Ինչպես գիտենք, ինֆորմատիկայի գլխավոր խնդիրներից մեկն ինֆորմացիայի փոխանցման գործընթացին ուղղված մեթոդների ուսումնասիրումն է։
Եկեք տեսնենք, թե ինֆորմացիա փոխանցելու նպատակով նախկինում ինչ միջոցներից են օգտվել։
 
Հեռավոր անցյալում վերահաս վտանգի մասին լուր հաղորդելու համար հատուկ թմբուկներ են կիրառել, իսկ որոշ դեպքերում էլ օգտագործել են խարույկի ծուխը։
 
Ժամանակին Բյուզանդիայի և Արաբական խալիֆայության սահմաններում կատարվող իրադարձությունների մասին տեղեկությունները փոխանցվել են նշանատվության լուսային համակարգի միջոցով, որը կարելի է լուսային հեռագրասարք համարել։ Այս միջոցի գաղափարը բյուզանդական գիտության հայ խոշորագույն ներկայացուցիչ Լևոն Մաթեմատիկոսինն է \((\)\(800\) - \(870\) թթ.\()\), ով առաջարկել է Կիլիկիայի Լուլոն ամրոցից մինչև մայրաքաղաք ընկած տարածությունը բաժանել  յոթ հատվածների (մեկը մյուսից \(100\) կմ հեռավորությամբ)։
 
Նրա խորհրդով պատրաստվել և այդ հատվածներում տեղադրվել են հատուկ կառուցվածքի, այսպես կոչված, «ժամացույցներ», որոնցից յուրաքանչյուրի վրա կատարված \(12\) բաժանումներից ամեն մեկը համապատասխանել է տարածաշրջանային հնարավոր առավել կարևոր իրադարձությունների անվանումներին՝ հարձակում, ճակատամարտ, հրդեհ և այլն։
 
Նշված իրադարձությունների դեպքում տվյալ իրավիճակին համապատասխանող «ժամանիշի» տակ կրակ են վառել։ Հատվածներից յուրաքանչյուրում գիշեր-ցերեկ հերթապահող պահակները հարևան պահակակետից ընդունելով ստացված ազդանշանն ու այն կրկնելով՝ հաղորդել են հաջորդ պահակակետին։ Այսպիսով՝ անհրաժեշտ ինֆորմացիան սահմանամերձ տարածքներից Բյուզանդիայի մայրաքաղաք է հասել ընդամենը մեկ ժամվա ընթացքում։
 
Մեկ այլ ինֆորմացիա փոխանցելու եղանակ է սեմաֆորային այբուբենը, որը նույնիսկ մինչև մեր օրերը նավատորմում հաղորդագրություն ուղարկելու եղանակներից մեկը  է: Այստեղ յուրաքանչյուր տառին՝ ազդանշան հաղորդողի ձեռքերի որոշակի դիրք է համապատասխանում։
 
flaga-semaforowi-sygnay-40004167.jpg
         
          սեմաֆորային այբուբեն
 
 
Ակնհայտ է, որ ինֆորմացիա փոխանցելու նկարագրված բոլոր միջոցներն անօգուտ ջանքեր կլինեին, եթե տրվող ազդանշանի իմաստի վերաբերյալ նախնական պայմանավորվածություն չլիներ: 
Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012