Կենդանիների հատկանիշները և բազմազանությունը
Կենդանիներն ունեն կարևոր և ընդհանրական առանձնահատկություններ, որոնց շնորհիվ կազմում են առանձին թագավորություն: Այդ առանձնահատկությունների միջոցով կենդանիները տարբերվում են այլ կենդանի օրգանիզմներից, օրինակ՝ բույսերից և սնկերից:
Կենդանիները՝
- սնվում են պատրաստի օրգանական նյութերով՝ հետերոտրոֆ են,
- ակտիվ տեղաշարժվում են,
- անդադար չեն աճում ողջ կյանքի ընթացքում,
- ունեն միջավայրից ազդակներ ստանալու և պատասխանելու հատկություն:
Տվյալ առանձնահատկությունները միաբջիջներից մինչև մարդ պայմանավորում են կենդանիներին բնորոշ հատկանիշները:
Կենդանիները հետերոտրոֆ են, ուստի չեն կատարում ֆոտոսինթեզ և չունեն պլաստիդներ:
Կենդանիների մոտ առաջնային դրսևորում են ստանում սննդառության ձևերի դրսևորումները. ըստ սննդառության՝
1.գիշատիչներ | 2.սապրոֆիտներ | 3.մակաբույծներ |
կամ ըստ սննդի տեսակի՝
1.բուսակերներ | 2.կենդանակերներ | 3.ամենակերներ |
Ուշադրություն
Քանի որ կենդանիները հետերոտրոֆ են, հետևաբար ստիպված են որոնել, գտնել և պայքարել սննդի համար:
Ըստ տեղարժման ձևի և բնակության միջավայրի՝ կենդանիներին դասակարգում ենք՝
- լողացողների՝ ձկներ, կետեր, դելֆիններ,
- սուզվողների՝ պինգվիններ /ջրային միջավայր/,
- թռչկոտողների՝ կենգուրուներ,
- վազողների՝ ընձառյուծներ, ձիեր, զեբրեր, հովազներ,
- սողացողների՝ օձեր, որդեր, թրթուրներ, խխունջներ,
- գետնափորների՝ խլուրդներ /ցամաքային միջավայր/,
- թռչողների՝ թռչուններ, չղջիկներ ու միջատներ /օդացամաքային միջավայր/:
Ակտիվ տեղաշարժումը հանգեցնում է նրան, որ կենդանիների մոտ զարգանում են տեղաշարժումը ապահովող օրգաններ և օրգան - համակարգեր:
Այսպես.
- Կենդանիները դառնում են ֆոտոսինթեզի թթվածնի ակտիվ սպառողներ, որի ազդեցությամբ սնունդը քայքայվելով` վերածվում է էներգիայի: Անջատված էներգիան ուղղվում է ոչ թե անընդհատ ու ցկյանս աճին, այլ ապահովում է կենդանիների ամենօրյա ակտիվ տեղաշարժը: Այդ պատճառով կենդանիները ակտիվ աճում են միայն սահմանափակ ժամանակահատվածում:
- Փոխվում է ջրի նշանակությունն օրգանիզմում: Ջուրը, որը այլևս չի մասնակցում օրգանական նյութերի սինթեզին, հանդիսանում է ներքին կայուն միջավայր: Այդ միջավայրում են ընթանում կենսաապահովման բոլոր գործընթացները: Արդյունքում ջուրը վերածվում է կենդանիների գոյության կարևորագույն գործոնի:
Առանց ջրի կենդանիների օրգանիզմներում դադարում են նյութափոխանակության գործընթացները, որը անխուսափելիորեն հանգեցնում է ոչնչացման:
Նյութափոխանակության փոփոխությունը և անցումը ջրային հիմքով կենսագործունեության, ինչպես նաև պատրաստի սննդի որոնումն ու կլանումը հանգեցնում են զուտ կենդանիներին բնորոշ օրգան - համակարգերի կազմավորման՝
\(1\). արյունատար,
\(2\). արտաթորության,
\(3\). մարսողության,
\(4\). փոխադրման և հենաշարժիչ,
\(5\). գրգռական կամ նյարդային:
Ցանկացած առարկայի, այդ թվում նաև սննդի որոնումը ենթադրում է ակտիվ փոխազդեցություն շրջակա միջավայրի հետ: Ի տարբերություն բույսերի, որոնք պասիվ հարմարվում էին միջավայրի փոփոխվող իրականությանը, կենդանիները ընդունակ են ազդակներ ստանալ միջավայրից, վերլուծել դրանք և դրան համարժեք կազմակերպել սեփական վարքը:
Վարքը կենդանիների կենսագործունեության բարձրագույն ձևն է, որը նպատակաուղղված է սեփական գոյության ապահովմանը:
Այսպիսով, մենք դիտարկեցինք, թե ինչ կենսաբանական փոփոխությունների է հանգեցրել ավտոտրոֆ սննդառությունից անցումը հետերոտրոֆ սննդառության, և ինչպես է այդ անցումը նպաստել կյանքի առաջընթացի զարգացմանը:
Կենդանիների դասակարգման աստիճանակարգը մեզ հուշում է, որ կյանքի զարգացման ճանապարհին, այն նպատակաուղղված և պարբերաբար ընթացել է հետևյալ \(4\) հիմնական ուղիներով.
\(I\). արժեք ͢ պարզ ͢ բարդ ͢ բարդագույն
\(II\). որակ ͢ միավոր ͢ մասնակի ͢ ամբողջակի
\(III\). երևույթ ͢ պատահականություն ͢ օրինաչափություն ͢ կանոնակարգություն
\(IV\). քանակ ͢ խմբավորում ͢ համախումբ ͢ համակարգ
Արդյունքում որոշակի որակական երևույթը մարմնավորվում է արժեք ներկայացնող նյութական քանակության մեջ, որն էլ վերափոխվում է բարդագույն կանոնակարգված ամբողջական համակարգի:
Տվյալ պատմական ճանապարհը անցել են նաև կենդանիները, որոնց դասակարգման աստիճանակարգի պարագայում այն հատկապես ակնառու է:
Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը, 7 դասարան // Տ. Թանգամյան, Ս. Սիսակյան // Երևան, «Տիգրան Մեծ», 2013, էջ 54-59
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան - Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 80-82
http://img2.labirint.ru/books/248358/scrn_big_1.jpg
https://78.media.tumblr.com/tumblr_lc263zRo2w1qatyxoo1_1280.jpg
https://io.ua/02918904m.jpg
https://ds03.infourok.ru/uploads/ex/08dd/0006235c-5c113415/hello_html_m7ab0510f.jpg