
















Արդեն գիտենք, որ համակարգչում ինֆորմացիան ներկայացվում է երկուական կոդի` 0 և 1 թվանշանների միջոցով։ Համակարգչում ինֆորմացիա պահպանելու համար նախատեսված սարքը կարելի է պատկերացնել քառակուսիների բաժանված ժապավենի տեսքով, որտեղ յուրաքանչյուր քառակուսի կարող է միաժամանակ միայն մեկ նիշ պարունակել՝ 0 կամ 1:

Նման յուրաքանչյուր քառակուսի պայմանականորեն անվանում են բջիջ կամ մասնագիտական տերմինով՝ բիթ։
Հաջորդաբար, իրար կից բիթերում պահպանվող 0-ների և 1-երի տարբեր հաջորդականությամբ էլ ներկայացվում է համակարգչում մշակվող ինֆորմացիան։
Այսպիսով՝ համակարգչի օգնությամբ տեքստային, գրաֆիկական կամ ձայնային ցանկացած ինֆորմացիա մշակելու համար այն նախապես ենթարկվում է թվային կոդավորման։
Թվային տեսքով ներկայացված ինֆորմացիայի ծավալը չափելու փոքրագույն միավորը բիթն է։
Ութ հաջորդական բիթերի ամբողջականությունն անվանում են բայթ։
Տեքստային ինֆորմացիայի ցանկացած պայմանանշան, երկուական կոդի վերածվելով, ուղիղ մեկ բայթ է զբաղեցնում։ Հետևաբար՝ 10 տառ պարունակող «ինֆորմացիա» բառը կզբաղեցնի 10 բայթ:
Ենթադրենք, որ դասագրքի մեկ էջը պարունակում է տեքստի 34 տող, իսկ յուրաքանչյուր տողում կա 65 պայմանանշան, ապա դասագրքի մեկ էջը կզբաղեցնի 34 x 65 = 2210 բայթ։ Իսկ եթե դասագիրքը բաղկացած է տեքստի 100 էջից, ապա այն կզբաղեցնի 2210 x 100= 221000 բայթ ծավալով հիշողություն։
Ծավալուն ինֆորմացիայի քանակը չափելու նպատակով ներմուծվեցին ավելի խոշոր միավորներ՝ կիլոբայթ (Կբայթ), մեգաբայթ (Մբայթ), գիգաբայթ (Գբայթ), տերաբայթ (Տբայթ), պետաբայթ (Պբայթ) և այլն։
Ուշադրություն
1 Կբայթ = 1024 բայթ
1 Մբայթ = 1024 Կբայթ
1 Գբայթ = 1024 Մբայթ
1 Տբայթ = 1024 Գբայթ
1 Պբայթ = 1024 Տբայթ
1 Մբայթ = 1024 Կբայթ
1 Գբայթ = 1024 Մբայթ
1 Տբայթ = 1024 Գբայթ
1 Պբայթ = 1024 Տբայթ
Ստացվում է, որ 221000 բայթ ծավալով դասագիրքը համակարգչում պահպանելու համար կպահանջվի 216 Կբայթ, քանի որ 221000 բայթ = 221000 : 1024 ≈ 216 Կբայթ, իսկ 216 Կբայթ = 216 : 1024 ≈ 0,21 Մբայթ։
Գունավոր պատկերների թվային ներկայացման դեպքում յուրաքանչյուր փիքսել կոդավորվում է 24 զրոների և մեկերի հաջորդականությամբ՝ 3 բայթ, ինչը հնարավորություն է տալիս 16 միլիոնից ավելի գունային երանգ ստեղծել։
Հետևաբար՝ 200 x 100 փիքսել պարունակող գրաֆիկական պատկերը 200 x 100 x 3 = 60000 բայթ ≈ 58,6 Կբայթ ≈ 0,057 Մբայթ ծավալով հիշողություն կզբաղեցնի։
Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան, Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012