Բայ
Առարկայի գործողություն կամ եղելություն ցույց տվող բառերը կոչվում են բայ:
Օրինակ
Փոքրիկը առավոտները արթնանալուն պես ժամերով հենվում էր պատշգամբի ճաղին ու կարոտով նայում, թե արդյո՞ք բակում չի երևում ծերունին:
Բայերը լինում են դիմավոր և անդեմ:
Դիմավոր բայերը նախադասության մեջ դառնում են ստորոգյալ, անդեմ բայերը կարող են կատարել տարբեր պաշտոններ:
Բայի կազմությունը
Բայերը կազմությամբ լինում են պարզ և ածանցավոր:
Բայի սկզբնաձևն ունի ել, ալ վերջավորություն՝
Օրինակ
երգել, խաղալ:
Բայի պարզ կամ ածանցավոր լինելը որոշվում է անորոշ դերբայի հիմքով:
ա. Բայի հիմքը պարզ է, եթե վերջավորությունից առաջ բայածանց չկա՝ երգել, նկարել, արտագրել, գունաթափել: Այս բայերի երգ -, նկար -, արտագր -, գունաթափ- հիմքերը պարզ են, թեև արտագր - հիմքում կա նախածանց, իսկ գունաթափ- հիմքում՝ երկու արմատ և հոդակապ: Սակայն դրանք համարվում են պարզ հիմքեր, որովհետև դրանցում բայածանց չկա:
բ. Բայի հիմքը ածանցավոր է, եթե վերջավորությունից առաջ կա որևէ բայածանց՝ փախչել, հեռանալ, վազեցնել, կոտրատել, կառուցվել: Այս բայերի փախչ -, հեռան -, կոտրատ-, կառուցվ- հիմքերը ածանցավոր են:
Անորոշ դերբայի պարզ հիմք ունեցող բայերը կոչվում են պարզ բայեր:
Ածանցավոր հիմք ունեցող բայերը կոչվում են ածանցավոր բայեր: