Թվականը որպես խոսքի մաս
 
tvakan.png
Օրինակ
Երկրորդ տարին է արդեն, ինչ նա շաբաթը երեք անգամ հաճախում է մարզումների:
Այս նախադասության մեջ երկրորդ բառը ցույց է տալիս թվային կարգ, իսկ երեք բառը՝ քանակ: Դրանք թվականներ են:
Կան թվային իմաստ արտահայտող այլ խոսքի մասեր ևս, ինչպես՝ տասնյակ, եռակի, հազարավոր, շատ, այդքան, քանի, հինգանոց, եռակողմ: Սակայն սրանք թվականներ չեն: Մեր նախադասության մեջ գործածված թվականները կարող են գրվել նաև թվերով՝  \(2\)-րդ, \(3\), իսկ վերը նշված բառերը թվերով արտահայտվել չեն կարող:
Առարկաների թիվ կամ թվային կարգ ցույց տվող բառերը կոչվում են թվականներ:
Թվականները լինում են երկու տեսակի` քանակական և դասական:
Թվականների գործածությունը գոյականաբար
Թվականները նախադասության մեջ սովորաբար լինում են գոյականական անդամի լրացում, սակայն հաճախ ածականների նման կարող են գործածվել գոյականաբար: Այդ դեպքում թվականը հանդես է գալիս գոյականին բնորոշ պաշտոններով, քանի որ իր մեջ պարունակում է այն գոյականի իմաստը, որը նախադասության մեջ չի նշվում կամ չի կրկնվում, բայց իմաստով հասկացվում է: Նման կիրառության մեջ թվականը կարող է գոյականի նման հոդ ստանալ և հոլովվել:
Օրինակ
Իմ մարզիկները լավ են պատրաստվել. երեքից էլ գոհ եմ: Քսանյոթերորդը մեր բնակարանն է:
Այս նախադասության մեջ երեքից և քսանյոթերորդ թվականները գործածվել են գոյականաբար, որովհետև երեքից թվականը դրված է բացառական հոլովով և արտահայտում  է երեք մարզիկներից իմաստը, իսկ քսանյոթերորդ թվականը՝ որոշյալ առումով և արտահայտում  է քսանյոթերորդ բնակարանը իմաստը:
 
Ուշադրություն
Երկու թվականը հոլովվելիս և հոդ ստանալիս ունենում է երկուս ձևը՝  երկուսը, երկուսի, երկուսին, երկուսից, երկուսով, երկուսում:
 
Թվականների գրությունը
Բարդ և բարդածանցավոր թվականներն իրենց կազմությամբ կցական կամ հարադիր բարդություններ են:
 
Կցական բարդություններ են այն բոլոր թվականները, որոնք կազմված են տասնավորից ու միավորից՝  \(11\ \)-ից մինչև \(99\)-ը:  Այս թվականների բաղադրիչները գրվում են միասին:
Հարադիր բարդություններ են \(100\)-ից բարձր բոլոր թվականները, \(100, 1000\) և ավելի բարձր թիվ ցույց տվող թվականների բաղադրիչները գրվում են առանձին՝ չորս հազար, հարյուր քսանվեց:
  
Դասական թվականները կազմվում են բացարձակ թվականներին ավելացնելով  -րորդ  կամ -երորդ  վերջածանցները. երկու, երեք, չորս թվականներին ավելացվում է -րորդ,  ինչպես՝ երկրորդ, երրորդ, չորրորդ, բոլոր մյուս թվականներին` - երորդ ածանցը, ինչպես՝ հինգերորդ, վեցերորդ, քսաներորդ, երեքհարյուրերորդ և այլն:
 
Դասական թվականները կազմվում են՝  \(2, 3, 4\ \)  բացարձակ թվականներին ավելացնելով -րորդ, մնացածներին՝  -երորդ  վերջածանցները:
 
Երեսուն թվականը գրվում է ր-ով, քառասուն-ը՝ ռ-ով: 9-ը միշտ գրվում է երեք տառով՝  ինն  կամ ինը: 80-ի ճիշտ ձևն է՝ ութսուն:
 
Տասը թվականի ը հոդը բառակազմության մեջ փոխվում է ն-ի՝ տասնչորս:
Թվականները կարող են արտահայտվել հայերեն այբուբենի տառերով` նրանց թվական արժեքի համապատասխան` Ա (1 կամ 1-ին), Բ (2 կամ 2-րդ), ժ (10 կամ 10-րդ), ԺԴ (14 կամ14-րդ), Ճ (100 կամ100-րդ) Ռ (1000 կամ1000-րդ)  և այլն: