
Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Տ.Վ. Թանգամյան, Ս. Հ. Սիսակյան -Եր.: Տիգրան Մեծ, 2013, էջ 28-31
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան- Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 42-43
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան- Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 42-43
https://photos.smugmug.com/NorthAmerica/Plantae-Algae-Eastern-Pacific/California-UW-Fauna/i-W4CdnDz/0/b7437f3e/L/Flora_050520Divers_PurpleAlgae-L.jpg
https://img.youtube.com/vi/iiQ4jzRUP1w/mqdefault.jpg
http://biouroki.ru/content/page/711/bespoloe.png
https://allyslide.com/thumbs/691efba5dfd445c860e1a624824736cc/img3.jpg