Առաջին վտանգը, որը կարող է հանդիպել համակարգչին առնչվող յուրաքանչյուրին՝ համակարգչային վիրուսն է։ Համակարգչային վիրուսի առաջին «համաճարակը» տեղի ունեցավ \(1986\) թվականին, երբ \(Brain\) (ուղեղ) անվամբ վիրուսով սկսեցին «վարակվել» ճկուն մագնիսական սկավառակները։ Ներկայումս հայտնի են մոտ \(5\) հազարից ավելի վիրուսներ, որոնք տարածվելով համակարգչային ցանցով՝ վարակում են դրանց հետ համագործակցող համակարգիչները։
Ընդհանուր առմամբ վիրուսը փոքրածավալ ծրագիր է, որի ստեղծողներն այն մեծապես օժտում են նաև «ինքնաբազմացման» ունակությամբ։ Վիրուսակիր ծրագիրը կարող է ամենատարբեր գործողությունների «հեղինակ» հանդիսանալ՝ սկսած ամենաանմեղներից՝ էկրանին բերվող պատկերի աղավաղում, երաժշտական հոլովակների ցուցադրում և այլն, մինչև լրջորեն վնասելը՝ համակարգչային տվյալների ոչնչացում և նույնիսկ համակարգչի առանձին միկրոսխեմաների անսարքության առաջացում։ Համակարգիչը վարակելուց հետո վիրուսը կարող է «թաքնվել» ու «հարձակման անցնել» որոշակի իրադարձությունից՝ շաբաթվա որևէ օրվանից, կոնկրետ ամսաթվից, կիրառական որևէ ծրագրի աշխատելուց, փաստաթուղթ բացելուց հետո միայն։
Ուշադրություն
Ասենք, որ տեքստային բնույթ կրող ֆայլերը վիրուսակիր չեն լինում, սակայն վիրուսը կարող է փոփոխման ենթարկել դրանք։
Կախված այն բանից, թե ինչ տիպի ծրագրեր են վարակում՝ վիրուսները կարելի է բաժանել հետևյալ տիպերի.
• ֆայլային (երբեմն զանազանում են սրանց ծրագրային և մակրովիրուսային տարբերակները). սրանք վարակում են սկավառակների վրա եղած ծրագրեր և փաստաթղթեր պարունակող ֆայլերը։ Վերջերս հատկապես տարածում են գտել այնպիսի մակրովիրուսներ, որոնք ունակ են ներդրվելու միանգամից մի քանի հավելվածներում. այդպիսին է, օրինակ \(Nriplicate\) անունը կրող վիրուսը։ Նման վիրուսակիր ծրագրի աշխատանքը սկսելուց հետո վիրուսը տեղակայվում է համակարգչի օպերատիվ հիշողության մեջ և կարող է մինչև մեքենան անջատելը վարակել այդ ընթացքում կիրառված ծրագրերը։
• բեռնավորվող. սրանք վնասում են սկավառակների այն տիրույթները, որոնք ծառայում են օպերացիոն համակարգի բեռնավորման համար։ Նման վիրուսի օրինակ է հայտնի \(Win95CIH\) «Չեռնոբիլ» անվամբ վիրուսը, որը \(1998\) թվականի գարնանը հազարավոր համակարգիչներ շարքից հանեց։
• տրոյական. սրանք այն վտանգավոր վիրուսներն են, որոնք ունակ են «գաղտնի» աշխատելու։ Այդ ընթացքում կարող են ոչ միայն համացանց մտնելու Ձեր գաղտնաբառը, այլև վարկային կտրոնի համարն իմանալ, այնուհետև այդ տեղեկություններն Համացանցով այլ համակարգիչ ուղարկել։ Հիմնավորվելով վերջինիս վրա՝ նման վիրուսներն այնուհետև սկսում են գործել Ձեր անունից։
Իսկ ի՞նչ «ախտանիշներով» է բնորոշվում վիրուսի առկայությունը.
ա) համակարգչի աշխատունակության նվազում (այն սկսում է դանդաղ աշխատել՝ երկար «մտածել»),
բ) համակարգչով աշխատելու ընթացքում օպերացիոն համակարգի ավտոմատ վերաբեռնավորում,
գ) տեքստային փաստաթղթերի աղավաղում,
դ) կիրառական ծրագրերի աշխատանքի վթարային ելք,
ե) ճկուն և կոշտ սկավառակների վրա եղած ֆայլերի բազմաթիվ կրկնօրինակների ստեղծում և այլն։
Իսկ ինչպե՞ս պաշտպանվել նման վտանգ ներկայացնող վիրուսներից։
Նախ՝ պետք է հնարավորինս սահմանափակել համակարգչին առնչվող մարդկանց քանակը՝ այդ նպատակով հատուկ նշանաբան կիրառելով։ Սակայն ամենակարևորը՝ պետք է ունենալ հակավիրոաային միջոցներ և ժամանակ առ ժամանակ կիրառել դրանք: Նման ծրագրերը հնարավորություն են տալիս հայտնաբերել վարակված ֆայլերը, վերականգնել («բուժել») դրանք՝ հեռացնելով վիրուսակիր մասերը։ Գոյություն ունեն նաև հատուկ հակավիրուսային ծրագրեր, որոնք ամեն անգամ սկավառակին դիմելիս ստուգում են դրա վրա վիրուսի առկայությունը և հայտնաբերելիս՝ հայտնում այդ մասին։ Որոշ դեպքերում մինչև «բուժելը» ֆայլը վիրուսի կողմից այնպիսի փոփոխությունների է ենթարկված լինում, որ այլևս այն չի հաջողվում վերականգնել. նման ֆայլերը պետք է ջնջվեն, ոչնչացվեն։
Լայնորեն կիրառվող հակավիրուսային միջոցներից են Kaspersky, Dr. Web 7, ESETNOD32, NortonInt. Security, BitDefender, Comodo, Avira, Avast փաթեթները։
Ուշադրություն
Համակարգիչները վիրուսակիր ծրագրերից պաշպանելու համար պետք է՝
- հակավիրուսային ծրագրերի օգնությամբ պարբերաբար ստուգել համակարգչի աշխատունակությունը,
- մինչև սկավառակներից ինֆորմացիա կարդալը՝ ստուգել դրա վրա վիրուսի առկայությունը,
- այլ համակարգիչներով աշխատելիս սկավառակները պաշտպանել դրանց վրա ինֆորմացիա գրանցելուց,
- արժեքավոր տվյալների ֆայլերի կրկնօրինակ ստեղծել,
սկավառակը չթողնել սկավառակակրի մեջ, - չօգտագործել անհասկանալի «պահվածքով» ծրագրեր,
- հակավիրուսային ծրագրերը պարբերաբար թարմացնել (փոխարինել դրանց նոր տարբերակներով)։