Սկաներ (Scaner)
Համակարգչային տեխնիկայում ներկայումս լայն կիրառում է գտել սկաները (տեսածրիչ), որի օգնությամբ գրաֆիկական կամ տեքստային ինֆորմացիան թղթից ներմուծվում է համակարգիչ։
Սկաների աշխատանքը սկզբունքորեն հիշեցնում է մարդու աչքի աշխատանքը։ Լույսի աղբյուրի օգնությամբ լուսավորված պատկերը մանրազննորեն «դիտվում է» «էլեկտրոնային աչքով»։ Սկաները տող առ տող «դիտում» է պատկերի 0,05 մմ տրամագծով յուրաքանչյուր տիրույթ, այնուհետև «ընթերցված» ինֆորմացիան վերածում է մեքենայական կոդի և փոխանցում համակարգիչ։ Այսպիսով սկաները փոխանցում է գրաֆիկական պատկերի կետային նկարագիրը՝ էլեկտրոնային պատճենը։
Սկաների համար հիմնականում բնութագրիչ են համարվում հետևյալ պարամետրերը.
• գույների հետ աշխատելու ունակությունը,
• տեսածրման թույլատրելի ունակությունը,
• տեսածրվող թղթի չափը,
• տեսածրման արագությունը։
Պատկերները տեսածրելու հնարավորությունից կախված տարբերում են սև– սպիտակ և գունավոր սկաներներ։
Սկաների տեսածրման թույլատրելի ունակությունը պատկերի 1 դյույմի մեջ առկա տեսածրված կետերի քանակն է. սա բնութագրում է տեսածրման որակը։ ժամանակակից սկաներների տեսածրման թույլատրելի ունակությունը կազմում է 600 և ավելի dpi(dot per inch դյույմի մեջ առկա կետերի քանակը)։
ժամանակակից սկաներները կարող են ինֆորմացիա «կարդալ» A2, A3 կամ A4 չափի թղթերից։
Պլոտեր (Ploter)
Բարձր որակի գունավոր փաստաթղթերի արտադրության ժամանակ նկարիչների, դիզայներների, ճարտարագետների, նախագծողների համար անփոխարինելի սարք Է հանդիսանում պլոտերը (կորակառուցիչ)։
Պլոտեր բառը առաջացել Է անգլերեն plot բառից, որը նշանակում է գծագրել, գծագիր կազմել։
Պլոտերը համակարգչում պահված յուրատեսակ գրաֆիկական ինֆորմացիայի՝ ճարտարագիտական բարդ գծագրերի, սխեմաների, նկարների, աշխարհագրական քարտեզների արտածման համար նախատեսված սարք է։ Պլոտերի օգնությամբ կարելի է ստեղծել առավել մեծ չափերի փաստաթղթեր, քան սովորական տպող սարքի միջոցով։ Պլոտերի աշխատանքի սկզբունքը նույնն է, ինչ շիթային տպող սարքինը։ Դրանց սկզբունքային տարբերությունն այն է, որ պլոտերն ունի անընդհատ գիծ տանելու ունակություն, որն իրականացվում է հատուկ գրչածայրի օգնությամբ։
Գոյություն ունեն անվիկային և պլանշետային պլոտերներ։ Անվիկային պլոտերները ինֆորմացիան թղթի վրա վերարտադրելիս թուղթը պտտեցնում են գրչածայրի տակ, իսկ պլանշետայինները տեղաշարժում են գրչածայրը շարժվող թղթի երկայնքով։
Պլոտերները հիմնականում բնութագրվում են հետևյալ պարամետրերով.
• պատկերի կառուցման արագությունը (մեկ վայրկյանում կառուցված կորի երկարությունը՝ միլիմետրերով),
• տպագրման թույլատրելի ունակությունը (մեկ դյույմի վրա արտածված կետերի քանակը (dpi)),
• տպագրման արագությունը (մեկ րոպեում տպագրված պայմանական թերթերի քանակը)։
Ուշադրություն
էկրանի թույլատրելի ունակությունը հիմնականում որոշվում է անկյունագծի երկարության և միջփիքսելային հեռավորության հարաբերությամբ