
















Տափակ որդերի կառուցվածքային առանձնահատկությունները
Տափակ որդերի կառուցվածքը կդիտարկենք սպիտակ պլանարիայի օրինակով, որը ազատ ապրող օրգանիզմ է:
Պլանարիան \(1-2\) սմ երկարությամբ տերևաձև որդ է, բնակվում է մեծամասամբ լճակներում, գետերի հատակին: Հիմնականում վարում է թաքնված կենսակերպ: Սպիտակ պլանարիա կարելի է գտնել նաև քարերի մեջ, ջրի մեջ գտնվող տերևների, կոճղերի ստորին մակերեսներին: Պլանարիայի մարմինը ամբողջությամբ պատված է թարթիչներով, որը դյուրացնում է տեղաշարժումը: Մարմնի հետևի ծայրը սուր է, իսկ առջևի հատվածը լայնացած է և կողքերին կրում է մեկական փոքրիկ շոշափուկանման ելուստ:
Սպիտակ պլանարիայի մարմնի առջևի մասում գտնվում են նրա զգայական օրգանները, որոնցից են պլանարիայի երկու սև աչքերը:


Տափակ որդերի մոտ, ինչպես գիտեք, ի տարբերություն աղեխորշավորների, բացի էնտոդերմից և էկտոդերմից, կա մարմնի երրորդ շերտ՝ մեզոդերմ: Նրանց մարմինը ունի տափակ թիթեղիկի կամ ժապավենի տեսք, հստակ արտահայտված են մարմնի առջևի և հետևի մասերը:
Տափակ որդերը աչքի են ընկնում նաև նրանով, որ ունեն կենդանական չորս հիմնական հյուսվածքները՝ էպիթելային, շարակցական, նյարդային, մկանային:
Սպիտակ պլանարիան ունի նյարդային, մարսողական, արտազատական և սեռական օրգան - համակարգեր, որոնք թերևս ունեն բավականին պարզ կառուցվածք:

Պլանարիան բազմանում է և՛ անսեռ, և՛ սեռական եղանակներով:
Ունի միաժամանակ ինչպես արական, այնպես էլ իգական սեռական օրգաններ, այսինքն հերմաֆրոդիտ օրգանիզմ է:
Մարմնի կառուցվածքը
Տափակ որդերի մարմինը իրենից ներկայացնում է մաշկամկանային պարկ՝ առանց ներքին խոռոչի: Այն ծածկված է էպիթելով, որի տակ գտնվում է մկանային շերտը: Օրգանների միջև տարածությունը լցված է մանր շարակցական բջիջներով՝ պարենքիմայով: Նրանք կատարում են հենարանային և սնուցող ֆունկցիա և կուտակում են կենդանական ածխաջուր՝ գլիկոգեն:

Նյարդային համակարգ
Տափակ որդերի մոտ դիտարկվում է նյարդային համակարգի կատարելագործում:
Ի տարբերություն աղեխորշավորների ցանցային նյարդային համակարգի՝ տափակ որդերը ունեն կենտրոնացված նյարդային համակարգ:
Տափակ որդերի նյարդային համակարգը ունի՝
\(1.\) Զույգ նյարդային հանգույց, որոնք տեղակայված են մարմնի առջևի մասում: Այդ զույգ հանգույցները կառավարում են պլանարիայի կենսագործունեությունը:
\(2.\) Նյարդային հանգույցներից դուրս եկող նյարդային բներ, որոնք ձգվում են մարմնի ամբողջ երկայնքով և միանում են միմյանց լայնակի նյարդային լարերով: Դրանք ապահովում են օրգանիզմի ամբողջական միասնությունը:
Զգայարանները ներկայացված են մաշկային թարթիչներով՝ նյարդային բջիջների ելուստներով:
Բացի այդ, ազատ կենսակերպ ունեցող որդերը, բարձր շարժունակությամբ պայմանավորված, ձեռք են բերել նաև զգայարաններ՝ լուսազգայուն աչքեր և հավասարակշռության օրգան:

Մարսողական համակարգ.
Տափակ որդերին բնորոշ է մարսողության ինքնուրույն օրգան - համակարգ:
Տափակ որդերի մարսողական համակարգը սկսվում է բերանային անցքից, որն անցնում է մկանային կլանի, իսկ այն՝ աղիքի մեջ: Բերանը կատարում է սնունդը բռնելու դեր, իսկ կլանը փոխադրական ուղի է, որով կատարվում է սննդի ընդունումը:
Աղիքը ծածկված է գեղձային էպիթելով և ունի ճյուղավորումներ, որտեղ և կատարվում է մարսողությունը: Այն փակ է, այսինքն՝ չի բացվում դեպի արտաքին միջավայր հետանցքով: Չմարսված սնունդը դուրս է բերվում օրգանիզմից բերանի միջոցով:
Որոշ մակաբույծ տեսակների մոտ մարսողական համակարգը բացակայում է:

Արտաթորական համակարգ
Թարթիչավոր որդերն առանձնահատուկ են նրանով, որ առաջին անգամ դրսևորում են կազմավորված արտաթորության օրգան - համակարգ, ինչը զարգացած բազմաբջջային կազմավորվածության արդյունք է:
Արտաթորական համակարգը ներկայացված է նախաերիկամներով, որոնք իրենցից ներկայացնում են \(2\) ճյուղավորված խողովակ, որոնք ձգվում են մարմնի երկայնքով և հաղորդակցվում են արտաքին միջավայրի հետ արտազատող անցքերի միջոցով: Դրանցով օրգանիզմից հեռացվում են նյութափոխանակության հեղուկ արգասիքները և ջրի ավելցուկը:

Սեռական համակարգ
Այն կազմված է իգական և արական սեռական օրգաններից՝ ձվարաններից և սերմնարաններից համապատասխանաբար: Պլանարիայի մարմնի առջևում գտնվում են երկու ձվարաններ, իսկ սերմնարանները բազմաթիվ են, մանր և արտազատական խողովակներին զուգահեռ ձգվում են մարմնի երկու կողմերով:
Սպիտակ պլանարիայի բեղմնավորումը խաչաձև է:

Պլանարիայի մոտ բացակայում է փոխադրող՝ արյունատար համակարգը: Սննդանյութերը դիֆուզիայի միջոցով ցրվում են մարմնով մեկ: Շնչառական համակարգը նույնպես բացակայում է, տափակ որդերը շնչում են մարմնի ամբողջ մակերեսով, թթվածինը տարածվում է մարմնով նույնպես դիֆուզիայի օրենքով:
Աղբյուրները
Տ. Թանգամյան, Ս. Սիսակյան // Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը, 7 դասարան // Երևան, «Տիգրան Մեծ», 2007, էջ 79-82
https://thumbs.gfycat.com/EnragedMealyCatfish-size_restricted.gif
https://animals-world.ru/wp-content/uploads/2014/02/ploskie-chervi-razrez.jpg
https://cf.ppt-online.org/files1/slide/u/U2LAxa6Mmry4RB0Q1CFHvcXlSpIGgjNdtTVuqKW3h5/slide-9.jpg
https://cf.ppt-online.org/files2/slide/u/umdH6GpS9lAYtW0IxsR4jEoPNhOvQCJnq1wZgB/slide-20.jpg
https://cdn2.arhivurokov.ru/multiurok/html/2018/03/06/s_5a9e852f36c02/s849945_1_4.png
http://present5.com/presentation/178118399_437387194/image-18.jpg