Հատուկ և հասարակ գոյականներ
Միևնույն տեսակի բոլոր առարկաներին տրվող ընդհանուր անունը կոչվում է հասարակ  անուն:
Օրինակ՝ մարդ, լեռ:
Միևնույն տեսակի առարկաներից յուրաքանչյուրին տրվող առանձին անունը կոչվում է հատուկ  անուն:
Հատուկ անուններ են անձնանունները, պատմական և աշխարհագրական անունները, պետական կառավարման բարձրագույն մարմինների անունները և այլն:
 
Հատուկ անունները լինում են պարզ՝ մեկ բառից կազմված՝ Երևան, Արարատ, և բաղադրյալ՝ մեկից ավելի բառերից կազմված:

Ուշադրություն
Բաղադրյալ հատուկ անունների առաջին բաղադրիչը միշտ գրվում է մեծատառով,մյուս բաղադրիչները գրվում են կա՛մ մեծատառով, կա՛մ փոքրատառով՝ համաձայն կանոնների:
Բաղադրյալ հատուկ անունների կազմում փոքրատառովեն գրվում աշխարհագրական տերմինները՝  լիճ,լեռ, պատմական տերմինները՝  պատերազմ, ներկայումս գոյություն չունեցող վարչական միավորումներում թագավորություն բառը, մրցանակ, կազմակերպություն, թագավոր, արքա, եկեղեցի բառերը, տիտղոս նշանակող դա, դը, վան, ալ, էլ մասնիկները և այլն:
 
Բաղադրյալ հատուկ անունների բոլոր բաղադրիչները գրվում են մեծատառով, եթե՝

• պետության պաշտոնական անուն են՝ օրինակ՝ Ռուսաստանի Դաշնություն,
  
 • բաղադրիչները առանձին վերցրած հատուկ անուն են՝ օրինակ՝ Դոնի Ռոստով,
 
• հասարակ անուն լրացումը փոխաբերական գործածությամբ դարձել է հատուկ անուն՝ օրինակ՝  Նոր Նորք,
• երկու բաղադրիչներն էլ հասարակ անուն են, բայց միասնաբար դարձել են տարածաշրջանի պաշտոնական անուն՝  օրինակ՝  Հեռավոր Արևելք:
 
Մեծատառով են գրվում նաև Սուրբ, Սանկտ և այլ բառեր՝  քաղաքի անվան կամ պատմամշակութային հատուկ անվան բաղադրիչ լինելու դեպքում՝ օրինակ՝  Սուրբ Սարգիս(եկեղեցի):