Բազմաբջիջ կենդանիների ենթաթագավորության ընդհանուր բնութագիրը
Բազմաբջիջ կենդանիների ենթաթագավորությունը կազմում են զարգացման առավելագույն աստիճանի հասած կենդանի օրգանիզմները: Բազմաբջիջ կենդանիների հիմնական կարգաբանական տիպերը և դասերը, սկիզբ առնելով միմյանցից, հասել են զարգացման բարձրագույն աստիճանի: Բազմաբջիջ կենդանիներից օղակավոր որդերը սկիզբ են տվել առավել կատարյալ մյուս բոլոր օրգանիզմներին: Միջատները հանդիսանում են բնության մեջ ամենաբազմազան օրգանիզմները, ձկները, իրավամբ, ջրային տարածության տիրակալներն են: Բազմաբջիջ կենդանիների ենթաթագավորությունից մարդը ներկայանում է որպես բնության զարդ ու կատարելություն:
Բազմաբջիջ կենդանիների օրգանիզմը կազմված է միլիոնավոր բջիջների ամբողջությունից, որոնց համակարգված և ամբողջական աշխատանքը այն դարձնում է միավորված ընդհանրական համակարգ:
Բազմաբջիջ օրգանիզմների բջիջները կառուցվածքի և գործառնության հիմնական գծերով նման են միաբջիջ կենդանիների բջիջներին:
Բազմաբջիջ կենդանիների օրգանիզմը.
- ունի մասնագիտացված բջիջներ,
- ունի մասնագիտացված բջիջներից կազմված տարբերակված հյուսվածքներ,
- ունի տարբեր հյուսվածքներից կազմված և խիստ որոշակի գործառույթ ունեցող օրգաններ,
- ունի տարբեր գործառույթներ, բայց նույն նշանակությամբ օրգաններից համախմբված օրգան - համակարգեր,
- ունի մինչև \(10\) հիմնական օրգան - համակարգերից և մինչև \(4\) հիմնական հյուսվածքներից կազմված օրգանիզմ:
Նշված յուրահատկություններով պայմանավորված` բազմաբջիջ կենդանիները կազմում են առանձին ենթաթագավորություն, որը պատկանում է կենդանիների թագավորությանը:
Բազմաբջիջ կենդանիները ունեն հետևյալ կարգաբանական դիրքը.
Անողնաշարավորների կազմի մեջ մտնում են.
- Աղեխորշավորների տիպը. ներկայացուցիչներն են մեդուզաները:
- Տափակ որդերի տիպը. ներկայացուցիչն է պլանարիան:
- Օղակավոր որդերի տիպը. ներկայացուցիչն է անձրևորդը:
- Փափկամարմինների տիպը. ներկայացուցիչն է խխունջը:
- Հոդվածոտանիների տիպը. ներկայացուցիչներն են խեցգետնակերպերը, սարդակերպերը, միջատները:
Ողնաշարավորների կազմի մեջ մտնում է քորդավորների տիպը.
- Ձկների դասը. ներկայացուցիչն է շնաձուկը:
- Երկկենցաղների դասը. ներկայացուցիչն է գորտը, սալամանդրան:
- Սողունների դասը. ներկայացուցիչն է մողեսը, օձը:
- Թռչունների դասը. ներկայացուցիչն է թութակը:
- Կաթնասունների դասը. ներկայացուցիչն է կապիկը, մարդը:
Բազմաբջիջ կենդանիներին բնորոշ են կենդանիներին բնորոշ բոլոր հիմնական հատկանիշները.
- Հետերոտրոֆ են. հետևաբար սննդի ակտիվ հայթհայթողներ են:
- Տեղաշարժվում են՝ որպես զարգացման առանձնահատկություն:
- Աճում են սահմանափակ ժամանակահատվածով:
- Ունեն փոխադրման հատուկ համակարգ, որը գործարկում է արյունը:
- Արտազատում են ազոտ պարունակող հատուկ միացություններ, հատկապես՝ միզանյութ:
- Պահեստավորում են սննդանյութեր՝ ճարպի և գլիկոգենի ձևով:
- Բնորոշ է մարմնի հստակ, կայուն և կանոնակարգված ձև, որը ապահովում են, օրինակ՝ կմախքը, մկանները, մաշկը:
Տեղաշարժման բնույթով պայմանավորված` ձևավորվել է բազմաբջիջների մարմնի համաչափությունը:
\(ա)\) Հատակին ամրացած և պասիվ տեղաշարժվող օրգանիզմներին հատկանշական է մարմնի ճառագայթային համաչափությունը:
Օրինակ՝ սպունգը, հիդրան, մեդուզան, ծովաստղը:
\(բ)\) Ազատ կենսակերպ վարող և ակտիվ տեղաշարժվող օրգանիզմներին հատկանշական է մարմնի երկկողմ համաչափությունը:
Օրինակ՝ խեցգետինները, ձկները, թռչունները, մարդը:
Ակտիվ տեղաշարժումը, ինչպես գիտեք, հանգեցրել է թթվածնի պահանջարկի ավելացման, ինչի արդյունքում որոշակի փուլից հետո բազմաբջիջներին բնորոշ են դարձել շնչառական օրգանները:
- Խռիկներով շնչում են ջրային կյանք վարող կենդանիները՝ խեցգետինները, ձկները:
- Շնչառական խողովակներով շնչում են ցամաքային կենսակերպ վարող կենդանիները՝ սարդերը, բզեզները, թիթեռները:
- Մաշկային ծածկույթի շնորհիվ շնչում են կիսաջրային կենսակերպ վարող օրգանիզմները՝ գորտերը, դոդոշները, սալամանդրաները:
- Թոքերով շնչում են ցամաքային կենսակերպ վարող կենդանիները՝ թռչունները, գազանները, մարդը:
Պարզ զարգացած բազմաբջիջ կենդանիները տեղաշարժվում են ողջ մարմնով և հատուկ օրգաններ չունեն: Օրինակ՝ որդերը:
Ակտիվ տեղաշարժումը հնարավոր է դառնում միայն հատուկ մասնագիտացված օրգանների միջոցով:
Տարբերակում ենք տեղաշարժում ապահովող երեք հիմնական օրգաններ՝
1. Լողակներ - տեղաշարժվում են ջրային միջավայրում: Օրինակ՝ ձկները, ջրային կրիաները, դելֆինները, կետերը:
2. Թևեր- տեղաշարժվում են օդային միջավայրում: Օրինակ՝ մեղուները, թութակները, թռչող դինոզավրերը, չղջիկները:
3. Ոտքեր- տեղաշարժվում են ցամաքային միջավայրում: Օրինակ՝ գորտերը, ծղրիդները, մողեսները, մարդը:
Կառուցվածքային հիմնական հատկանիշներով պայմանավորված բոլոր բազմաբջիջ կենդանիները բաժանվում են \(2\) մեծ խմբի՝ անողնաշարավորների և ողնաշարավորների:
Դրանք ևս իրենց հերթին դասակարգվում են ըստ ավելի փոքր առանձնահատկությունների.
Ողնաշարավոր կենդանիներ՝
- Տաքարյուններ - թռչուններ, կաթնասուններ, մարդ
- Սառնարյուններ - ձկներ, գորտեր, սողուններ
Անողնաշարավոր կենդանիներ՝
Այնուհանդերձ պետք է նշել, որ անողնաշարավորները ևս, իրենց մարմնի ջերմաստիճանից ելնելով, սառնարյուն են:
- Անոտանիներ - մեդուզաներ, որդեր
- Հոդվածոտանիներ - սարդեր, կարիճներ, մրջյուններ
Բազմաբջիջ կենդանիները, ինչպես նշեցինք, բաժանվում են երկու խմբի՝
\(I\). Անողնաշարավոր կենդանիների
\(II\). Ողնաշարավոր կենդանիների
Դրանցից յուրաքանչյուրն ունի իր տիպերը՝
\(I\). Հոդվածոտանիներ
\(II\). Քորդավորներ
Տիպերից յուրաքանչյուրը ունի իր դասերը՝
\(I\). Միջատներ
\(II\). Կաթնասուններ
Դասերը ստորաբաժանվում են կարգերի՝
\(I\). Թիթեռներ
\(II\). Գիշատիչներ
Կարգերը ստորաբաժանվում են ընտանիքների՝
\(I\). Առագաստավորներ
\(II\). Արջեր
Ընտանիքները` ցեղերի՝
\(I\). Ապոլլոններ
\(II\). Պանդաներ
Ցեղերը` տեսակների՝
\(I\). Ապոլոն ակտիուս
\(II\). Մեծ պանդա
Աղբյուրները
Տ. Թանգամյան, Ս. Սիսակյան // Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը, 7 դասարան // Երևան, «Տիգրան Մեծ», 2007, էջ 70-71
https://previews.123rf.com/images/vecton/vecton1706/vecton170600186/80712766-education-chart-of-biology-for-classification-of-animals-diagram.jpg
https://cs8.pikabu.ru/post_img/big/2016/12/02/9/148069170713106537.png
https://родина-моя.рф/uploads/posts/2018-08/1534248500_apollo-5.jpg
http://www.hdfondos.eu/pictures/2013/0114/1/orig_719852.jpg