Համակարգիչն աշխատում է հատուկ ձևով կազմակերպված հրահանգների համակարգի համաձայն, որն անվանում են ծրագիր։ Առանց նման ծրագրի համակարգիչը ոչինչ չի կարող անել, այն կնմանվի մի ռոբոտի, որը կկարողանա անգամ տիեզերանավ վարել, մինչդեռ այն միացված չէ սնուցման սարքին։
Հաճախ որևէ ընդհանուր հիմք ունեցող խնդիրների լուծմանն ուղղված համակարգչային ծրագրեր են ստեղծվում, որոնք կարելի է որպես մի ամբողջություն դիտել։
Նման ընդհանուր նպատակին ծառայող ծրագրերի ու տվյալների համախումբն ընդունված է ծրագրային փաթեթ անվանել։
Ծրագրային փաթեթների և դրանցից օգտվելու կարգին վերաբերող փաստաթղթերի համախումբը կազմում է համակարգչի ծրագրային ապահովումը։ Ծրագրային ապահովման կարևորագույն բաղադրիչներից է օպերացիոն համակարգը, որի միջոցով իրականացվում է մարդու և համակարգչի երկխոսությունը, ծրագրերի և սարքավորումների համընթաց աշխատանքը։
Օպերացիոն համակարգը ծրագրերի հատուկ փաթեթ է, որը ղեկավարում է համակարգչի աշխատանքն ու ապահովում մարդ-համակարգիչ երկխոսությունը։
Օպերացիոն համակարգի ծրագրերը պահպանվում են համակարգչի արտաքին հիշող սարքերի վրա։ Դրանց մի մասը համակարգչի աշխատանքի ընթացքում միշտ ակտիվ է և օպերատիվ հիշողություն է բերվում համակարգիչը միացնելու պահից։ Այս գործընթացն անվանում են օպերացիոն համակարգի բեռնավորում։
Ծրագրային ապահովման լայն խումբ են կազմում կիրառական ծրագրերը, որոնք գործնականում ամենաշատ օգտագործվող ծրագրային միջոցներն են։ Կիրառական ծրագրերի մաս են կազմում տեքստային և գրաֆիկական խմբագրիչները։
Համակարգչի արտաքին հիշող սարքերի վրա պահպանվող ցանկացած ծրագիր կամ տվյալների հավաքածու ֆայլ է կազմավորում, որն ունենում է անվանում և ծավալ։
Արտաքին հիշող սարքի վրա որոշակի անվանումով պահպանված ինֆորմացիան անվանում են ֆայլ։
Ֆայլերի անվանումները կազմվում են երկու մասից, որոնք իրարից բաժանվում են կետով հետևյալ կերպ՝
անուն. ընդլայնում
օրինակ՝ Tetris.exe :
օրինակ՝ Tetris.exe :
Ֆայլի անունը որոշակի քանակությամբ պայմանանշանների հաջորդականություն է, իսկ ընդլայնումը սովորաբար բնորոշում է, թե տվյալ ֆայլը որ կիրառական ծրագրի աշխատանքի արդյունքում է ստեղծվել։ Ֆայլի ընդլայնումը կարող է բաղկացած լինել մինչև երեք պայմանանշաններից։
Ֆայլը թողարկել նշանակում է այն բերել օպերատիվ հիշողություն և աշխատեցնել։ Դրա համար անհրաժեշտ է մկնիկի ցուցիչը դնել ֆայլի անվանման կամ տարբերանշանի վրա ու ձախ սեղմակի կրկնակի սեղմում իրականացնել։
Երբ միևնույն նպատակին ուղղված տարբեր ֆայլեր են ստեղծվում, իմաստ է ունենում դրանք որևէ ձևով համախմբելու։ Ենթադրենք, որոշել եք մաթեմատիկայի և հայ գրականության դասերը համառոտագրել և պահպանել համակարգչում։ Բնական է, որ արժե ֆայլերի երկու խումբ ստեղծել, որոնցից մեկը կհամախմբի մաթեմատիկայի, մյուսը՝ գրականության դասերի վերնագրերը։ Ահա այդ խմբերն էլ, որոնք պարունակում են այս կամ այն նպատակին ուղղված ֆայլերի անվանումները, կոչվում են թղթապանակներ (Folder):
Յուրաքանչյուր թղթապանակ նույնպես անվանում ունի. հարմար է թղթապանակին այնպիսի անվանում տալ, որը բնորոշի իր տակ համախմբված ֆայլերը։ Օրինակ, եթե թղթապանակը լուսանկարներ է ներառում, ապա դրան կարելի է տալ Lusankarner անվանումը։
Թղթապանակներն իրենց հերթին կարող են այլ թղթապանակներ, այլ կերպ ասած՝ ենթաթղթապանակներ պարունակել։
Թղթապանակը կարող է տվյալ պահին լինել փակ կամ բաց: Փակ թղթապանակը բացել նշանակում է՝ թույլ տալ տեսնելու, թե ինչ է դրա մեջ ամփոփված։ Թղթապանակը բացելու համար անհրաժեշտ է մկնիկի ցուցիչով այն ընտրել։ Մկնիկի ցուցիչով որևէ օբյեկտ ընտրել` նշանակում է մկնիկի ցուցիչը դնել տվյալ օբյեկտի վրա և սեղմել ձախ սեղմակը։
Օգտակար է իմանալ
Օգտակար է իմանալ
Տարածված օպերացիոն համակարգերից են` MS DOS, UNIX, WINDOWS օպերացիոն համակարգերը։
- Ֆայլերի անվանումների մեջ չի կարելի օգւոագործել \ / * : " < > | նշանները։