ՈՐՈՇՅԱԼ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐ
Որոշյալ դերանունները մատնացույց են անում առարկաների կամ անձերի հայտնի, որոշյալ ամբողջություն` միասնաբար կամ առանձին-առանձին վերցրած, առանց դրանք անվանելու:
Օրինակ
Բոլոր երեխաները ժամանակին վերադարձան՝ յուրաքանչյուրը ուռենու մեկական ճյուղ ձեռքերին:
Այստեղ բոլոր բառը ցույց է տալիս անձերի հայտնի, որոշյալ ամբողջություն` միասնաբար, յուրաքանչյուրը բառը՝ որոշյալ ամբողջություն` առանձին-առանձին վերցրած:
Որոշյալ դերանունները ըստ կիրառության բաժանվում են երկու խմբի:
Հատկանշային իմաստ են արտահայտում ամբողջ, ամեն, ամեն մի, բոլոր, յուրաքանչյուր, ողջ, համայն, ամենայն  դերանունները: Սրանք նախադասության մեջ հիմնականում լինում են որոշիչ`
Օրինակ
Ամբողջ գյուղը եկել էր նրան բարի ճանապարհ մաղթելու:
Առարկայական իմաստ են արտահայտում ամբողջը, ամենը, ամեն ինչ (ը), ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլորը, յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ոք, ողջը  դերանունները: Սրանք հոլովվում են՝ ենթարկվելով ի հոլովման՝ 
Օրինակ
բոլորի, ամեն ինչից, յուրաքանչյուրով,
և նախադասության մեջ կատարում են գոյականին հատուկ պաշտոններ. լինում են՝
  • ենթակա`
    Օրինակ՝ Բոլորն աշխատում էին որսալ նրա հայացքը:
  • ստորոգյալի մաս`
    Օրինակ՝ -Ուրեմն չկարողացար,- տխրեց Վռամշապուհը: -Կարողացա,-ասաց վարդապետը,- սա ամբողջն է, լրիվ է:
  • լրացում`
    Օրինակ՝   Ոնց է ժպտում իմ հոգին
                       Չարին, բարուն, ամենքին:
Ուշադրություն
Առարկայական իմաստ արտահայտող ամեն մեկը, ամենքը  որոշյալ դերանունները ուղիղ ձևում հանդես է գալիս միայն որոշիչ հոդով:
 
Ամեն ինչ(ը), ամեն մեկը, ամեն մի, յուրաքանչյուր ոք, ամեն ոք  դերանունները հարադրական կազմություն ունեն: Դրանց բաղադրիչները գրվում են անջատ: