Ժամանակի ընթացքում մշակվել են Համացանցում աշխատելու էթիկայի և անվտանգության ընդհանուր նորմեր։ Ծանոթանանք դրանց մի մասին.
- Առանց ծնողների թույլտվության որևէ անձնական ինֆորմացիա (գաղտնաբառ, անուն-ազգանուն, հեռախոսի համար, հասցե, դպրոցի համար և այլն) մի՛ հայտնեք Համացանցի ձեր նոր ծանոթներին։
- Եթե շփոթեցնող ինֆորմացիա եք ստանում կամ հայտնվում եք երկընտրանքի առջև, մի՛փորձեք ինքնուրույն գլուխ հանել. դիմեք ծնողների կամ ուսուցիչների օգնությանը։
- Համացանցում ծանոթացած նորահայտ անձի հետ իրական կյանքում հանդիպելը լավ գաղափար չէ, բայց եթե, այնուամենայնիվ, որոշել եք հանդիպել նրան, ապա գնացեք ծնողների հետ։
- Մի բացեք այն էլեկտրոնային նամակը, ֆայլը կամ Web էջը, որը ստացել եք անհայտ կամ վստահություն չներշնչող անձից:
- Բացի ընտանիքի անդամներից՝ ոչ մեկին մի վստահեք ցանց մուտք գործելու ձեր գաղտնաբառը. դա հետագայում կարող է տհաճությունների կամ նույնիսկ փորձանքի հանգեցնել։
- Մշտապես պահպանեք Համացանցային անվտանգության կանոնները. դրանք ստեղծվել են, որպեսզի ցանցում ձեզ անվտանգ և անկաշկանդ զգաք։
- էլեկտրոնային հաղորդակցության ընթացքում բարեկիրթ եղեք, չէ որ նույնը սպասում եք հաղորդակցից։
- Համացանցում աշխատելիս սովորեք հարգել այնտեղ ընդունված օրենքները. դրանք կարող են տարբեր լինել՝ կախված հաղորդակցման միջավայրից։ Ծանոթացեք համապատասխան տեղային կանոններին՝ նախքան առաջին հաղորդագրությունն ուղարկելը։
- Հարգանքով վերաբերվեք այն մարդկանց ժամանակին, ում հետ հաղորդակցվում եք։ Հիշեք, որ ցանցային ժամանակը ոչ միայն սահմանափակ է, այլև շատերի համար՝ թանկ։
- Հետևեք ուղղագրության և քերականության կանոններին։
- Հարգեք գիտակների խորհուրդները և ինքներդ էլ գիտելիքներով օգնեք այլոց:
- Եթե բանավեճի ընթացքում կրքերը բորբոքվել են, ապա վարվեցողության թույլատրելի նորմերը չխախտեք նույնիսկ այն դեպքում, երբ դիմացինը ձեզ դրդում է դրան։
- Հարգանքով վերաբերվեք այլոց կարծիքին և սեփականությանը։ Եթե ցանկանում եք ցանցում մնալ չճանաչված, ապա ընդունեք, որ ձեզ հետ հաղորդակցվողը ևս ունի այդ իրավունքը։ Ձեզ հղված ինֆորմացիան մի հրապարակեք՝ առանց ուղարկողի թույլտվությունը ստանալու։
- Ցանցում մի չարաշահեք ձեր ազդեցությունը. վստահություն ձեռք բերելը դժվար է, կորցնելը՝ հեշտ։
- Անկախ նրանից, թե այլոք պաշտպանում են ցանցում հաղորդակցվելու էթիկայի կանոնները՝ դուք անշեղորեն հետևեք դրանց։
Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան, Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012