Նախակենդանիների առանձնահատկությունները և դասակարգումը
Միաբջիջ կենդանիներին անվանում են նաև պարզագույններ կամ նախակենդանիներ: Գոյություն ունի նախակենդանիների մոտ \(70\) հազար տեսակ, որոնք տարածված են գրեթե ամենուրեք՝ ծովերում, քաղցրահամ ջրերում, հողում:
Նախակենդանիների մի մասը ազատ ապրող հետերոտրոֆներ են: Նախակենդանիների մեջ գոյություն ունեն միքսոտրոֆ սննդառության ձևին պատկանող տեսակներ: Դրանք հիմնականում սնվում են պատրաստի օրգանական նյութերով, սակայն ունեն նաև պլաստիդներ և ունակ են կատարել ֆոտոսինթեզ: Պարզագույնների մի ստվար մաս հանդիսանում են մակաբույծներ և բնակվում են բույսերի, կենդանիների և մարդու օրգանիզմում:
Նախակենդանիներին անզեն աչքով հնարավոր չէ տեսնել: Նրանք շատ փոքր են, ուստի մարդկությանը նրանց գոյությունը հայտնի դարձավ միայն մանրադիտակի հայտնագործումից հետո: Հոլանդացի Լևենհուկը առաջինն էր, որ հայտնաբերեց ոչ միայն բակտերիաներին, այլ \(1680\)թ.-ին՝ նաև նախակենդանիներին:
Նախակենդանիների մարմինը կազմված է մեկ բջջից. դա նրանց ամենաէական տարբերությունն է բազմաբջիջ կենդանիներից, որոնց մարմինը կազմված է տարբեր կառուցվածք ունեցող և բազմազան ֆունկցիաներ կատարող բազմաթիվ բջիջներից:
Նախակենդանու մեկ բջջից կազմված մարմինը ինքնուրույն կյանք վարող օրգանիզմ է:
Նախակենդանիների բջիջը պատված է թաղանթով, իսկ ներսում ցիտոպլազման է և մեկ կամ մի քանի կորիզներ: Որոշ նախակենդանիների ցիտոպլազմայից արտադրվում է մարմինը պատող ծածկույթ՝ խեցի, որը կատարում է պաշտպանական ֆունկցիա: Նրանց ցիտոպլազմայում գտնվում են օրգանոիդներ, որոնք կատարում են շարժողական, մարսողական, արտազատական գործառույթներ:
Նախակենդանիների ենթաթագավորությունը իր առանձնահատուկ բնույթի համար բաժանվում է սեփական խոշոր տիպերի, որոնք միմյանցից տարբերվում են կառուցվածքային, շարժման օրգանոիդների, սննդառության, բազմացման առանձնահատկություններով: Տվյալ տիպերն էլ ունեն իրենց բնորոշ դասերը:
Այսպես, նախակենդանիների հիմնական խոշոր կարգաբանական խմբերն են՝
1. Արմատամտրակավորների տիպ.
ա) արմատոտանիների դաս
բ) մտրակավորների դաս
2. Ինֆուզորիաների կամ թարթիչավորների տիպ
3. Սպորավորների տիպ
Նախակենդանիների ընդհանուր կարգաբանական դիրքը կորիզավորների վերնաթագավորությունում հետևյալն է.
Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը, 7 դասարան // Տ. Թանգամյան, Ս. Սիսակյան // Երևան, «Տիգրան Մեծ», 2013, էջ 60-61
http://fs1.ucheba-legko.ru/images/4bf315640c79d0788f4627f4250724e0.jpg
https://i.gifer.com/7EcT.gif
http://doklad-referat.ru/public/page_images/181/95.jpg