Համակարգչի կիրառմամբ հնարավոր է կառուցել մաթեմատիկայից ձեզ արդեն հայտնի ֆունկցիաների գրաֆիկները և \(Excel\) էլեկտրոնային աղյուսակն այդ հնարավորությունն ընձեռում է։ Իսկ ինչի՞ց է պետք սկսել։ Պարզ է, որ ինչ-որ միջակայքի որոշակի կետերում ֆունկցիայի ընդունած արժեքների աղյուսակի կառուցումից։
Դրա համար պետք է հաջորդաբար կատարել հետևյալ քայլերի հաջորդականությունը.
\(>\) որևէ սյան մեջ կամ տողում ներմուծել միջակայքի այն արժեքները, որոնց համար պետք է հաշվել ֆունկցիայի արժեքները,
\(>\) որևէ բջիջ ներմուծել ֆունկցիան արտահայտող բանաձևը,
\(>\) մկնիկի ցուցիչը տեղադրել այդ բջիջի ստորին աջ գագաթում գտնվող քառակուսու վրա և երբ այն կընդունի խաչի տեսք՝ ձախ սեղմակը սեղմելով հորիզոնական կամ ուղղահայաց ուղղությամբ նշել այն վանդակները, որոնց պարունակած թվային արժեքների վրա անհրաժեշտ է տարածել այդ բանաձևը։
Եթե արգումենտի թվային արժեքները որևէ հաջորդականություն են կազմում և հայտնի է այդ հաջորդականության ստացման օրինաչափությունը, ապա կարելի է խուսափել դրանք ներմուծելու աշխատատար գործընթացից։
Դիտարկենք հետևյալ օրինակը. ենթադրենք արգումենտի արժեքները պետք է փոփոխել \([a;b]\) հատվածի վրա՝ \(d\) քայլով։ Այսինքն՝ արժեքների հաջորդականությունը պետք է լինի այսպիսին՝ \(a,\)\(a+d, a+2d, a+3d, ... \), և այլն։ Հաջորդական թվաշարքի ստացումը պետք է շարունակել այնքան, քանի դեռ ստացված արժեքը փոքր է \(b\)-ից՝ հատվածի վերջին ծայրակետից։ էլեկտրոնային աղյուսակի օգնությամբ այդ արժեքների ստացման համար ուղղակի անհրաժեշտ է աղյուսակի որևէ բջիջում ներմուծել քայլի \((d)\) արժեքը, իսկ մեկ այլ բջիջում՝ միջակայքի ստորին ծայրակետի \((a)\) արժեքը։ Հորիզոնական կամ ուղղահայաց ուղղությամբ \(a\)-ին հարևան բջիջում անհրաժեշտ է գրել բանաձև, ըստ որի այդ բջիջի պարունակությունը հավասար է իր հարևան բջիջի պարունակությանը՝ գումարած այն բջիջի պարունակությունը, որտեղ պահված է քայլի \((d)\) արժեքը։ Այսպես, օրինակ, եթե \(A1\) բջիջում պահել ենք միջակայքի ստորին ծայրակետի a արժեքը, իսկ \(D2\) բջիջում՝ քայլի \((d)\) մեծությունը, ապա արգումենտի հաջորդ արժեքը \(A2\) բջիջում կարելի է ստանալ \(=A1+$D$2\) բանաձևով, որն ուղղահայաց ուղղությամբ կարելի է տարածել անհրաժեշտ բջիջների վրա։ Ինչպես տեսնամ եք՝ բանաձևում գրվել է հարևան բջիջի հարաբերական հասցեի և քայլը պարունակող բջիջի բացարձակ հասցեի պարունակությունների գումարը, քանի որ յուրաքանչյուր բջիջում ստացվող արժեքը կախված է հարևան բջիջի արժեքից, իսկ քայլի մեծությունը հաստատուն է, և կախված չէ բջիջի դիրքից։
Այժմ արդեն արգումենտի և ֆունկցիայի արժեքների աղյուսակի կառուցումից հետո հեշտությամբ կարելի է կառուցել պահանջվող ֆունկցիայի գրաֆիկը՝ դրա համար անհրաժեշտ է նշել ելքային տվյալները, ապա կառուցել դիագրամը։
Դիագրամ կառուցելու համար անհրաժեշտ է \(Insert\) ներդիրի \(Chart\) խմբից ընտրել դիագրամի տեսակը, ապա բացված հավաքածուից՝ ենթատեսակը:
Ուշադրություն
Որևէ թվային հաջորդականություն ներմուծելու համար կարելի է ներմուծել հաջորդականության առաջին երկու կամ ավելի անդամներ, նշել այդ անդամները պարունակող բջիջները, մկնիկի ցուցիչը տեղադրել նշված բջիջների ստորին աջ գագաթում գտնվող քառակուսու վրա և երբ այն կընդունի խաչի տեսք՝ ձախ սեղմակը սեղմած նշել անհրաժեշտ մնացած բջիջները. համակարգիչը ավտոմատ կերպով կհաշվի և կլրացնի մնացած արժեքները։