
















Ընկալման ձևից կախված` նշանները լինում են. տեսողական, լսողական, շոշափելի, հոտառական և համային:
Տեսողական նշանները մենք ընկալում ենք տեսողության շնորհիվ: Այդպիսիք են տառերն ու թվերը, երաժշտության նոտաները, երթևեկության նշանները և այլն:
Լսողության միջոցով ստացած լսողական նշանների թվին են պատկանում բանավոր խոսքում օգտագործվող հնչյունները, տարբեր ձայնային ազդանշանները (զանգ, ամպրոպի որոտ, ավտոմեքենաների ազդանշաններ և այլն):
Շոշափելի նշանների շարքին կարելի է դասել կույրերի համար ստեղծված այբուբենը, որը մշակվել է \(XIX\) դարի կեսերին ֆրանսիացի գիտնական Լուի Բրայլի կողմից: Այս այբուբենում յուրաքանչյուր տառին թղթի վրա արված որոշակի անցքերի համախումբ է համապատասխանում. մատները թղթի վրա սահեցնելով ու անցքերը շոշափելով կարելի է ընթերցել համապատասխան տեքստը:
Հոտառական և համային նշանները մարդկանց համար ինֆորմացիա փոխանցելու հիմնական միջոց չեն համարվում. դա առավել յուրահատուկ է կենդանական աշխարհին:
Ինֆորմացիա փոխանցելու համար մարդիկ կիրառում են հատուկ նշաններ` ազդանշանների տեսքով: Տարբերում են ձայնային, լուսային, ջերմային և այլ տիպի ազդանշաններ: Ազդանշանները կարող են արտահայտվել շարժումների, բառերի, դիմախաղի և այլ պայմանանշանների միջոցով:
Որոշակի նպատակով համախմբված նշանների հավաքածուն անվանում են նշանային համակարգ:
Այդպիսիք են բնական լեզուները, հաշվման համակարգերը և այլն:
Մարդիկ ինֆորմացիա փոխանակելու նպատակով բնական լեզուներ են օգտագործում` հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, չիներեն և այլն: Այսպիսով` ինֆորմացիան նախ և առաջ ներկայացվում և փոխանցվում է բնական լեզուների միջոցով: Բնական լեզուների հիմքում տարբեր այբուբեններ են ընկած:
Այբուբենը պայմանանշանների հավաքածու է, որի միջոցով հնարավորություն է ստեղծվում արտահայտելու յուրաքանչյուր լեզվին յուրահատուկ հնչյունների համակարգը: Հայերեն լեզվի հիմքում ընկած է \(39\) պայմանանշան (տառ) պարունակող այբուբեն, անգլերենում` \(26\), ռուսերենում \(32\), չիներենում` տասնյակ հազարավոր պայմանանշաններ պարունակող այբուբեն: Ուղղագրության կանոնների համաձայն` այբուբենի տառերով կազմվում են լեզվի հիմնական օբյեկտները` բառերը, այնուհետև բառերի միջոցով, քերականության կանոնների համաձայն` նախադասությունները: Թե՛ քերականության, և թե՛ ուղղագրության կանոնների համակարգերը պատմական հիմք ունեն, և, չնայած դրան` բոլոր բնական լեզուներն էլ այդ կանոններից բացառություններ են պարունակում:
Բնական լեզուներից բացի` մարդը ստեղծել է նաև մի շարք, այսպես կոչված, ֆորմալ լեզուներ` հաշվարկման համակարգեր, ծրագրավորման լեզուներ և այլն: Ֆորմալ լեզուները, ի տարբերություն բնական լեզուների` քերականության և ուղղագրության խիստ կանոններ ունեն: Ֆորմալ լեզուներում որպես նշաններ օգտագործում են ինչպես թվեր ու տառեր, այնպես էլ այլ միջոցներ` քիմիական բանաձևեր, նոտաներ, երթևեկության նշաններ և այլն:
Եթե բանավոր խոսքում ինֆորմացիան փոխանցվում է հիմնականում ձայնային ազդանշանների միջոցով, ապա համակարգչային ինֆորմացիան ներկայացվում և փոխանցվում է կոդերի միջոցով:
Կոդավորելու գործընթացում երկու տարբեր նշանային համակարգերի պայմանանշանների միջև միարժեք կապը հաստատվում է, այսպես կոչված` համապատասխանության աղյուսակի միջոցով:
Համակարգչի կիրառմամբ ինֆորմացիա փոխանակելիս հաճախ է անհրաժեշտություն առաջանում կոդավորման և ապակոդավորման գործողություններ իրականացնել: Ստեղնաշարից ցանկացած պայմանանշան ներմուծելիս ավտոմատ կերպով պայմանանշանի կոդավորում է իրականացվում, այսինքն` այն ձևափոխվում է համապատասխան համակարգչային կոդի, իսկ արտածելիս ենթարկվում է ապակոդավորման, այսինքն` դրա համակարգչային կոդը համապատասխանեցվում է իր գրաֆիկական պատկերին` նշանին:
Ինչպես արդեն գիտեք, համակարգչում ներկայացվող ողջ ինֆորմացիան ներկայացվում է թվերի տեսքով, բայց այստեղ գործածվում են միայն երկու` \(0\) և \(1\)թվանշանները և կիրառվող համակարգն էլ անվանում են երկուական: Համակարգչում երկուական համակարգը կիրառելն ամենահարմարն է, քանի որ, ինչպես գիտեք` համակարգիչն աշխատում է էլեկտրական հոսանքի շնորհիվ: Ընդ որում` \(0\)-ն հոսանքի բացակայությունն է, \(1\)-ը` առկայությունը:
Ուշադրություն
Հաշվման հայկական համակարգում օգտագործվել են հայերեն այբուբենի տառերը: Այստեղ միավորներն արտահայտվում են ա-թ, տասնավորները` ժ-ղ, հարյուրավորները` ճ-ջ, հազարավորները` ռ-ք տառերով: