
















Տնտեսական միջատների առանձնահատկությունները և համաշխարհային քաղաքակրթությունները

Միջատների դերը մարդու կյանքում պայմանավորված է առաջին հերթին մարդու տնտեսական գործունեության վրա նրանց ունեցած ազդեցությամբ: Որոշ միջատներ ուղղակի ազդեցություն ունեն նաև մարդու առողջության վրա: Ձեզ լավ ծանոթ ցեցե ճանճը և անոֆելես մոծակը մարդու ծանր հիվանդությունների կրողներ են: Մարդուն վնաս են հասցնում նաև այն միջատները, որոնք վնասում են գյուղատնտեսական կուլտուրաները և անտառներին:
Վնասակար միջատներն են. սպիտակ կաղամբաթիթեռը, կոլորադյան բզեզը, ճանճը, արյունածուծ մոծակը:
Օգտակար միջատներն են. զատկաբզեզը, մեղրատու մեղուն, թթենու շերամը, որդան կարմիրը:
Դիտարկենք մեղրատու մեղվի և թթենու շերամի կարգաբանական դիրքը.

Արարատյան որդան կարմիրը համարվում է աղուտների էնդեմիկ: Միջատները համարյա միշտ գտնվում են գետնի տակ՝ սնվելով աղուտներում աճող բույսերի` որդնախոտի և եղեգի արմատներով: Որդան կարմիրի թրթուրը բնական նատրիումի ալյումինատ է պարունակում: Այդ միացության շնորհիվ հազարամյակներ շարունակ որդան կարմիրի միջատներից ստացել են ամբողջ աշխարհում հայտնի կարմիր ներկը` կարմինը: Շատ երկար դարեր այդ ներկը եղել է Հայաստանի հպարտությունը։ Այն ունեցել է համաշխարհային համբավ։ Հաճախ հեռավոր երկրներում «Հայոց աշխարհի»-ի փոխարեն օգտագործում էին Որդան կարմիրի երկիր արտահայտությունը։ Որդան կարմիրի արտադրությունը եղել է հայ թագավորների մենաշնորհը։ Կարմիրը մեծ պահանջարկ էր վայելում հին աշխարհում՝ Բաբելոնում և Ասորեստանում:

Շուրջ երկու հազար տարի հայկական որդան կարմիրը եղել է աշխարհի ամենաթանկարժեք ու բարձրորակ ներկը։ Նրանով ներկում էին ոչ միայն արքայական հանդերձները, գործվածքները, թելերը, այլև նկարազարդում էին թանկարժեք մագաղաթները։ Որդան կարմիրը օգտագործվել է նաև որպես թանաք։ Աշխարհում տարածված կարմիր թանաքով ստորագրությունը սկիզբ է առել Հայկական որդան կարմիրի օգտագործումից։ Ժամանակակից աշխարհում որդան կարմիրը հայտնի \(Coca-Cola\) խմիչքի բաղադրիչ է: Այն կիրառվում է նաև շրթներկերի արտադրության մեջ:

Թթենու շերամը անտենաձև բեղիկներ ունեցող ընտանի միջատ է: Մարդը նրան ընտելացրել է դեռևս \(4-5\) հազար տարի առաջ: Այն ներկայումս ազատ բնության մեջ չի հանդիպում, քանի որ այն կորցրել է թռչելու հատկությունը: Այս միջատները զարգանում են լրիվ կերպարանափոխությամբ: Այսինքն` անցնում են ձու-թրթուր-հարսնյակ-հասուն միջատ կերպարանափոխության փուլերով: Թթենու շերամի թրթուրները սնվում են թթենու տերևներով, ինչի համար էլ նրանք ստացել են իրենց անվանումը: Թթենու շերամի հասուն միջատը թիթեռ է, որը չի կարող թռչել:

Այս միջատի թրթուրները հարսնյակավորվելիս փաթաթվում են մինչև \(1000\) մետր երկարություն ունեցող մետաքսաթելից հյուսված ամուր բոժոժի մեջ: Առաջին անգամ Չինաստանում սովորեցին օգտագործել այդ մետաքսաթելը գործվածքներ պատրաստելու համար: Ստացված գործվածքը՝ մետաքսը, առավելագույնս նուրբ էր, ամուր և ջերմամեկուսիչ: Թրթուրները հարսնյակավորվում են նախապես պատրաստված ճյուղերի վրա և հյուսում են բոժոժը: Տաք գոլորշիով մշակելուց հետո բոժոժի մետաքսաթելը քանդվում է, որից էլ հնարավոր է դառնում գործվածքի պատրաստումը: \(1\) կգ բոժոժներից ստացվում է մոտ \(90\) գ բնական մետաքս:

Չինաստանում արտադրվող մետաքսը հանդիսանում է մարդկության պատմության մեջ ամենամեծ պահանջարկ վայելած ապրանքներից մեկը. այն հարգի և ընդունելի է եղել բոլոր ժամանակաշրջաններում և բոլոր պետություններում: Այնուհանդերձ, որպես արտասովոր շքեղության աղբյուր, այն հատկապես գնահատվել է Բյուզանդական կայսրությունում և միջնադարյան իտալական քաղաքներում: Չինական մետաքսը ունեցել է այնպիսի կարևորագույն նշանակություն, որ Չինաստանից դեպի Եվրոպա դրա տեղափոխման ուղին հատուկ կարևորություն է ունեցել և կոչվել «Մետաքսի ճանապարհ»: Մետաքսի ճանապարհը իրար է միացրել հնագույն քաղաքակակրթությունները` դրանով իսկ ձեռք բերելով քաղաքական նշանակություն: Մետաքսը շատ լավ է կլանում ջուրը և գունանյութերը, այդ իսկ պատճառով Արևելյան Ասիայում ձևավորվել է արվեստի հատուկ ուղղություն՝ գեղանկարչությունը մետաքսի վրա, որը կոչվում է «Բատիկա»:

Մեղրատու մեղուն անհիշելի ժամանակներից բուծվում է մարդու կողմից: Մեղրատու մեղվի և նրա հիմնական արտադրանքի՝ մեղրի մասին հիշատակումները առաջին անգամ հանդիպում են Հին Եգիպտոսի, Հին Հունաստանի և Հին Հռոմի գրավոր ժառանգություններում՝ որպես երիտասարդության և առողջության աղբյուր: Մեղրը ոչ միայն ուտելիք էր, այլ նաև դեղամիջոց և դեմքի ու մարմնի թանկարժեք կոսմետիկ միջոց: Մեղուները մարդու կողմից տեղադրված փեթակում կամ բնական քարանձավներում, փչակներում մեղրամոմից պատրաստում են մեղրահաց: Մեղրահացը կազմված է վեցանկյունաձև մեղվաբջիջներից, որոնք կարծես թե ծառայում են որպես «բնակարան» մեղուների համար: Այդ վեցանկյուններում մեղուները նաև ձվադրում են և պահեստավորում մեղրը:

Մեղուները համարվում են հասարակական միջատներ: Այդպիսի անվանում են ստացել, քանի որ ապրում են խիստ կարգավորված և կանոնակարգված կենսագործող խմբերով՝ մեղվաընտանիքներով: Յուրաքանչյուր մեղվաընտանիք կազմված է մինչև \(100000\) աշխատավոր մեղուներից, մայր մեղվից կա՛մ թագուհուց, կա՛մ արուներից: Փեթակ վերադարձող մեղուները սկսում են «պարել», որով տեղեկատվություն են փոխանցում միմյանց թե փեթակից ինչպիսի հեռավորության վրա, ինչ ծաղիկներ են աճում: Մեղուները բերանային ապարատը կրծող-ծծող է, ուստի նա կնճիթով հավաքում է ծաղիկների նեկտարը: Աշխատավոր մեղուները ունեն կտնառք, որը կերակրափողի լայնացած մասն է: Ծաղկափոշին կտնառքում խառնվում է կլանային գեղձերի արտազատուկների հետ, և այդպիսով ձևավորվում է մեղրը:

Մայր մեղուն մեղվաընտանիքի ամենից խոշոր, բեղուն էգն է: Թագուհին կամ մայր մեղուն գլխավորում է փեթակը, սակայն չի մասնակցում մեղվարտադրությանը կամ նեկտարի կամ ծաղկափոշու հավաքմանը: Թագուհու գործառույթը միայն բազմացումն է և փեթակին նոր առանձնյակների ապահովումը: Գարնան բացվելու հետ թագուհին բազմանում է և ձվադրում: Աշխատավոր մեղուն թերզարգացած, անպտուղ էգ մեղրատու մեղու է: Աշխատավոր մեղուն պատասխանատու է հիմնական աշխատանքների համար՝ ծաղկափոշու հավաքում, մեղրի արտադրություն, թրթուրների խնամք, փեթակի հսկողություն: Բոռը մեծ գլուխ և խոշոր աչքեր ունեցող արու մեղրատու մեղու է: Բոռերը միայն բեղմնավորում են մայր մեղվին: Այդ իսկ պատճառով բեղմնավորումից հետո աշխատավոր մեղուները սպանում են բոռերին: Ձվադրումից հետո թրթուրներից ձևավորվում է նաև երիտասարդ թագուհին, որը այնուհետև սկիզբ է տալիս նոր մեղվաընտանիքի:

Գարնանը մայր մեղուն մեղվաբջիջներում ձվադրում է: Մեղվաբջիջներում ձվերը աշխատավոր մեղուների կողմից կերակրվում են մեղրով և նեկտարով և զարգանում՝ ձևափոխվելով թրթուրների: Ձմռանը մեղուները մեղրամոմով փակում են փեթակի բոլոր բջիջները և բաց տարածությունները, կուտակվում են մեղվաբջիջներում և ձմեռում՝ սնվելով պահեստավորված մեղրով: Յուրաքանչյուր մեղվաբջջում թագուհին դնում է մեկական ձու: Մեղուն ևս զարգանում է լրիվ կերպարանափոխությամբ, ուստի թրթուրների հարսնյակավորումից առաջ աշխատավորները մեղրամոմով զմռսում են մեղվաբջիջները և փեթակի բաց հատվածները: Խոշոր բջջիներում թագուհին դնում է բեղմնավորված ձվեր, որից զարգանում և դուրս են գալիս բոռերը: Փոքր մեղվաբջիջներում դրսվում են չբեղմնավորված ձվեր, որոնք սկիզբ են տալիս իգական և անպտուղ աշխատավորներին:

Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Տ.Վ. Թանգամյան, Ս. Հ. Սիսակյան -Եր.: Տիգրան Մեծ, 2013, էջ 108-112
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան - Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 158-160
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան - Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 158-160
http://4everstatic.com/imagenes/animales/insectos/abeja,-flor-amarilla-237474.jpg
https://image.freepik.com/vector-gratis/ciencia-ciclo-vida-gusano-seda_1308-19171.jpg
https://ptzgovorit.ru/sites/default/files/original_nodes/dmdhpqsw6ia.jpg
https://apollo-ireland.akamaized.net/v1/files/rze282piofc7-UA/image;s=261x203
https://fermilon.ru/wp-content/uploads/2018/12/4-55-640x281.jpg
https://ua.all.biz/img/ua/catalog/1283724.jpeg