Ըղձական եղանակ
Ըղձական եղանակն ունի երկու ժամանակաձև՝ ըղձական ապառնի և ըղձական անցյալ:
Ըղձական ապառնին  ցույց է տալիս կատարելի գործողության իղձ, ցանկություն:
Ե խոնարհման բայերի ըղձական ապառնին կազմվում է անորոշ դերբայի հիմքին ավելացնելով
եմ, ես, ի, ենք,եք, են  դիմային վերջավորությունները՝ երգեմ:
 
Ա  խոնարհման բայերի ըղձական ապառնին կազմվում է անորոշ դերբայի հիմքին ավելացնելով
ամ, աս, ա, անք, աք, ան դիմային վերջավորությունները՝ խաղամ:
Ըղձական անցյալը ցույց է տալիս անցյալում կատարելի գործողության իղձ, ցանկություն:
Ե խոնարհման բայերի ըղձական անցյալը կազմվում է անորոշ դերբայի հիմքին ավելացնելով
եի, եիր, եր, եինք, եիք, եին դիմային վերջավորությունները՝ երգեի:
 
Ա  խոնարհման բայերի ըղձական անցյալը կազմվում է անորոշ դերբայի հիմքին ավելացնելով
այի, այիր, ար, այինք, այիք,ային դիմային վերջավորությունները՝ խաղայի:
 
Ժխտական խոնարհման դեպքում չ-ն դրվում է բայաձևի սկզբից` չերգեմ, չխաղայի:
Ենթադրական եղանակ
Ենթադրական եղանակն ունի երկու ժամանակաձև՝ ենթադրական ապառնի և ենթադրական անցյալ:
Ենթադրական ապառնին  ցույց է տալիս խոսելու պահից հետո պայմանով, երբեմն ենթադրաբար կատարելի գործողություն:
Ենթադրական ապառնին կազմվում է ըղձական ապառնիի ձևերի սկզբում ավելացնելով կ եղանակիչը՝ կերգեմ, կխաղամ:
Ենթադրական անցյալը  ցույց է տալիս մի անցյալ ժամանակում պայմանով, երբեմն ենթադրաբար կատարելի գործողություն:
Ենթադրական անցյալը կազմվում է ըղձական անցյալի ձևերի սկզբում ավելացնելով կ եղանակիչը՝ կերգեի, կխաղայի:
  
Ուշադրություն
Ենթադրական եղանակի ժխտական ձևերը կազմվում են ժխտական դերբայով և օժանդակ բայի ներկայի ու անցյալի ձևերով՝ չեմ երգի, չեմ խաղա, չէի երգի, չէի խաղա:
Ժխտական դերբայն արտահայտում է կատարելի գործողություն, որը ժխտվում է օժանդակ բայի ժխտական ձևերով:
Տարբեր խոնարհման բայերի դեպքում ունենում է տարբեր վերջավորություններ, այսպես՝
• ե խոնարհման բայերի ժխտական դերբայը կազմվում է անորոշ դերբայի ել վերջավորությունը փոխելով ի-ով. անորոշը՝ երգել, ժխտականը՝ երգի,
• ա խոնարհման բայերի ժխտական դերբայը կազմվում է անորոշ դերբայի ալ վերջավորության վերջին լ-ն դուրս գցելով. անորոշը՝ խաղալ, ժխտականը՝ խաղա:

 
Ուշադրություն
Ենթադրական եղանակի դրական ձևերը պարզ դիմավոր ձևեր են, ժխտականները՝ բաղադրյալ:
Հարկադրական եղանակ
Հարկադրական եղանակն ունի երկու ժամանակաձև՝ հարկադրական ապառնի և հարկադրական անցյալ:
Հարկադրական ապառնին ցույց է տալիս խոսելու պահից հետո հարկադրաբար, անհրաժեշտաբար կատարելի գործողություն:
Հարկադրական ապառնին կազմվում է ըղձական ապառնիի ձևերից առաջ ավելացնելով պիտի կամ պետք է  եղանակիչները՝ պիտի երգեմ, պետք է երգեմ, պիտի խաղամ, պետք է խաղամ:
Հարկադրական անցյալը ցույց է տալիս մի անցյալ ժամանակում հարկադրաբար, անհրաժեշտաբար կատարելի գործողություն:
Հարկադրական անցյալը կազմվում է ըղձական անցյալի ձևերից առաջ ավելացնելով պիտի կամ պետք է եղանակիչները՝ պիտի երգեի, պետք է երգեի, պիտի խաղայի, պետք է խաղայի:
Հարկադրական եղանակի ժխտական ձևերը կազմվում են պիտի կամ պետք է եղանակիչներից առաջ ավելացնելով չ ժխտական մասնիկը՝
Օրինակ
չպիտի երգեմ, չպետք է երգեմ, չպիտի խաղամ, չպետք է խաղամ, չպիտի երգեի, չպետք է երգեի, չպիտի խաղայի, չպետք է խաղայի:
Ուշադրություն
Հարկադրական եղանակի և՛ դրական, և՛ ժխտական ձևերը պարզ դիմավոր ձևեր են, թեև բացի բայից իրենց կազմության մեջ ունեն պիտի կամ պետք է եղանակիչները, քանի որ խոնարհման ժամանակ դրանք մնում են անփոփոխ, խոնարհվում է միայն բայը:
Ուշադրություն
Եթե պիտի  կամ պետք է եղանակիչները  հանդես են գալիս անորոշ դերբայի հետ, օրինակ՝ պիտի գնալ, ապա այդ կառույցը հարկադրական եղանակ չէ: