Օժանդակ բայ
Բայի այն փոփոխությունը, որով արտահայտվում են գործողության կատարման եղանակը, ժամանակը, դեմքը և թիվը, կոչվում է խոնարհում:
Որոշ ժամանակաձևերի խոնարհմանը մասնակցում է օժանդակ բայը, որը  բային վերագրում է դեմք, թիվ և ժամանակ:
  
 Օժանդակ բայը խոնարհվում է երկու ժամանակով՝ ներկա և անցյալ, ունի բոլոր դեմքերը, եզակի և հոգնակի թիվ, դրական և ժխտական ձևեր:
Ներկա ժամանակի օժանդակ բայերը գրվում են ե-ով, բացի եզակի երրորդ դեմքից, այսպես՝ եմ, ես, է, ենք, եք, են:

Ժխտական խոնարհման դեպքում չ մասնիկը դրվում է օժանդակ բայի վրա, որը բոլոր դեմքերում և թվերում հանդես է գալիս նույն ձևով, բացի եզակի երրորդ դեմքից, որը լինում է՝ չի, այսպես՝ չեմ, չես, չի, չենք, չեք, չեն:

Անցյալ ժամանակի օժանդակ բայերը գրվում են է-ով: Դրական խոնարհումը լինում է՝ էի, էիր, էր, էինք, էիք, էին, ժխտական խոնարհումը՝ չէի, չէիր, չէր, չէինք, չէիք, չէին:
 
Ուշադրություն
Դրական խոնարհման դեպքում օժանդակ բայը սովորաբար դրվում է դերբայից հետո:
Օրինակ՝ Ես սովորում եմ դպրոցում:
 
Երբեմն կարող է դրվել դերբայից առաջ:
Օրինակ՝ Ես դպրոցում եմ սովորում:
 
Ժխտական խոնարհման դեպքում օժանդակ բայը միշտ դրվում է դերբայից առաջ:
Օրինակ՝  չեմ գնում: