Դրական և ժխտական խոնարհում
Բայն ունի դրական և ժխտական խոնարհում:
Սահմանական եղանակի ժխտական ձևերը կազմվում են երկու ձևով՝ նայած այն բանին, թե ժամանակաձևը պա՞րզ է, թե՞ բաղադրյալ: Պարզ ժամանակաձևի դեպքում (սահմանական եղանակում այդպիսի ժամանակաձև է միայն անցյալ կատարյալը) չ ժխտական մասնիկը դրվում է բայի վրա՝ խաղացի-չխաղացի, երգեցի-չերգեցի:
Բաղարյալ ժամանակաձևերի դեպքում չ մասնիկը դրվում է օժանդակ բայի վրա, և օժանդակ բայը միշտ դրվում է դերբայից առաջ՝
- անկատար ներկա և անցյալ՝ երգում եմ-չեմ երգում, խաղում էիր-չէիր խաղում,
- վաղակատար ներկա և անցյալ՝ երգել եմ-չեմ երգել, խաղացել էիր-չէիր խաղացել,
- ապակատար ներկա և անցյալ՝ երգելու եմ-չեմ երգելու, խաղալու էիր-չէիր խաղալու:
Ըղձական եղանակի բոլոր ժամանակաձևերը պարզ են, և ժխտական խոնարհման դեպքում չ ժխտական մասնիկը դրվում է բայի վրա՝ խաղամ-չխաղամ, երգեի-չերգեի:
Ենթադրական եղանակի ժխտական ձևերը կազմվում են ժխտական դերբայով և օժանդակ բայի ներկայի ու անցյալի ձևերով՝ չեմ երգի, չեմ խաղա, չէի երգի, չէի խաղա:
Ենթադրական եղանակի դրական ձևերը պարզ դիմավոր ձևեր են, ժխտականները՝ բաղադրյալ:
Հարկադրական եղանակի ժխտական ձևերը կազմվում են պիտի կամ պետք է եղանակիչներից առաջ ավելացնելով չ ժխտական մասնիկը` չպիտի երգեմ, չպետք է երգեմ, չպիտի խաղամ, չպետք է խաղամ, չպիտի երգեի, չպետք է երգեի, չպիտի խաղայի, չպետք է խաղայի:
Հրամայական եղանակի ժխտական ձևերը կոչվում են արգելական հրամայական:
Արգելական հրամայական կազմվում է մի եղանակիչով, որը դրվում է դրական ձևերի վրա:
Հրամայական եղանակի և՛ դրական, և՛ ժխտական ձևերը պարզ դիմավոր ձևեր են, թեև բացի բայից իրենց կազմության մեջ ունեն մի եղանակիչները, քանի որ խոնարհման ժամանակ այն մնում է անփոփոխ, խոնարհվում է միայն բայը՝ երգի՛ր-մի՛երգիր, խաղացե՛ք-մի՛ խաղացեք: