
















Միջատների արտաքին կառուցվածքը
Միջատները կազմում են կենդանիների թագավորության ամենամեծ դասը: Նրանց տեսակների թիվն առնվազն \(1,5\) միլիոն է: Դա ավելին է, քան կենդանիների մյուս բոլոր տեսակների քանակությունը միասին վերցրած: Հսկայական է նաև միջատների յուրաքանչյուր տեսակին պատկանող առանձնյակների թիվը: Միջատները տարածված են ամենուրեք: Նրանց կարելի է հանդիպել դաշտերում, անտառներում, այգիներում, հողում, ջրում, օդում, կենդանի օրգանիզմներում:

Միջատները առանձնահատուկ են նաև նրանով, որ օդային տարածությունը առաջին անգամ գրաված կենդանի օրգանիզմներն են:
Միջատների հատվածավոր մարմինը կազմված է իրարից որոշակիորեն առանձնացված երեք բաժիններից՝ գլխից, կրծքից և փորիկից: Բոլոր միջատներն ունեն \(1\) զույգ բեղեր, կրծքի վրա կրում են \(3\) զույգ ոտքեր, նրանց մեծ մասն ունի նաև թևեր: Բոլոր միջատների շնչառության օրգանները տրախեաներն են:

Միջատների կառուցվածքային յուրահատկություններից է արտաքին կմախքի՝ զրահի առկայությունը: Այն գլխավորապես կազմված է խիտինից, որի արտաքին շերտը ներծծված է հատուկ սպիտակուցային նյութով, որը նրան ամրություն և կոշտություն է հաղորդում: Միջատների խիտինային զրահը արտաքինից պատված է մոմաշերտով, որի շնորհիվ նրանց մարմինը պաշտպանված է ջրի ավելորդ գոլորշիացումից:
Խիտինային ծածկույթն իր բաղադրության շնորհիվ ստեղծում է միջատների մարմնի խայտաբղետ գունավորումը:

Միջատների արտաքին կառուցվածքի բնորոշ առանձնահատկություններից է նաև մարմնի երեք մասերի միջև ցայտուն տարբերությունների առկայությունը:
Միջատների մարմնի հիմնական հատվածում՝ գլուխ - կուրծք - փորիկ, կենտրոնացված են տարբեր գործառույթներ կատարող օրգաններ:
Միջատների գլուխը
Միջատների գլուխը իրենից հիշեցնում է դատարկ գանգատուփի նախատիպ, որտեղ տեղակայված է նրանց գլխուղեղը:
Միջատները առաջին կենդանի օրգանիզմներն են, որոնց մոտ կարելի է հանդիպել զարգացած նյարդային համակարգի՝ գլխուղեղի հստակ առկայություն:
Ուշադրություն
Գլխուղեղի առկայությունը հանգեցրել է՝ \(1.\)զգայարանների զարգացվածության, \(2.\) վարքի բարդացման, \(3.\) երկրագնդում լայն տարածվածության:
1 զույգ բեղեր
Բեղերը հանդիսանում են զգայության կարևորագույն օրգաններ, դրանք հիմնականում ծառայում են որպես հոտառության և շոշափելիքի զգայարաններ: Որոշ միջատների բեղիկներ կարող են ընկալել նաև լրացուցիչ գրգիռներ՝ միկրոալիքային տատանումներ, օդի խոնավություն, լիցքեր և այլն: Դրանց վրա գտնվում են զգայական մազիկներ և փոսիկներ:
Միջատների բեղիկները յուրօրինակ անտենաներ և ալեհավաքներ են, որոնք արտաքին միջավայրից ընկալում են ազդանշաններ և փոխանցում կենտրոնական հավաքակայան, տվյալ դեպքում՝ գլխուղեղ:

Բեղիկները կարող են լինել տարբեր ձևերի՝ թելանման, փետրաձև, սանրաձև, սղոցանման, թերթիկավոր և այլն:
Աչքեր
Միջատներին հիմնականում բնորոշ են մեկ զույգ բարդ աչքեր: Որոշ միջատներ, օրինակ՝ մեղուները, բացի պարզ աչքերից ունեն նաև բարդ աչքեր:
Բարդ աչքը կազմված է մոտ \(3000\) փոքր, պարզ աչիկներից, որոնք գունանյութով մեկուսացած են: Այդ պատճառով դրանցից յուրաքանչյուրը տեսնում է առարկայի մի մասը, իսկ բոլոր աչիկները միասին ստեղծում են ողջ պատկերը:

Բարդ աչքերով պայմանավորված տեսողությունը կոչվում է խճանկարային:
Միջատների բերանային ապարատը կազմված է ծնոտներից և շրթունքներից:
Տարբեր տիպի միջատների կենսակերպի և սննդառության առանձնահատկություններով պայմանավորված՝ բերանային ապարատը ձևափոխվել է:
Տարբերակում ենք.
\(1.\)Կրծող տիպի բերանային ապարատ - ունեն խավարասերները, բզեզները:
\(2.\)Ծծող տիպի բերանային ապարատ - ունեն հիմնականում թիթեռները:
\(3.\)Կրծող - ծծող տիպի բերանային ապարատ - ունեն մեղուները:
\(4.\)Լիզող տիպի բերանային ապարատ - ունեն ճանճերը:

Միջատների կուրծքը
Ճպուռները չեն կարողանում ծալել թևերը և նստելիս կողքի վրա բաց են պահում դրանք, որի համար էլ կոչվում են ուղղաթևավորներ: Բզեզների առաջին զույգ թևերը կարծրացած են և կոչվում են վերնաթևեր. հանգիստ վիճակում դրանք պաշտպանում են թռչելու համար ծառայող թաղանթաթևերը: Այդ իսկ պատճառով բզեզները կոչվում են կարծրաթևավորներ: Ճանճերի երկրոդ զույգ թևերը, վերածվել են բզզանների և պահպանում են մարմնի հավասարակշռությունը թռիչքի ժամանակ: Այդ իսկ պատճառով ճանճերը կոչվում են երկթևանիներ: Թիթեռները ունեն զույգ թևեր, որոնք պատված են թեփուկներով: Թեփուկները տափակացած խիտինե մազիկներ են, որոնք պարունակում են բազմապիսի գունանյութեր, որոնք բազմազանություն են տալիս թիթեռներին: Այդ պատճառով թիթեռները կոչվում են թեփուկաթևավորներ:
Բոլոր միջատների կուրծքը իր վրա կրում է \(3\) զույգ քայլելու ոտքեր, որի համար նրանց նաև վեցոտանիներ են անվանում: Միջատների ոտքերը ծառայում են վազելու, ցատկելու, փորելու կամ լողալու համար:
Կրծքի մեջքային հատվածի վրա կարող են տեղակայված լինել միջատների \(2\) զույգ թևերը:
Թևերի կառուցվածքն ու քանակը հանդիսանում են միջատների դասակարգման հիմնական չափանիշ:

Միջատների փորիկը
Հասուն միջատների փորիկը վերջույթներ չունի: Փորիկի կողքերին կարելի է դիտարկել զույգ շնչանցքները, որոնք գնում են դեպի տրախեաներ: Փորիկում են գտնվում սեռական օրգանները:

Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Տ.Վ. Թանգամյան, Ս. Հ. Սիսակյան -Եր.: Տիգրան Մեծ, 2013, էջ 98-100
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան - Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 146-148
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան - Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 146-148
https://cache3.youla.io/files/images/720_720_out/5b/d7/5bd7356c02a55894f534f3a6.jpg
https://img1.liveinternet.ru/images/attach/d/0/139/771/139771213_gsnvRc9PaQg.jpg
https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2f/Melolontha_melolontha_insect_morphology.jpg/350px-Melolontha_melolontha_insect_morphology.jpg
http://orientalmain.club/wp-content/uploads/2018/08/exoskeleton-arthropod-4-exoskeleton-arthropod-exoskeleton-def.jpg