
















Բույսերի թագավորության ընդհանուր բնութագիրը
Բույսերը կազմում են մոլորակը բնակեցնող կենդանի օրգանիզմների կենսազանգվածի մոտ \(95\) %-ը: Նրանք տարածված են ամենուր և հանդիսանում են օրգանական նյութերի հիմնական արտադրողները: Բույսերն ունեն կարևոր և ընդհանրական առանձնահատկություններ:

Բույսերը.
- ունեն կանաչ գունանյութ,
- ինքնուրույն սինթեզում են օրգանական նյութեր,
- անշարժ են,
- աճում են գրեթե ողջ կյանքի ընթացքում:
Նշված յուրահատկություններով պայմանավորված բույսերը կազմում են առանձին թագավորություն, որը պատկանում է կորիզավորների վերնաթագավորությանը:
Բույսերն ունեն հետևյալ կարգաբանական դիրքը.

Գրեթե բոլոր բույսերն ավտոտրոֆ են, այսինքն՝ ինքնուրույն սինթեզում են անհրաժեշտ օրգանական միացությունները անօրգանականներից՝ արևի էներգիայի հաշվին: Այդ գործընթացը, ինչպես գիտենք, կոչվում է ֆոտոսինթեզ: Արդյունքում բույսերն արտադրում են օրգանական կենսազանգված, որով սնվում են հետերոտրոֆ օրգանիզմները, օրինակ՝ կենդանիները: Բացի այդ, ֆոտոսինթեզի արդյունքում արտադրվում է թթվածին, որով շնչում է կենդանի օրգանիզմների մեծամասնությունը:
Ֆոտոսինթեզն իրականացվում է հատուկ գունանյութի՝ քլորոֆիլի շնորհիվ, որը պարունակվում է բուսական բջջի հատուկ օրգանոիդներում՝ պլաստիդներում: Բացի դրանից, ֆոտոսինթեզին մասնակցում են նաև այլ գունանյութեր՝ կարոտինոիդներ, որոնք կատարում են օժանդակ դեր: Քլորոֆիլն ունի կանաչ գույն, իսկ կարոտինոիդները՝ դեղին, նարնջագույն կամ կարմիր:

Բացի պլաստիդների առկայությունից բուսական բջիջը տարբերվում է նաև հաստ և ամուր բջջապատով, որը գտնվում է պլազմային թաղանթի արտաքին մասում: Այն հիմնականում կազմված է ցելյուլոզայից: Բջջապատի ամրությամբ է պայմանավորված բույսերի ցածր շարժունակությունը:
Նաև, ի տարբերություն կենդանիների, բույսերը բնութագրվում են անսահմանափակ աճով, այսինքն աճում են ամբողջ կյանքի ընթացքում:

Կախված կառուցվածքից՝ բոլոր բույսերը բաժանվում են \(2\) մեծ խմբերի՝ բարձրակարգ բույսեր և ստորակարգ բույսեր: Դրանք միավորվում են համանուն ենթաթագավորություններում.
1. Ստորակարգ բույսերի ենթաթագավորություն
Ստորակարգ բույսեր
Սրանք ավելի հասարակ կառուցվածք ունեն: Նրանք կարող են լինել միաբջիջ և բազմաբջիջ: Բազմաբջիջ ստորակարգ բույսերի մարմինը կոչվում է թալոմ: Այս բույսերը չունեն մասնագիտացված օրգաններ և հյուսվածքներ:
Ուշադրություն
Ստորակարգ բույսերն ի տարբերություն բարձրակարգեր բույսերի չունեն բարդ հյուսվածքային կառուցվածք:
Ստորակարգ բույսերի ենթաթագավորության մեջ մտնում են ջրիմուռները:

Բարձրակարգ բույսեր
Բարձրակարգ բույսերն ունեն իսկական հյուսվածքներ և գործառութային մասնագիտացում անցած օրգաններ: Բարձրակարգ բույսերը հրաշալի հարմարված են բնության տարաբնույթ պայմաններին:
Բարձրակարգ բույսերին բնորոշ է նաև բազմացման ձևերի կատարելագործված դրսևորումը:
Բազմացման առանձնահատկությունների հիման վրա բարձրակարգ բույսերը լինում են.
- սպորավորներ` անսեռ բազմացում բազմանում են սպորներով, որոնք հասունանում են սպորանգիումներում: Դրանցից են մամուռները և պտերանմանները:

- մերկասերմեր` կատարելագործված սեռական բազմացում, բազմանում են սերմերով, որոնք հասունանում են կոներում: Դրանցից են փշատերևները:

- ծածկասերմեր կամ ծաղկավորներ` կատարյալ սեռական բազմացում, բազմանում են սերմերով, որոնք հասունանում են պտուղներում: Դրանցից են ծաղկավոր բույսերը:

Բարձրակարգ բույսերի թվին են պատկանում՝ մամուռները, պտերները, ձիաձետերը, գետնամուշկերը, փշատերևները, ծաղկավորները:

- Մամուռները, պտերները, ձիաձետերը և գետնամուշկերը բազմանում են սպորներով և պատկանում են բարձրակարգ սպորավորներին:
- Մերկասերմերը և ծածկասերմերը բազմանում են սերմերի միջոցով և պատկանում են բարձրակարգ սերմնավորներին:
Բարձրակարգ բույսերից միայն ծածկասերմերն ունեն ծաղիկ, որի համար կոչվում են նաև ծաղկավոր բույսեր:

Բույսերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու մեծ խմբի`
- Վայրի բույսեր - հանդիպում են վայրի բնության մեջ, աճում և բազմանում են ազատ: Օրինակ` բարդին, խատուտիկը, կաղնին, երիցուկը և այլն:
- Մշակովի բույսեր - հանդիպում են ջերմոցներում, այգիներում, դաշտերում, աճում և բազմանում են մարդու միջամտությամբ: Օրինակ` ցորենը, խաղողը, կարտոֆիլը, վարդը և այլն: Մարդը մշակովի բույսերից ստանում է տնտեսական օգուտ:
Մարդուն հայտնի բոլոր բույսերը դասակարգված են բույսերի թագավորության շրջանակներում: Փորձենք անդրադառնալ ծածկասերմ բույսերի դասակարգմանը, որոնք պատկանում են բարձրակարգ բույսերի ենթաթագավորությանը:
Ծածկասերմերը բաժանվում են երկու դասի.
- Երկշաքիլավորների դաս
- Միաշաքիլավորների դաս
Դասերն ունեն իրենց կարգերը.
- Կապարազգիների կարգ
- Դաշտավլուկազգիների կարգ
Կարգերը ստորաբաժանվում են ընտանիքների.
- Խաչածաղկավորների ընտանիք
- Հացազգիների ընտանիք
Ընտանիքները` ցեղերի.
- Կաղամբ
- Ցորեն
Ցեղերը` տեսակների.
- Կաղամբ վայրի
- Ցորեն վայրի
![]() | ![]() |
Ցանկացած օրգանիզմի պարագայում տեսակին միշտ տրվում է կրկնակի անվանում, ըստ որի նշվում է սկզբում ցեղի, ապա տեսակի անվանումը (կաղամբ վայրի): Տեսակի կրկնակի անվանակոչումը առաջարկել և շրջանառության մեջ է դրել Կարլ Լիննեյը:
Բույսերի դասակարգման բնագավառում ﬔծ աշխատանք է կատարել աշխարհահռչակ հայ գիտնական Արմեն Լևոնի Թախտաջյանը: