Նկարելիս փորձառու նկարիչն էլ երբեմն ստիպված է լինում կատարած աշխատանքի մեջ փոփոխություններ մտցնել, եղածը շտկել՝ հաճախ ջնջումներ կատարելով։

Գրաֆիկական խմբագրիչի միջավայրում միշտ չէ, որ անհրաժեշտ նկարը նկարելու ընթացքում ջնջումներ չկատարվեն։
 
Նկարը շտկելու միջոցներից առաջինն արագ հասանելիության վահանակի Undo (undo.png) գործիքն է,  որն ընտրելիս ոչ թե ջնջվում, այլ անտեսվում է խմբագրիչի միջավայրում կատարված վերջին գործողությունը։ Ասենք՝ եթե վերջին գործողությունը էկրանին որևէ շրջան նկարելն է եղել, ապա  Undo –ի արդյունքում այդ շրջանը կարծես կախարդական փայտիկով կանհետանա, իսկ մինչ այդ նկարածը կմնա։ Այս եղանակով կարելի է վերացնել կատարված բոլոր գործողությունների արդյունքները։ Իսկ եթե Undo –ից հետո ընտրվի արագ հասանելիության վահանակի Redo (redo.png) գործիքը, ապա նկարից անհետացածը նորից կվերականգնվի։

Paint–ի միջավայրում ստեղծված պատկերի մեջ շտկումներ իրականացնելու համար կիրառվող մյուս գործիքը ռետինն է։

Ռետին (retin.png) - այս գործիքը հնարավորություն է տալիս նկարի մեջ ջնջումներ կատարել։ Ռետինից օգտվելու համար անհրաժեշտ է.
  • Home ներդիրի Tools խմբից ընտրել  retin.png գործիքը,
  • Size դաշտում ընտրել ռետինի չափը ՝ ելնելով ջնջման ենթակա տարրի մեծությունից,
  • մկնիկի աջ կամ ձախ սեղմակը սեղմած վիճակում մկնիկը տեղաշարժելով՝ ջնջել անհրաժեշտ մասը։
Պետք է հաշվի առնել նաև այն, որ մկնիկի ձախ սեղմակը սեղմած վիճակում ռետինով աշխատելիս ջնջվում է այն ամենը, ինչի վրայով ռետինն անցնում է, իսկ աջ սեղմակով աշխատելիս ջնջվում է միայն հիմնական գույնով նկարածը:

Հաճախ որևէ առարկա մանրամասնորեն ուսումնասիրելու նպատակով այն դիտում են որևէ խոշորացնող սարքի միջոցով, այդպիսի սարքեր են խոշորացույցներն ու մանրադիտակները։ Գրաֆիկական խմբագրիչով աշխատելիս նկարի մանր թերությունները շտկելու գործընթացում նույնպես խոշորացույց է կիրառվում։

Ինչպես գիտեք, էկրանին պատկերները ստեղծվում են մանրագույն լուսավորվող կետերի՝փիքսելների միջոցով։ Այս կետերն այնքան փոքր են, որ անզեն աչքով դժվար է տարբերել և էկրանին միավորվելով՝ հոծ պատկեր են կազմում։
Պատկերը խոշորացնելիս կարելի է տեսնել յուրաքանչյուր փիքսելի գույնն ու աշխատել դրա հետ։
Խոշորացույց (xoshoracuyc.png) - հնարավորություն է տալիս խոշորացնել նկարի անհրաժեշտ մասն ու աշխատել այն կազմող փիքսելների հետ։ Դրա համար անհրաժեշտ է.
  • Home ներդիրի  Tools  խմբից ընտրել xoshoracuyc.png գործիքը,
  • մկնիկի ուղղանկյուն տեսք ստացած ցուցիչը տեղադրել նկարի փոփոխման ենթակա մասում և խոշորացման նպատակով սեղմել ձախ սեղմակը, իսկ փոքրացման համար՝աջ սեղմակը,
  • աշխատել անհրաժեշտ փիքսելների հետ և աշխատանքն ավարտելուց հետո վերադառնալ նկարի դիտման նախկին ռեժիմին։
pixel.png
 
Բերված օրինակից երևում է, որ խոշորացված նկարում պատկերը կազմող առանձին տարրերը (փիքսելները) հստակ երևում են։
 
Հավելենք նաև, որ
  • Գրաֆիկական խմբագրիչով աշխատելու ընթացքում կատարած վերջին գործողությունը կարելի է անտեսել (չեղյալ դարձնել) նաև Ctrl և Z ստեղների համատեղ սեղմումով։
  • Չեղյալ դարձված գործողությունը կարելի է կրկին վերականգնել Ctrl և Y  ստեղների համատեղ սեղմումով։
  • Ռետինով աշխատելիս, միաժամանակ սեղմելով մկնիկի աջ և ձախ սեղմակները, կարելի է ջնջվածը վերականգնել։
Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 6-րդ դասարան, Երևան 2011