Մեր օրերում անհնար է առանց  էլեկտրոնային փոստի հասցե ունենալու գործունեություն ծավալել համացանցում։ Ցանցերի միջոցով նամակագրության առաքումը համացանցի ընձեռած ևս մի հնարավորություն է։
 
Էլեկտրոնային  փոստն  աշխատում  է բաժանորդային  արկղերի  սկզբունքով.  օրվա ցանկացած ժամին ձեզ հասցեագրված նամակները հավաքվում են գլոբալ ցանցերի մեջ միավորված հատուկ ծրագրային ապահովում ունեցող համակարգիչներից որևէ մեկի՝ այսպես կոչված սերվերի վրա։ Սակայն հասկանալի է, որ դրա համար նախօրոք պետք է այդ համակարգչի վրա ունենալ «փոստարկղ»՝ մի հասցե, ուր պետք է հավաքվեն ձեզ ուղղված նամակները։ Այստեղ դրանք պահպանվում են տվյալ համակարգչի կոշտ սկավառակի վրա այնքան ժամանակ, մինչև այն «կհանեք»։
  
1.JPG
 
Հիմա տեսնենք, թե ինչ է իրենից ներկայացնում «բաժանորդային փոստարկղ»-ի հասցեն։ Պարզ է, որ առաջին հերթին այդ հասցեն պետք է տեղեկություն պարունակի այն գլոբալ ցանցի և սերվերի մասին, ուր փոխանցվող ինֆորմացիան առաջին հերթին պետք է ուղղվի։ Այնուհետև, սրանից հետո հիերարխիկ (աստիճանակարգային) սկզբունքով, հաջորդաբար պետք է նշել մինչև նպատակային սերվեր եղած «երկրորդային» սերվերների հասցեները։ Նպատակայինը այն սերվերն է, որի վրա տեղադրված է ձեր «փոստարկղը»։
  
E-mail-ը (electronic mail - էլեկտրոնային փոստ)՝ համացանցի պատմականորեն առաջին տեղեկատվական ծառայությունն է և այսօր՝ ամենատարածվածը։
  
E-mail-ի օգնությամբ առաքվելիք էլեկտրոնային նամակը կարող է պարունակել՝

• փաստաթղթեր,
• ձայնային հաղորդագրություններ,
• գծագրեր,
• լուսանկարներ,
• տեսանյութեր, գովազդ,
• այլ տեղեկատվություն
 
էլեկտրոնային փոստը հնարավորություն է ընձեռում՝

• միաժամանակ տարբեր հասցեներով հաղորդագրություններ առաքել
• ավտոմատ կերպով պատասխանել ստացված նամակներին
• նույնատիպ հաղորդագրությունների համար կոնկրետ գործողությունների կատարման կանոններ ստեղծել. օրինակ՝ որոշակի հասցեներից ստացված գովազդային հաղորդագրությունները ջնջել
• այլ գործողություններ
 
էլեկտրոնային փոստի միջոցով առաքվող տեքստն անվանում են հաղորդագրություն սա էլեկտրոնային փոստի հիմնական հասկացություններից է։
Հաղորդագրությունը սովորական նամակի էլեկտրոնային տարբերակն է։
Հաղորդագրությունը, նամակի տեքստից բացի, պարունակում է նաև այն առաքողի և ստացողի հասցեները։

Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ էլեկտրոնային փոստի հաղորդագրությունը բաղկացած է վերնագրից և մարմնից:
  
Հաղորդագրության վերնագիրը ներառում է հետևյալ ծառայողական ինֆորմացիան.
 
• հաղորդագրության իդենտիֆիկատորը, որն ավտոմատ ձևավորվում է փոստային համակարգի միջոցով,
• ուղարկողի հասցեն, որը նույնպես ձևավորվում է ավտոմատ կերպով,
• ստացողի կամ ստացողների հասցեները, որոնք տրվում են առաքողի կողմից,
• հաղորդագրության թեման, որը տրվում է առաքողի կողմից կամ ձևավորվում է ավտոմատ,
• հաղորդագրության առաքման ժամանակը և ամսաթիվը. սրանք նույնպես ավտոմատ կերպով են ձևավորվում,
• հաղորդագրության անցած ուղին  առաքողից մինչև ստացող՝ որպես լրացուցիչ ինֆորմացիա ձևավորվում է որոշակի համակարգերի կողմից։
 
էլեկտրոնային փոստով հաղորդագրություն առաքելիս շատ կարևոր է էլեկտրոնային հասցեի ճիշտ ձևակերպումը: Հավանաբար հիշում եք, որ համացանցին կցված յուրաքանչյուր համակարգչի հասցեավորման հիմքում ընկած է հասցեավորման դոմենային համակարգը։ Ինչպես սովորական փոստով նամակ առաքելիս, այստեղ ևս պետք է նշել, թե որտե՞ղ և ո՞ւմ է հասցեագրվում ուղարկվող նամակը։
 
Այդ պատճառով «Որտեղ» մասում նշվում է ստացողի համակարգչի դոմենային հասցեն, իսկ «Ում» մասում՝ ստացողի այն պայմանական անունը, որի ներքո նա գրանցված է ցանցում:    
  
5.JPG
 
էլեկտրոնային հասցեի կազմությունը
Բերված օրինակում \(@\) նշանից ձախ գրվածը (\(kavag\)) ստացողի պայմանական անունն է, իսկ աջում գրվածը՝ ստացողի համակարգչի դոմենային հասցեն (\(matenadaran՝\) Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ (Մատենադարան), \(am\)՝ երկիրը որոշող դոմեն (Հայաստան))։
էլեկտրոնային հասցեն գրվում է միայն լատինական տառերով և բացատանիշ չի պարունակում։
Ընդունված է, որ էլեկտրոնային փոստով առաքված ցանկացած հաղորդագրությանը կցված լինի համառոտ բովանդակություն, որում արծարծվի հաղորդագրության թեման:
Առաքված հաղորդագրության բուն տեքստն անվանում են հաղորդագրության մարմին:
Ինչպես արդեն գիտեք, հաղորդագրության հետ մեկտեղ այլ ինֆորմացիա ևս կարող է առաքվել դրան կցված ֆայլերի միջոցով։ էլեկտրոնային փոստի տարբեր ծրագրային միջավայրերում նման ֆայլերի կցագրումն իրականացվում է տարբեր ձևերով։

Ուշադրություն
Հաղորդագրությանը կցված գրաֆիկական և ձայնային ֆայլերը հիշողության մեծ ծավալ են զբաղեցնում, այդ պատճառով դրանց առաքումը դանդաղ է ընթանում։