Վաղակատար դերբայ
Վաղակատար դերբայը ցույց է տալիս գործողությունը կատարված, ավարտված վիճակում:
Տարբեր կազմության և տարբեր խոնարհման բայերի դեպքում ունենում է տարբեր վերջավորություններ՝ ել, ացել կամ եցել, ընդ որում՝ բուն վերջավորությունն է ել, իսկ աց, եց   մասնիկները հիմքի ածանց են:
 
 Այսպես՝
• ե  խոնարհման պարզ բայ. անորոշը՝ երգել, վաղակատարը՝ երգել,
• ա խոնարհման պարզ բայ. անորոշը՝ խաղալ, վաղակատարը՝ խաղացել,
• ան  սոսկածանցավոր բայ. անորոշը՝ հեռանալ, վաղակատարը՝ հեռացել,
• են  սոսկածանցավոր բայ. անորոշը՝ մոտենալ, վաղակատարը՝ մոտեցել,
 ն, չ սոսկածանցավոր բայեր. անորոշը՝ հասնել, փախչել, վաղակատարը՝ հասել, փախել,
• պատճառական բայ. անորոշը՝ վազեցնել, վաղակատարը՝ վազեցրել:
Ուշադրություն
Ինչպես տեսնում ենք, ե խոնարհման պարզ բայերի անորոշն ու վաղակատարը ձևով նույնն են: Դրանք իրարից տարբերվում են նախադասության մեջ:
Բազմապատկական և կրավորական բայերի վաղակատարը կազմում են ե խոնարհման պարզ բայերի նման:
Օժանդակ բայի հետ կազմում է դիմավոր ձևեր՝ դառնալով ստորոգյալ:
Օրինակ
Ամբողջ օրը թափառել էր ձորում, եղել էր հարևանի այգու շրջակայքում, աղբյուրն էր գնացել, զբոսնել էր հարևանի այգու շրջակայքում, բայց ոչ մի տեղ Սոնային չէր տեսել:
Թափառել, եղել, գնացել, զբոսնել, տեսել բայերը վաղակատար դերբայներ են, որոնք բոլորն էլ նախադասության մեջ հանդես են եկել որպես ստորոգյալ: