ՀԱՐՑԱԿԱՆ ԵՎ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐ
Հարցական դերանունները արտահայտում են հարցում խոսողին ծանոթ անձի կամ առարկայի, սրանց հատկության, թվի, գործողության տեղի, ժամանակի, ձևի և այլնի մասին՝ առանց դրանք անվանելու:
Օրինակ
Ինչո՞ւ նա գնաց քաղաք, ի՞նչ թղթեր էին, որ բերել էր իր հետ:
Հարցական դերանուններն են`  ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞, ո՞ր, ո՞րը, որքա՞ն, որչա՞փ, որպիսի՞, ո՞րերորդ, որտե՞ղ, ե՞րբ, ու՞ր, քանի՞, քանի՞սը, քանի՞երորդ: 
 
Հարցական դերանուններից միայն ո՞վ դերանունն է, որ գոյականներից տարբեր հոլովում ունի:
 
Սա ներգոյական հոլով չունի. սեռականը լինում է ո՞ւմ, որից կազմվում են մյուս հոլովաձևերը. այսպես` տրական՝ ո՞ւմ, հայցական՝ ո՞ւմ, բացառական՝ ումի՞ց, գործիական՝ ումո՞վ:
  
Ուշադրություն
Ո՞վ դերանվան հոգնակին լինում է ովքե՞ր, որը չի հոլովվում:
 
Ե՞րբ դերանունը ենթարկվում է գոյականական վա հոլովման՝ երբվա՞, երբվա՞ն, երբվանի՞ց:
Հոգնակի թիվ չունի:
  
Ի՞նչ, ո՞ր, քանի՞սը, որտե՞ղ դերանունները հոլովվում են գոյականական ի հոլովմամբ:
  
Ո՞ր դերանվան հոգնակին լինում է որո՞նք և ենթարկվում է գոյականական ց հոլովման:
  
Որքա՞ն, որչա՞փ, ինչպիսի՞, որպիսի՞, քանի՞երորդ, ո՞րերորդ դերանունները հոլովվում են միայն գոյականաբար գործածվելիս և դարձյալ ենթարկվում են ի հոլովման. այսպես` որքանի՞, քանի՞երորդից, ինչպիսիներո՞վ և այլն:
 
Այսպիսով, հարցական դերանուններից հոլովվում են գոյականական ո՞վ,ե՞րբ, ինչ, ո՞ր, քանի՞սը, որտե՞ղ դերանունները: Մնացած դերանունները հարցում են արտահայտում գոյականական կամ բայական անդամի մասին և իրենց հիմնական կիրառության մեջ չեն հոլովվում:
 
Հարցական դերանունները նախադասության մեջ լինում են՝
  • ենթակա՝
    Օրինակ՝  «Տեսնես ո՞վ է որս անում»,--մտածեց նա, երբ հրացանի ձայն լսեց:
  • ստորոգյալի մաս՝
    Օրինակ՝  Այս տոպրակը ո՞ւմն է:
  • գոյականի լրացում՝
    Օրինակ՝  Քանի՞ աղջիկ կա ձեր դասարանում:
  • բայի լրացում՝
    Օրինակ՝  Դու ե՞րբ պիտի գնաս:
Հարցական դերանունների վերջին ձայնավորի վրա սովորաբար դրվում է՝
  • հարցական նշան՝  ինչպե՞ս, ո՞ւր և այլն,
  • որոշ դեպքերում, ըստ խոսքի բովանդակության՝ շեշտ՝
    Օրինակ՝ Մարզիչը մեզ խմբերի բաժանեց և բացատրեց, թե ո՛ր խումբը ի՛նչ է անելու:
  • որոշ դեպքերում՝ բացականչական նշան՝
    Օրինակ՝Հետո տասներկու տարի անցավ, և ի˜նչ տարիներ:
    Որոշ դեպքերում էլ, երբ արտահայտում են անուղղակի հարցում, գրվում են առանց որևէ նշանի:
    Օրինակ՝  Պարզ չէ, թե ինչպես է երեխան հասել այստեղ:
  • Քանի՞երորդ, ո՞րերորդ դերանունների բառային շեշտը վերջին վանկի վրա չէ, ուստի առոգանության նշանները նույնպես վերջին ձայնավորի վրա չեն դրվում:
Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին:
Օրինակ
Նա, ով առաջ չի նայում, հայտնվում է հետևում:
Հարաբերական դերանունները նախադասության մեջ կատարում են նույն պաշտոնները, ինչ որ հարցականները՝ ենթակա, ստորոգյալի մաս, լրացում: